կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 16:13
Հասարակություն

Թնջուկ. Մագիլի քարանձավ

Թնջուկ. Մագիլի քարանձավ

Դեռեւս 2013 դեկտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկություն տարածեց, որ հայտարարում է բաց մրցույթ` կապված Վայոց ձորի մարզի Մագիլի քարանձավի վարձակալության հետ: Հայտարարությունից հետո արդեն մեկ ամիս է, ինչ կրքերը չեն հանդարտվում, նույնիսկ ստեղծվել են բնապահպանների, հուշարձանագետների եւ քարանձավագետների «բանակներ», որոնք միմյանց դեմ են դուրս եկել եւ տարբեր լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում փորձում են իրենց կարծիքը առաջ տանել եւ ապացուցել իրենց գիտելիքները:

 

Ի դեպ, լսելով բոլորի փաստարկները, հասկանում ես, որ Մագիլի քարանձավը, լինելով պատմամշակույթային, նաեւ բնության հուշարձան, չի կարելի օտարել, ավելին` վարձակալության տալ ինչ-որ X կազմակերպության, որպեսզի այն իրականացնի իր մանկության երազանքը, որը տեսել է դրսում, այսինքն` արտերկրում:

 

Այս հոդվածում ես կանդրադառնամ ՀՀ մշակույթի նախարարության տարածած հայտարարության, համապատասխան ՀՀ օրենքի եւ կառավարության որոշումների, մի քանի պետական փաստաթղթերի եւ այդ նույն հայտարարությունում տեղադրված երեք հավելվածների անհամատեղելիությանը:

 

ՀՀ մշակույթի նախարարության տարածած հայտարարության մեջ նախ նշված չէ, թե ՀՀ ո՞ր օրենքի եւ կարգի համաձայն է հայտարարում մրցույթը, եւ եթե կա այդպիսի կարգ, ապա մշակույթի ոլորտը համակարգող գերատեսչությունը պետք է պարզաբաներ կամ գոնե նշեր այն:

 

ՀՀ կառավարության` 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման` «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին», 105 կետը սահմանում է. «Հուշարձանների օգտագործման բնագավառի օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները՝ իրենց զբաղեցրած տարածքով, և դրանց պահպանական գոտիները»։

 

Արդյո՞ք այս օրերին քննարկման առարկա դարձած Մագիլի քարանձավն ունի պահպանական գոտի, թե՞ ոչ, եթե ունի, ապա ինչքա՞ն է պահպանական գոտու տարածքը, որտեղի՞ց է սկսվում եւ որտեղ ավարտվում: Ուսումնասիրելով որոշ փաստաթղթեր եւ քարտեզներ` պարզեցինք, որ պահպանական գոտի իրականում գոյություն չունի, իսկ եթե այն չկա, ապա, ըստ համապատասխան կարգի, այն չեն կարող տալ շահագործման:

 

Ներկա պահին Մագիլի քարանձավը գտնվում է «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում, իսկ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի (11 նոյեմբեր 1998 թ.) 35-րդ հոդվածը՝ «Պետական սեփականություն համարվող հուշարձանները», հստակ սահմանում է. «Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները եւ հողատարածքները չեն տարանջատվում եւ օտարվում»:

 

Այսինքն` սեւով սպիտակին գրված է, որ չի կարելի տարանջատել մի հատված եւ առանձին օգտագործել: Օրենքում անգամ նշված է, որ միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կարելի է քարանձավը առանձին շահագործման հանձնել, որովհետեւ գործադիր մարմնի, այլ ոչ թե մշակույթի նախարարի որոշմամբ է Մագիլի քարանձավն ընդգրկվել բնապատմական արգելոցի տարածքում: Վերոհիշյալ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` զբոսաշրջության, գովազդային եւ այլ նպատակներով հուշարձանն օգտագործելու դեպքում պայմանագիր է կնքվում սեփականատիրոջ հետ, իսկ հուշարձանի օգտագործման կարգը եւ պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Այստեղ նույնպես հարց է առաջանում` արդյո՞ք գործադիրը կայացրել է նման որոշում, իհարկե` ոչ: Իսկ եթե այն լիներ, ապա տեղադրված կլիներ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության կողմից հայտարարված մրցույթին, նշենք մի շարք հակասություններ:

 

Մրցույթի հայտում նշված է. «Երկու տարվա ընթացքում կկատարի ուսումնասիրություն եւ սահմանված կարգով պետական լիազորված մարմնին կներկայացնի հուշարձանի օգտագործման ծրագիր (առաջին կետում նշված պահանջների եւ պայմանների համաձայն) եւ համաձայնեցում ստանալուց հետո այն կշահագործի»: Իսկ նույն հայտին կցված հավելված 3-ում, որը քարանձավը վարձակալության հանձնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվելիք փաստաթղթերի ցանկն է, նշված է (1. կետի՝ ա/ ենթակետում). «Քարանձավի բնակլիմայական պայմանների եւ էկոհամակարգի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու դրանց պահպանությանն ուղղված միջոցառումները»:

 

Հարցադրում լիազոր մարմնին, տվյալ դեպքում` ՀՀ մշակույթի նախարարությանը`

1. Ինչպիսի՞ն է հուշարձանի օգտագործման պայմանակարգը, եւ արդյո՞ք նախարարությունը սահմանել է այդ կարգը:

2. Եթե` այո, ապա այն ի՞նչ է նախատեսում:

 

Հասկանալի է, որ այս հարցադրումները ընթերցելուց հետո ՀՀ մշակույթի նախարարությունը երկար կմտածի եւ կհասկանա, որ չի կարող պատասխանել, քանի որ նման պայմանակարգ դեռեւս սահմանված չէ: ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է վարձակալության տալ պատմամշակույթային հուշարձան (քարանձավ), սակայն նույն նախարարության համապատասխան մասնագետները չեն ցանկանում այդ գործընթացն իրականացնել օրենքի տառին համապատասխան: Եթե որոշել եք վարձակալության տալ քարանձավը, ապա ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի որոշման 112-րդ հոդվածում նշված է. «Վարձակալական պայմանագրերին կցվում են՝ ա) հուշարձանների տեխնիկական վիճակի մասին ակտը. բ) հուշարձանում կամ դրա պահպանական գոտում գտնվող պատմական, գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող շարժական հուշարձանների եւ առարկաների ցուցակը՝ նշելով դրանց պահպանման ու օգտագործման պայմանները»:

 

Մագիլի քարանձավի տեխնիկական վիճակի մասին համապատասխան ակտի մասով նախարարությունը մինչ օրս դեռ աշխատանքներ չի իրականացնել, իսկ եթե կատարել է, ապա մինչ նման հայտարարություն տարածելն այն պետք է ներկայացներ, քանի որ դա կարեւոր փաստաթուղթ է:

 

Ուսումնասիրելով մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են Մագիլի քարանձավին, մի հետաքրքիր փաստ հայտնաբերեցինք: Նախ` մրցույթային հայտի հավելված 1-ում Մագիլի քարանձավի հասցեն (գտնվելու վայրը)` տարածագնահատման գոտու առումով, նշված է`  «ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի գյուղ», որը նաեւ ամրագրված է ՀՀ կառավարության (15 մարտի 2007 թ.) N 385-Ն որոշման՝ «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ» պետական ցուցակի հավելված -11-ում: Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Մագիլի քարանձավին տրված սեփականության վկայականում (5 մայիսի 2008թ.), ի դեպ, սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որպես հուշարձանի գտնվելու վայր եւ հասցե նշված է` «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնք»։

 

Փաստաթղթերից մեկում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի գրությունն է` ուղղված Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին, որում տիկին Կիրակոսյանը տեղեկացնում է, որ պետք է իրականացնել Մագիլի քարանձավի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, նաեւ հիշեցնում, որ պետական գրանցման համար անհրաժեշտ փաթեթը գտնվում է կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման արխիվային գործում: Թե ինչո՞ւ է միայն Մագիլի քարանձավի հարցով շահագրգռված եղել տիկին Կիրակոսյանը, երբ ՀՀ տարածքում հաշվառված են ավելի քան 19 հազար պատմամշակույթային հուշարձաններ, եւ սեփականության վկայական է ստանում միայն վերոհիշյալ քարանձավը, անհասկանալի է: Կամ` եթե պատմամշակութային հուշարձան համարվող որեւէ այլ քարանձավ այսօր ունի սեփականության վկայական, թող լիազոր մարմինը դա ներկայացնի հանրությանը:


Գալուստ ՆԱՆՅԱՆ

Շարունակելի