Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ասենք, որ հայաստանյան հեռուստաեթերն առնչություն չունի հայության հետ, ապա մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, քանի որ հեռարձակման լեզուն, թեկուզ եւ հաճախ աղավաղվող, այնուամենայնիվ հայերենն է:
Իսկ ընդհանուր առմամբ ամբողջ եթերը ոչ միայն չի ծառայում ազգային, հոգեւոր կամ առօրյա խնդիրներին, այլեւ հաճախ կատարում է ճիշտ հակառակ դերակատարություն. քրեածին կամ լատինաամերիկյան բովանդակությամբ հեռուստասերիալներ, դեռահաս լսարանին հասցեագրված արհեստական հռհռոցով ուղեկցվող տափակություններ ու սեռամտություններ, գողական-ապերոյական խառնվածքի, ապրելաձեւի, մութ գործերով կարողության տեր դարձած հայրենասերի, ազգային բարեգործի կերպարներ, որպես կանոն միեւնույն ամուսիններից չսերվող «հայկական» ընտանիքի զավակներ, դատարկախոսությամբ, ծամածռություններով օրն անկացնող հայ զինվորներ…:
Սա է պատկերը, …միայն` որոշ բացառությամբ:
Եվ հիմա համապատասխան իրավասություններով օժտված հանձնաժողովը կարծես նպատակադրվել է այդ բացառությունները եւս բացառել եւ անբարենպաստ որոշումներ է կայացրել հենց «Հայրենիք», «Շողակաթ» ու «Արարատ» հեռուստաալիքների վերաբերյալ: Դրանցից առաջինը մանկական, դաստիարակչական ուղղվածության միակ հեռարձակողն է, երկրորդը` միակ հոգեւոր-քրիստոնեականը, իսկ երրորդն ունի զուտ մշակութային ուղղվածություն եւ մի երկու տարի առաջ ստեղծվել էր կարծեմ իրական մշակութային արժեքները վեր հանելու նպատակով:
Այսպիսի իրավիճակում, որքան էլ պարադոքսալ թվա, կարող է միակ ելքը համարվել սկզբում նշված այն վերջին ազգային առնչությունից եւս հրաժարվել եւ եթերարձակումն իրականացնել ինչ-որ անհասկանալի լեզվով, ասենք` ճապոներենով, ու այդպիսով արգելափակել վնասակար տեղեկատվության հոսքը:
…Սակայն խելամիտ ելքը իրավիճակը փոխելն է, ազգային-հոգեւոր արժեքները որպես ուղենիշ ընդունելը, դրանցով առաջնորդվելը: Ու որքան շուտ այնքան լավ, քանի դեռ կորուստները վերադարձնելու հնարավորությունը դեռեւս սպառված չէ:
…Լուսահոգի Գարեգին Առաջին Վեհափառի 1997թ. Մարսելում խոսված քարոզի ներկայացվող հատվածը թող հնչի իբրեւ ահազանգ. «Փորձութիւնը դուրսէն այնքան վտանգաւոր չէ, որքան փորձութիւնը ներսեն: Ես հետեւեալ պատկերը կը գործածեմ. ծառին կացինի հարուած մը տուր, ճիւղ մը կը կտրես, վէրք մը կը բանաս: Սակայն վէրքին տեղը կը գոցուի, ճիւղին տեղը նոր ճիւղ կըլլա: Եւ մեր ազգի դարաւոր կաղնիին քանի այդպիսի հարուածներ եղեր են…: Բայց, որ մեկ հատ որդ մտնէ ծառին աւիշին մեջ, ծառը կը չորնա, … ծառը` չկայ: Մենք, հայերս ենք, որ կըրնանք մեր մահը ընել, եթե հեռանաք մեր հաւատքեն: …Թշնամին փորձեց, չհաջողեցաւ: Եւ ուրիշ անգամ ըսած եմ. հայութեան համար սպանութիւն չկայ, հայութեան համար կըրնա մեկ տեսակ մահ ըլլալ` ինքնասպանութիւն: Եւ ատիկա չենք թոյլատրե մենք մեզի»:
Հիշենք այս խոսքը, տարածենք ու հասանելի դարձնենք…:
Աշոտ ՎԱՎՅԱՆ
ընթերցող