կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 12:47
Մշակույթ

«Թավրիզից ստալինյան ԳՈՒԼԱԳ. ընդհատված պատմություն» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է

«Թավրիզից ստալինյան ԳՈՒԼԱԳ. ընդհատված պատմություն» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանավոր պատմության կենտրոնը լույս է ընծայել Ռուբինա Փիրումյան-Մինասյանի և Բաղդիկ Մինասյանի հեղինակած «Հիշողության ազգագրություն» շարքի 8-րդ գիրքը:

«Թավրիզից ստալինյան ԳՈՒԼԱԳ. ընդհատված պատմություն» վերնագրով գիրքը հայերենի վերածված և որոշ չափով ընդլայնված տարբերակն է Ռուբինա Փիրումյանի՝ 2017 թ. լույս ընծայած My father, A man of Courage and Perseferance, A Survivor of Stalin's GULAG աշխատության:

Հեղինակը նկարագրում է հոր՝ Բաղդիկ Մինասյանի կյանքը՝ մանկությունից մինչև Չեկայի կողմից նրա առևանգումը Թավրիզից, աքսորը, ներումը և վերադարձը Իրան: Գրքի երկու գլուխներում բերված են համահեղինակ Բաղդիկ Մինասյանի անավարտ հուշերը, որոնք, անգլերենի վերածված, ընդգրկված էին անգլերեն բնագրում: Փիրումյանը շարունակում է պատումը՝ փորձելով լրացնել հոր անավարտ հուշերը, ապա ներկայացնում է երկու տասնամյակի հոր ճիգն ու ջանքը, ի հեճուկս մեծ դժվարությունների, իր երբեմնի տեղն ու դիրքը հաստատելու ընտանիքում, համայնքում և հայ քաղաքական ասպարեզում: Աշխատությունը հուշագրությունից ավելի, յուրահատուկ հայացքով դիտված, հետազոտություն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակի և հետագա դեպքերի ու երևույթների և մանավանդ՝ ստալինյան պատժամիջոցների համակարգի մասին բանավոր պատմություն է՝ ընդհատված պատմության վերակազմության փորձ:

Գիրքը նախատեսվում է ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանով, բանավոր պատմությամբ ու հիշողության ուսումնասիրություններով զբաղվող սոցիալական տարբեր գիտաճյուղերի մասնագետների, ինչպես նաև այդ հարցերով հետաքրքրվողների լայն շրջանակի համար: