Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը ՀՅԴ անդամ, թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված Արթուր Եղիազարյանն ասաց՝ այն պնդումները, թե որևէ քաղաքական ուժ չի կարող մեր երկրում իրավիճակ փոխել, տարածում են ստանում հենց այն ուժերի կողմից, որոնք չեն ուզում ինչ-որ բան փոխել:
«Մենք 20-25 տարիների ընթացքում տեսել ենք, որ իսկապես որևէ բան չի փոխվել, բայց հիմա արդեն փոխվելու ժամանակն է, մենք պետք է մեր մոտեցումները վերանայենք: Դրա համար այդ հնարավորությունը տրվեց, սահմանադրական փոփոխությունները նոր իրավիճակ առաջացրեցին մեր երկրում»,- ասաց Եղիազարյանը: Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որը կոնկրետ ծրագրեր է ներկայացնում և անձի կուսակցություն չէ: «Այս ընտրություններին մի հանգամանքի պետք է ուշադրություն դարձվի, պետք է ընտրել ոչ թե լավ մարդու, այլ պետք է ընտրել այն ուժին, որը գործ է անում: Ցավոք սրտի, Հայաստանում վարկաբեկվել են նաև կուսակցությունները, շատ խմբավորումներ կան, որոնք կուսակցության անվան տակ են հանդես գալիս, բայց ոչ մի առումով առնչություն չունեն կուսակցության հետ: Կան որոշակի ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդիկ, որոնք իրենց շուրջ են համախմբում մարդկանց և անունը դնում «կուսակցություն»»,- նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ շատերը կարող են նաև հիասթափված լինել, չհավատալ, թե իրենց ձայնը կարող է որևէ բան փոխել: «Շատերն ասում են, որ մեկ ձայնը բան չի որոշելու, բայց, ցավոք, այդպես ասողները հազարներ են դառնում և դա դառնում է որոշիչ: Ծովը կաթիլ չէ, բայց ծովը կազմված է կաթիլներից, հետևաբար եթե յուրաքանչյուրս լինենք ճիշտ քվեարկող, ճիշտ որոշում կայացնող, իրավիճակ կփոխվի»,- ասաց նա: Եղիազարյանի խոսքով՝ հեշտ է պոպուլիզմով զբաղվել և մեծ-մեծ խոստումներ տալ, սակայն, բավական է համեմատել Դաշնակցության և քաղաքական մյուս ուժերի ծրագրերը և պարզ կդառնա՝ ով է գործ անում: «Մարդիկ խոստանում են, որ մեկ ամիս հետո իրականացնելու են այնպիսի ծրագրեր, որոնք այսօրվա մեր հնարավորությունները գերազանցող միջոցներ են պահանջում: Սա է ամենամեծ արհամարհանքը ժողովրդի նկատմամբ»,- եզրափակեց Արթուր Եղիազարյանը: