Տեղեկացրել էինք, որ 2015-ին մեկնարկած «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքներն արդեն 6-7 ամիս է, ինչ դադարեցվել են: Պատճառը շենքի 3-րդ հարկն է, որը թեև նախատեսված էր կենտրոնի նախագծով, սակայն, չգիտես` ինչու, այն չկառուցելու և երկու հարկով բավարարվելու խոսակցություններ էին սկսվել: 2017-ի տարեվերջին
Yerkir.am-ն անդրադարձել էր այն հարցին, որ ՀՀ կառավարությունը կարծես մտափոխվել է և որոշել թանգարանը կառուցել, ինչպես նախատեսված էր նախագծով:
«Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ»-ի տնօրեն, մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը
Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ շենքն իրականում այս պահին
ոչ մի հաշվեկշռում չկա, թեև կառավարությունն արդեն իսկ 1 մլն դոլարի ներդրում է արել: 2019-ի բյուջեով շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար որևէ տող չկա: Մաթևոսյանի խոսքով` պատկան մարմինները «չլոցի» են խաղում` հարցի լուծման համար գնդակն իրար դաշտ փոխանցելով:
2019-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունում բարձրաձայնվել է կենտրոնի վերնահարկի կառուցման անհրաժեշտությունը, սակայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով հարցն այդպես էլ չի ներառվել 2019թ. պետբյուջեում:
Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ
Աստղիկ Մարաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հրանտ Մաթևոսյան» թանգարան-կենտրոնը հաշվառված չէ նախարարության հաշվեկշռում, պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, ուստի հենց քաղշինն էլ պետք է հայտ ներկայացներ, որպեսզի կենտրոնի շինարարության համար նախատեսված գումար հատկացվեր պետբյուջեով:
Այս տարիների ընթացքում, Մարաբյանի խոսքով, նախարարությունն իր լիազորությունների շրջանակում հարցին դրական լուծում տալու համար փորձել է անել առավելագույնը` բանակցելով թե՛ կառավարության, թե՛ ֆինանսների նախարարության, թե՛ քաղշինի հետ:
«Այո, այս պահին դադարեցված են շինարարական աշխատանքները, քանի որ երրորդ հարկի կառուցման հետ կապված պատրաստվել էր նախահաշվային փաթեթը, բայց այն փորձաքննություն չէր անցել: Ֆինանսների նախարարությունից մեզ եկած գրության համապատասխան` բյուջեում կենտրոնի շինարարության հարցը կարող է ներառվել նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի առկայության պարագայում, ինչի համար էլ մենք արդեն դիմել և ստացել դրական պատասխան»,- ասաց Մարաբյանը:
Մեր հարցին, թե կանխավ հնարավո՞ր չէր նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ուղարկել փորձաքննության, որպեսզի բյուջեի քննարկմանն արդեն իսկ բարձրացվեր կենտրոնին գումար հատկացնելու հարցը, Մարաբյանը պատասխանեց, որ իրենք նամակով դիմել են քաղաքաշինության կոմիտեին, որպեսզի հարցին համապատասխան լուծում տրվի, և քաղշինն առաջարկ ներկայացնի հարցը 2019-ի բյուջեի նախագծում ներառելու համար: «Մենք մեր լիազորությունների շրջանակում կարող էինք հարցը ներկայացնել բյուջեի քննարկմանը, եթե այդ կենտրոնը հաշվառված լիներ մշակույթի նախարարության հաշվեկշռում: Իսկ այս պարագայում քաղաքաշինության կոմիտեն պետք է վերջնական որոշում կայացներ: Մենք միտված ենք, որպեսզի կենտրոնն իր գործունեությունը սկսի: Մեր առաջնահերթությունների մեջ է մտնում նաև «Հրանտ Մաթևոսյան թանգարան-կենտրոնի» շենքի կառուցումն ավարտին հասցնելը»,- նշեց Մարաբյանը:
Մեր դիտարկմանը, թե այսինքն` այնպես չէ, որ սա վերաբերմունք է գրողի կամ մշակույթի կենտրոնների նկատմամբ, նա պատասխանեց, որ, ոչ, ընդամենը հարցին կառուցողական լուծում տալու խնդիր էր: «Նախարարությունը, բնականաբար, շատ բարձր է գնահատում Մաթևոսյանի ժառանգությունն ու գործունեությունը, ինչպես նաև մեր մյուս գրողներին և մշակույթի գործիչներին: Այնպես որ` այլ կարծիք լինել չի կարող: Մշակույթի նախարարությունը կառուցողական է տրամադրված, և փորձում ենք հարցը կարգավորել: Այս պահին էլ քննարկումներ են գնում»,- ասաց Մարաբյանը:
Նրա խոսքով` իրենք դիմել են Դավիթ Մաթևոսյանին` կենտրոնի հայեցակարգը ներկայացնելու համար:
Դավիթ Մաթևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մշակույթի նախարարության պարտականությունը եղել և լինելու է շենքի կառուցման և շահագործման գործընթացն այս կամ այն կերպ վերահսկելն ու գործընթացն առաջ տանելը, իսկ քաղաքաշինության կոմիտեն պարտավոր է կառավարության առջև շենքի կառուցումն ավարտին հասցնելու հարցը բարձրացնել: Երկու դեպքում էլ, ըստ Մաթևոսյանի, թերացումներ կան:
«Երբ թանգարանը պետք է նախագծվեր` 2005-ին, մեզ առաջարկվեց կառավարությանը հայեցակարգ ներկայացնել, որով մենք համապատասխան մասնագետների` թանգարանագետների, մշակութային կրթության մասնագետների և մշակույթի կառավարիչների խորհրդատվությամբ ձևավորեցինք մոտավոր մինիմալ պատկերացումը թանգարանի ներքին մակերեսի վերաբերյալ, որը պետք է բավարարեր մշակութային կենտրոն-թանգարանի գործառույթների ապահովմանը: Երբ այդ չափորոշիչները տվեցինք, շենքը նախագծվեց` մեկ նկուղային հարկ և երեք վերգետնյա հարկ` ներքին մակերեսով: Հետագայում ինչ-ինչ նկատառումներով քաղշին կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանը, նախագիծը ներկայացնելով Սերժ Սարգսյանին, իր զեկույցից հեռացրեց 3-րդ հարկը` պատճառաբանելով, որ ծախսերի և շենքի ծավալը կարող են նախագահի սրտով չլինել»,- ասաց Մաթևոսյանը:
Նրա խոսքով` այնուհետև իր և Նարեկ Սարգսյանի մասնավոր խոսակցության ժամանակ Սարգսյանն ասել է, որ նախագահին ուղղակի է այդպես ասել, և դա զուտ մարտավարական քայլ է, և հետագայում 3-րդ հարկը կվերականգնվի` ասելով, որ ներքին մակերեսը փոքր է և չի բավարարում ցուցադրության և կրթական գործընթացների կազմակերպման համար: Ինչն էլ, ըստ Մաթևոսյանի, տեղի ունեցավ 2017-ի ձմռանը: «Մենք դիմեցինք նախագահին, նախագահի տիկնոջ հետ հանդիպեցինք, որից հետո քաղշինը որոշեց 3-րդ հարկը նույնպես կառուցել, և ինձ տեղեկացրեցին, որ քաղշինն ունի մոտ 40 մլն դրամ, իսկ 3-րդ հարկի շինարարության համար ևս 15 մլն էր պահանջվում: Դեռ չենք խոսում, որ շենքը դեռ կահավորված չէ տակավին, ինչպես նաև արտաքին ձևավորման հարցերը մնում են չլուծված, իսկ մենք ուզում ենք միջավայր ստեղծել` բուսաբանական այգով: Այս պահին ես աշխատում եմ դիզայներների և թանգարանագետների հետ` ստանալու համար այն մոտավոր նախահաշիվը, որ ցուցադրության և կահավորման համար անհրաժեշտ կլինի մեզ: Այնուհետև հայեցակարգը կներկայացնեմ, բայց դա ժամանակի հարց է»:
Մաթևոսյանի խոսքով` թե այս ամբողջ պատմության մեջ որտեղ է սկսվում նոմենկլատուրային անտարբերությունն ու քաշքշուկը, և ինչու է այս ամենը վերաձևակերպվում անտարբեր ու անմիտ գրությունների, «չլոցիների», դժվար է ասել:
«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, քանի որ ընդամենը մի փոքր հարց է, որը դարձել է պատմություն: Ինձ մի բան է հետաքրքրում` ինչո՞ւ այս 7 ամիսների ընթացքում ոչ մի գերատեսչություն հարցը չի ներկայացրել կառավարությանը: Եթե գրողի հանդեպ է վերաբերմունքը, քավ լիցի, թող ինչ-որ մեկը պաշտոնապես հայտարարի, թե` ժողովո'ւրդ, մշակույթը մեր համար բեռ է դարձել, կամ Հրանտ Մաթևոսյանն այն գրողը չէ, որի համար Երևանում պետք է ինչ-որ բան կառուցվի, մենք էլ կիմանանք մեր անելիքը»,- ասաց Մաթևոսյանը:
Yerkir.am-ն առաջիկայում կներկայացնի նաև քաղաքաշինության կոմիտեի տեսակետը:
Կարինե Հարությունյան