Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի հունիսի կեսին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ունեցող վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանը լեհական Polska Times-ին ներկայացրեց իր կանխատեսումները` 2020 թվականից հետո Ռուսաստանը կփլուզվի, իսկ լուսավոր ապագան երաշխավորված կլինի «համաշխարհային երկրորդ էշելոնի» մի շարք երկրների համար: Դրանց թվում նա առանձնահատուկ նշել էր Թուրքիան` այն անվանելով «քաղաքական չեմպիոն». ըստ yerkir.am-ի` գրում է Regnum-ը:
«Եթե վերանանք «ինքնակատարվող գուշակությունների» քարոզչական հնարքներից և աղբյուրին լուրջ վերաբերվենք, ապա ի՞նչ հիմքեր ուներ այդ գերտեղեկացված ամերիկյան կանխագուշակողը իր եզրակացություններն անելիս: Թուրքիայի ներկայիս դրությունն ամենևին թույլ չի տալիս նրան դասել բարձր լիգայի համաշխարհային խաղացողների շարքը: Թուրքական Հանրապետությունը ցնցվում է ներքաղաքական հիմնախնդիրներից: Նախագահ Էրդողանին նախևառաջ չի հաջողվում մարել սեփական տարածքում` քրդական շրջաններում, տարիներ ձգվող ռազմական հակամարտությունը և կանգնեցել իր հեղինակության անկումը քաղաքային աշխարհիկ բնակչության շրջանում: Էրդողանն այդ ներքաղաքական խնդիրները լուծում է` փորձելով խաղալ երկրի սահմաններից դուրս: Նա ակտիվորեն ներքաշվել է Սիրիայի և Լիբիայի ռազմաքաղաքական թնջուկներում: Ակնհայտ է, որ Թուրքիայի մասնակցությունն այդ արտաքին հակամարտություններին հիմնավորվում է նախևառաջ ներքաղաքական մարտահրավերին ի պատասխան մարտավարական ռեֆլեքսներով:
Այլ բան է Թուրքիայի կողմից Վրաստանի հիբրիդային օկուպացիան: Անշարք գույքի և առևտրի մեջ թուրքական հսկայական ներդրումները, նաև Աջարիայի առողջարանային-զբոսաշրջային բնագավառի փաստացի զավթումը ռազմավարական խաղեր են: Իսկ այդ գործողությունների հիբրիդային բնույթը հաստատվում է Վրաստանի տարածքում թուրքամետ իսլամական բջիջների ցանցի ակտիվացմամբ: Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության համար առանձնահատուկ ազդանշան պետք է լինի ույղուրական իսլամական բջիջը Գորիում` ՌԴ սահմանի անմիջական հարևանությամբ»,- գրում է Regnum-ի վերլուծաբանը:
Ըստ նրա` չի բացառվում, որ ներքաղաքական ճգնաժամի ճնշման տակ ընկած Էրդողանը գտել է դրա լուծման բանալին` ոտքով բացել համաշխարհային քաղաքական ծանրակշիռ խաղացողների ակումբի դուռը: Դրա համար բավական է չներքաշվել աշխարհի ուժեղների ստեղծած հիմնախնդիրների մեջ, այլ ստեղծել սեփականը:
«Դեռևս 2017-ին Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հայտարարեց, որ թուրք-ադրբեջանական համագործակցության բանաձև պետք է հնչի այսպես` «Մեկ ազգ, մեկ բանակ»: Դա ամենևին չի նշանակում Թուրքիայի տեսական պատրաստակամություն իր ռազմավարական դաշնակցի կողմից ներքաշվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Սակայն չի բացառվում, որ Ղարաբաղը, որպես Ադրբեջանի տարածքում հայկական անկլավ, արդեն նպատակ չէ, այլ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առիթ: Այդ մտահոգությունները ամրապնդում են 2020-ի մարտին Նախիջևանում անցկացված` ադրբեջանական բանակի զորավարժությունները:
«Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ 17-րդ անգամ պատերազմի մեջ մտնել` այն ներսից մասնատելու նպատակով»,- 2020-ի փետրվարին հայտարարել է Թուրքիայի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով նախագահական հանձնաժողովի անդամ, Էրդողանի խորհրդական Մեսութ Հաքքին A Haber հեռուստաալիքի եթերում: Նա հիշեցրել է, որ ՌԴ տարածքում բնակվում է մոտ 25 մլն մուսուլման, որոնք, նրա խոսքով, «երկիրը ներսից կմասնատեն»: Էրդողանի խորհրդականը ընդգծել է, որ «Թուրքիայի վրեժը սարսափելի կլինի»: Այդպիսին էր Թուրքիայի արձագանքը թուրք զինծառայողների վրա սիրիական ռազմաօդային ուժերի հարձակմանը»,- նշում է վերլուծաբանը:
Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանի համար տարածքաշրջանային հասունացած հակամարտությունը համաշխարհային-ռազմավարականի վերածելու հեռանկարը ռիսկային է և հակասում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հավասարակշիռ հարաբերություններին: Այնուամենյանիվ, 2020-ի մայիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերից կրակ բացեցին Հայաստանի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ:
«Դա կարելի է համարել Թուրքիայի բաց հայտարարություն տարածաշրջանում իր ռազմավարական շահերի մասին, որոնք նա կարող է իրականացնել Ադրբեջանի ձեռքով: Հայկական տարածքի հրետակոծումը ծանր զինատեսակներից թուրք-ադրբեջանական ամենամյա համատեղ զորավարժությունների տրամաբանական անցումն է տարածքային բաց ագրեսիայի փուլի:
Եվ ահա, Ադրբեջանի ԶՈւ գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն, մայիսի 18-22-ը Ադրբեջանում կանցկացվեն իրենց լայնամասշտաբությամբ աննախադեպ զորավարժություններ: Դրանց կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, 1200 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի` մինչև 200 հրթիռա-հրետանային կայանքներ, ականանետներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր բանակային և ճակատային ավիացիա, նաև անօդաչուներ: Համեմատության համար` Եվրոպայում ՆԱՏՕ-ի անցկացրած համաբանակային Defender Europe 2020 զորավարժություններում, որոնք ամենամեծն էին Վարշավայի պայմանագրի փլուզումից հետո, մասնակցել է 20 հազար զինծառայող»,- գրում է Regnum-ի վերլուծաբանը և հարցնում` ի՞նչն է պաշտոնական Բաքվին մղում ցուցադրել իր ռազմական հզորությունը:
Ըստ նրա` վերը նշված Վարշավայի պայմանագրի ժամանակներից հակառակորդի ցանկացած լայնամասշտաբ զորավարժություն դիտարկվում էր որպես հավանական ագրեսիայի առաջին փուլ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում առանց նախապես այդ մասին հայտարարելու: Հարձակողական սպառազինության կիրառումն էլ ոչ երկիմաստ ցուցադրում է, որ դրանք պաշտպանական բնույթ չունեն: Ընդ որում` Բաքուն նաև հասկացնում է, որ նման դեպքերում հայկական ուժերի պատասխան մոբիլիզացիան կարող է որակել որպես պատերազմի առիթ:
«Հավանական պատասխանը, թե ով է «հարձակվողական սցենարի» իրական հեղինակը, պարունակում է Թուրքիայի նախագահի` մայիսի 15-ի հեռուստաելույթը, որում Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության և արտաքին թշնամիների դեմ` հայկական և հունական լոբբիի սատանայական ուժերից մինչև Պարսից ծոցի թշնամիները»:
Ադրբեջանի միջոցով գործելով` Թուրքիան կարող է ռազմաքաղաքական այդ սցենարի մեջ ներքաշել նաև Ռուսաստանին և ՀԱՊԿ մյուս երկրներին: ՌԴ ղեկավարության համար դա կլինի հերթական երկընտրանքը` օգնել չի կարելի հեռու մնալ: Եվ նոր իրականության մեջ այդ արտահայտության մեջ ստորակետի տեղից ավելի շատ բան կախված կլինի, քան «մերոնց չենք գցում» համբավից»,- եզրափակում է Regnum-ի վերլուծաբանը: