Միասին կարող ենք
կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-09 18:22
Քաղաքական

Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, արդարությունը հաղթելու է. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, արդարությունը հաղթելու է. Արամ Վարդևանյան

Մենք խոսում ենք ուժեղ Հայաստանի մասին Սամվել Կարապետյանի հետ, մենք խոսում ենք այդ մասին ոչ թե զուտ մեր երազանքով, խոսքերով, այլ կոնկրետ ծրագրերով։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այդ կոնկրետ ծրագրերից հինգի մասին, վստահ եմ՝ բոլորը գիտեն, նաև աջակցում են դրանց, որովհետև դրանք հենց կոնկրետ կիրառական քայլերից մի քանիսն են, որ յուրաքանչյուրի կյանքը փոխելու են, որի կարիքը իսկապես կա։

Վերջին ինը ամիսներին շատ աբսուրդային երևույթներ ենք տեսել։ Տեսել ենք ապօրինի կալանավորված սրբազան հայրերի, տեսել ենք գրոհ Մայր Աթոռի նկատմամբ, տեսել ենք, որ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար ազգային բարերար, բոլորի կողմից հարգված, սիրված Սամվել Կարապետյանը յոթ ամսից  ավելի կալանավորված է եղել, հիմա էլ տնային կալանքի տակ է»,–ասաց նա։

Վարդևանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա. «Մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի, իսկ մարդասիրությունը երաշխիքն է մեր համախմբման։ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհընկալումը կա։ Ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական և մարդասիրությամբ Հայաստանն է։

Երբ գնում ես քրեակատարողական հիմնարկ, այն էլ հայտնի ԱԱԾ-ի պադվալ կոչված մեկուսարանը, որտեղ յոթ ամիս գտնվել է Սամվել Կարապետյանը, ու երբ դու չգիտես, որպես իրավաբան, որպես փաստաբան, լավ, ի՞նչ պետք է բացատրես այդ ամեն ինչի վերաբերյալ, ո՞նց է ստացվում, որ դատավորները նման որոշումներ են կայացնում, և տեսնում ես մարդու, ում ժպիտը դեմքին է, տրամադրությունը տեղն է, չունի որևէ ընկճվածություն։ Մենք փաստաբաններով գնում էինք Սամվել Կարապետյանի մոտ ընկճված, դուրս էինք գալիս տրամադրություններս բարձր։

Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, մի վայրկյան չկասկածեք, որովհետև արդարությունը հաղթելու է, երկրորդ տարբերակ չկա»։