կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 14:23
Տնտեսական

ՓԲԸ-ի լուծարումը չի նշանակում, որ Իրանի հետ չեն բանակցելու երկաթուղային կապի համար. նախարար

ՓԲԸ-ի լուծարումը չի նշանակում, որ Իրանի հետ չեն բանակցելու երկաթուղային կապի համար. նախարար

Այսօր կառավարությունը հաստատեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշումը: Ընկերությունը ստեղծվել էր տարիներ առաջ ի թիվս ոլորտի  այլ խնդիրների, նաև  Իրանի հետ երկաթուղային կապն իրականություն դարձնելու նպատակով: Սակայն Իրանի հետ երկաթուղային կապը դեռ մնում է ապագայի ցանկալի պլանների շարքում և չի իրականացել, իսկ ընկերությունը լուծարվել է:

Կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ընկերության լուծարումը նշանակում է, որ Իրանի հետ երկաթուղային կապն այդպես էլ իրականություն չի դառնա: Նախարարը պատասխանեց. «Ոչ, այդպես չի նշանակում: Այդ ընկերությունը փակվում է միայն օպտիմալացման պահանջով: Նախարարությունում գործում է երկաթուղու վարչություն, որը կարող է զբաղվել Իրանի հետ երկաթուղային կապի հարցերով»:

Մարտիրոսյանը հավելեց, որ Իրանի հետ երկաթուղային կապի հեռանկարը միայն քննարկումների փուլում է, սակայն նախարարությունն ամեն ինչ անում է, որ գտնվեն ներդրողներ, և ծրագիրն իրականություն դառնա: «Բոլորս ենք հասկանում, որ դա հեշտ ծրագիր չէ, մեծ ծրագիր է, և դրա իրականացման համար ժամանակ է պահանջվում»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ինչքանո՞վ է Հայաստանը գրավիչ ներդրողների համար, որ նրանք ֆինանսնավորեն Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, նախարարը նշեց, որ Հայաստանն այդ առումով գրավիչ է, քանի որ այն Իրանի հետ կապող  ամենակարճ տարանցիկ ճանապարհն է: Նա մտավախություն չունի, որ այլ երկրներ առաջ կանցնեն Հայաստանից Իրանի հետ երկաթուղային կապը ստեղծելու առումով, և Իրանի համար անիմաստ կլինի Հայաստանի հետ երկաթուղային կապը: