կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 10:45
Հասարակություն

Չհասկացանք, թե ինչ պատճառով սա կարող է իրականացվել առանց Սփյուռքի հետ խորհրդակցության․ Մուրադ Փափազյանը՝ Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման մասին

Չհասկացանք, թե ինչ պատճառով սա կարող է իրականացվել առանց Սփյուռքի հետ խորհրդակցության․ Մուրադ Փափազյանը՝ Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման մասին

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հաջողացնել, որպեսզի դրանք ծնունդ տան համահայկական ռազմավարական մի ուժ: Նա նշեց՝ դա «Դաշնակցության» քաղաքական հայեցակարգն է:

Tert.am-ը Մուրադ Փափազյանից կարծիք է վերցրել Կառավարության կողմից Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման վերաբերյալ: «Հայաստանի և Սփյուռքի միասնականությունը մեր գլխավոր ռեսուրսն է: Զորացնել սփյուռքը, զորացնել Հայաստանը, զորացնել Հայաստան-Սփյուռք իրականությունը, որպեսզի դառնա մեկ միավոր, որպեսզի վերջապես իրականություն դառնա «Դաշնակցության»՝ «մեկ ազգ, մեկ ժողովուրդ» տեսլականը: Համոզված չեմ, որ լուծարելով Սփյուռքի նախարարությունը՝ դրական նպատակի կհասնենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Սփյուռքի և Հայաստանի միջև կա երկխոսության, մտքերի փոխանակման կարիք կա, կարիք նա նաև, որ Սփյուռքի կողմից հասկանալի դառնա, թե ուր է տանում Հայաստանը Նիկոլ Փաշինյանը: Պետք է համաձայնել, որ Սփյուռքն էլ պետք է առիթ ունենա Նիկոլ Փաշինյանին ներկայացնել իր 100 տարվա պատմության ճամփորդությունը, այսօրվա և վաղվա հրամայականները, նպատակները, ռազմավարությունը»:

Նա նկատեց, որ ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված սփյուռքի նախարարը շատ չհետաքրքրվեց Սփյուռքով: «Ֆրանսիայի օրինակը շատ հետաքրքրական է: Երբ եկավ Ֆրանսիա, չդիմեց գոյություն ունեցող հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին (CCAF), որը պաշտոնապես ներկայացնում է հայկական կազմակերպությունները թե՛ ֆրանսիական, թե՛ հայկական կառավարությունների մոտ:

Արդյո՞ք նախարարի եզրահանգումների հիման վրա է Նիկոլ Փաշինյանը որոշել լուծարել Սփյուռքի նախարարությունը: Չհասկացանք որոշման իմաստը, չհասկացանք այդ որոշման առավելությունը: Չհասկացանք նաև, թե ինչ պատճառով այս որոշումը կարող է իրականացվել առանց Սփյուռքի հետ խորհրդակցության»,- ասաց նա:

Վերջինս կոչ արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ նկատի ունենա բոլոր տարբերությունները իբրև հարստություն՝ ի նպաստ ժողովրդի, երկրի և ազգի: «Այսօր համաձայնենք, որ հեղափոխությունը պետք է շարունակվի՝  երկիրը տանելով դեպի ժողովրդավարություն, այսինքն՝ դեպի բոլոր տարբերությունների նկատմամբ հարգանք և զարգացում: Չպետք է ուրախանանք, որ  ընտրություններն ավարտվեցին ստալինյան արդյունքներով: Ընդունենք նաև, որ դրական չէ երկրի համար խորհրդարանանում ընդդիմություն չունենալը: Հետհեղափոխական մթնոլորտը շատ բնական է, ինչը երկրորդեց Նիկոլ Փաշինյանի և իր դաշինքի հաղթանակը: Այս մթնոլորտի մեջ ընդդիմության գաղափարը, բնականաբար, վարկաբեկված է»,- ասաց նա։

Իսկ թե ինչու է վարկաբեկված, ըստ Մուրադ Փափազյանի, որովհետև ժողովրդի էյֆորիան է այդ արդյունքը ստեղծում: «Այդ մթնոլորտի մեջ «Դաշնակցությունը» որոշել է ստանձնել ընդդիմադիր կուսակցության դերը: «Դաշնակցությունը», այո, քաջ կուսակցություն է: Բայց այդ որոշումը փակեց իր առաջ դռները»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե «Դաշնակցությունը» լիներ, շատ ավելի դրական կլիներ Հայաստանի պատկերը միջազգային հարթակում:

«Պայքարը երկրի ժողովրդավարացման համար շատ կարևոր է ապագայի համար: Պետք է այդ պայքարը քաջությամբ շարունակել, դժբախտաբար, խորհրդարանից դուրս: Չպետք է սխալվել․ ի նպաստ Հայաստանի շահերի պետք է պայքարենք։ Պետք է ոչ միայն ընդունել, այլ նաև քաջալերել ցանկացած ընդդիմության կազմավորում, որը փաստորեն կներկայացվի «Դաշնակցության» շուրջ: Նիկոլ Փաշինյանի ջախջախիչ  հաղթանակը իրեն կտա շատ կարևոր պատասխանատվություններ, մեծ հույսեր և մտահոգություններ: 

Այսօրվա պատմական առիթը, որ ունի վարչապետը, պարտավոր է վերածել հաջողության: Երկու անգամ չի կարող լինել նման պատմական առիթ: Հետևաբար, առիթ կա կենտրոնանալ երկրի, ժողովրդի և ազգի առաջնահերթությունների շուրջ: Պետք է փայլուն ապագա ապահովենք միասին և պետք է ամբողջովին ոչնչացնել սև անցյալի սատանաները»,- ասաց նա: