կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 13:31
Քաղաքական

Պարգևավճարային անհասկանալի թնջուկ՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում

Պարգևավճարային անհասկանալի թնջուկ՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում

Դեռևս հուլիսին Yerkir.am-ն անդրադարձել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների բողոքի ակցիային՝ հենց վարչական շրջանի շենքի դիմաց։ Բողոքող աշխատակիցները պնդում էին, որ եռամսյակը մեկ տրվող պարգեւավճարներն այս անգամ իրենց բաժին չեն հասել, փոխարենը վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ստացել է 150 տոկոսի չափով պարգեւավճար։ Իսկ արաբկիրցիների հաղորդմամբ` վարչական շրջանում աշխատանքի են անցել նաեւ Ա. Դանիելյանի հեռավոր ազգականները, որոնց էլ բաժին են հասել ամենաբարձր պարգևավճարները։

Yerkir.am-ը հարցումով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե որքա՞ն պարգևավճար է ստացել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում (ներառյալ՝ վարչական շրջանի ղեկավարը), նշված գումարից քանի՞ աշխատակից է պարգևատրվել, քանի՞սը՝ ոչ, ինչպես նաեւ՝ որքա՞ն պարգևավճար է ստացել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը նույն ժամանակահատվածում՝ ըստ ամիսների։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ստացանք հետեւյալ գրությունը. «Ի կատարումն Երեւանի քաղաքապետի 21.07.2020թ. հ. 20/71607 հանձնարարականի՝ տեղեկացնում ենք, որ 2020թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի /ներառյալ վարչական շրջանի ղեկավարի/ պարգեւավճարի ֆոնդի 30%-ը փոխանցվել է համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, իսկ մնացած գումարից վարչական շրջանի թվով 149 աշխատակիցներ առձեռն խրախուսվել են 17000.3 հազար ՀՀ դրամ գումարի չափով, որից 1522.4 հազար ՀՀ դրամը տրվել է թվով 75 կին աշխատակիցների՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, յուրաքանչյուրին 20.0 հազար ՀՀ դրամ, իսկ մնացած 15477.9 հազար ՀՀ դրամը ուղղվել է աշխատակիցների 1-ին եռամսյակի պարգեւատրմանը, ինչպես նաեւ 5853.6 հազար ՀՀ դրամ գումարի չափով կատարվել են վճարումներ հարկային պարտավորությունների մասով:

Վարչական շրջանի բոլոր աշխատակիցները պարգեւավճար ստացել են։ Երեւանի քաղաքապետի որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարգեւատրվել է 420.2 հազար ՀՀ դրամ գումարի չափով /առձեռն/՝ ամսական 210.1 հազար ՀՀ դրամ:

Ընդհանուր առմամբ ըստ հաստիքացուցակի, պահակից մինչեւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, առձեռն պագեւատրումը կազմել է մոտ 69.0 ՀՀ դրամից - 170.0 հազար ՀՀ դրամ գումար»:

Ստացված խրթին պատասխանից ենթադրելի է, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը իր վերադասի՝ Հայկ Մարությանի կողմից ստացել է 420.2 հազար ՀՀ դրամ պարգևավճար։ Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչպես է ամսական 210.1 հազար ՀՀ դրամ պարգևավճար ստացած Արամ Դանիելյանը վեց ամսում ստացել 420.2 հազար: Հավանաբար, մաթեմատիկական մոդեռն հաշվարկներ են կիրառվում Երևանի քաղաքապետարանում:

«Գործին նվիրյալ» և խրախուսված Ա. Դանիելյանը աշխատակիցների բողոքի ցույցի օրը լրագրողների հետ ճեպազրույցում իր ստացած պարգևավճարը հիմնավորեց որպես լավ աշխատանքի արդյունք և, փորձելով պարգևավճարների անհամաչափ բաշխման խնդրից շեղել մարդկանց ուշադրությունը, հայտարարեց, որ, չնայած աշխատակիցներից շատերը պարգեւավճար չեն ստացել, այդուհանդերձ, համավարակի շրջանում աշխատակիցները, տանը նստած, իրենց հասանելիք աշխատավարձերը ստացել են 100 տոկոսի չափով: Հետաքրքրական է, որ քաղաքապետարանի պատասխան նամակում նշված տեղեկությունն առ այն, որ վարչական շրջանի բոլոր աշխատակիցները պարգեւավճար ստացել են, ամենևին չի համապատասխանում Արամ Դանիելյանի վերոնշյալ հայտարարությանը:

Հիշեցնենք, որ հիշատակված ճեպազրույցում, երբ վարչական շրջանի՝ «աշխատանքին նվիրյալ» ղեկավարը անդրադառնում էր խնամի-ծանոթ-բարեկամներին վարչական շրջանում աշխատանքի տեղավորելուն, շեշտեց, որ մոտ 160 աշխատակից ունեցող հիմնարկությունում կարելի է մեկ բարեկամ ունենալ՝ աներձագի տեսքով։ Ուշագրավ է, որ քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան նամակում նշվում է, որ վարչական շրջանի՝ թվով 149 աշխատակիցներ առձեռն խրախուսվել են 17000.3 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Այսինքն՝ առնվազն այս դեպքում ոչ բոլորն են պարգևավճարներ ստացել: Ինչ վերաբերում է նամակում նշված այն տեղեկությանը, ըստ որի՝ 15477.9 հազար ՀՀ դրամը ուղղվել է աշխատակիցների 1-ին եռամսյակի պարգեւատրմանը, ապա այստեղ էլ չի հստակեցվում, թե այս գումարն արդյո՞ք բաշխվել է բոլոր աշխատակիցների միջև, թե՞ էլի «յուրայինների» գործոնն է աշխատել: 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ