կարևոր
3037 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 16:09
Հասարակություն

Պահեստազորի սպաների միությունը ընթերցողի դատին է հանձնելու իր շուրջ մեկուկեստարվա գործունեության վկայությունների ընտրանին

Պահեստազորի սպաների միությունը ընթերցողի դատին է հանձնելու իր շուրջ մեկուկեստարվա գործունեության վկայությունների ընտրանին

Որոշված է: Պահեստազորի սպաների միությունը ընթերցողի դատին է հանձնելու իր շուրջ մեկուկեստարվա գործունեության վկայությունների ընտրանին: Գիրքը կազմված է լինելու երեք բաժնից: Առաջինում միության գործունեության մասին հրապարակումներն են, երկրորդ մասը կազմում է «Անտեսանելի ճակատի մարտիկները» գլուխը, երրորդում զետեղվելու են միության հիմնադիրների, խորհրդի անդամների հուշերը:

Այսօրվանից գիրքն իր առանձին էջերով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը: Ու քանի որ այսօր հոկտեմբերի 27-ն է` հայոց նորօրյա պատմության մեջ իր դաժան հետքը թողած տարեթիվը, որոշեցինք գրքի հանրային ներկայացումը սկսել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հուշերից ստորև բերվելիք հատվածով:

«Հոկտեմբերի 27». փաստարկված նկատառումներ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ հայտնի ոճրագործությունը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում էր ՀՀ զինվորական դատախազության վարույթում։ Ձևավորված քննչական խմբի կազմ գործուղվեց նաև մեր քննչականի հատկապես կարևորագույն գործերով քննիչներից, ով իր հմտությամբ, փորձառությամբ, օպերատիվ աշխատանքի նրբություններին ծանոթ լինելով` անմիջապես ակտիվ ներգրավվեց և մասնակցություն ունեցավ գործի քննությանը։ Այդ ժամանակահատվածում ակնհայտ էր, որ ծառայությունը գործում էր խիստ լարված, հանցագործությունը բացահայտելու համար քննիչներին օժանդակելու, նրանց հանձնարարություններն արդյունավետ կատարելու նպատակադրվածությամբ։ Հետաքրքիր է, որ առ այսօր այդ քրեական գործով նախաքննությունը, ըստ էության, շարունակվում է: Մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե, ի՛բր, հանցագործության պատվիրատուների մասով նոր տվյալներ են ստացվել և լինելու են բացահայտումներ, սակայն, իմ կարծիքով,նման հայտարարությունների հեղինակներն ավելի շուտ հետապնդում են քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, լարվածության մեջ նրանց պահելու, հանրության ոչ գիտակից մասի մոտ անհարկի կասկած կամ կեղծ համոզմունք ձևավորելու նպատակ։ Իսկ նման հետևության հանգելու համար բավարար է նշել հետևյալ էական փաստերը՝

1. քննչական և օպերատիվ խումբն առաջին իսկ պահից փաստացի գտնվել է Գագիկ Ջհանգիրյանի ուղղակի վերահսկողության ներքո: Նա օժտված է եղել գործն ամբողջ ծավալով բացահայտելու բոլոր հնարավորություններով։ Գ. Ջհանգիրյանը ոչ միայն բարձրակարգ իրավաբան-գիտնական է, այլև ունի քննչական և դատախազական աշխատանքի ահռելի փորձառություն։ Բացի այդ՝ անձնապես կապ ունենալով Վազգեն Սարգսյանի ու նրա մերձավոր թիմի հետ` նա բնականաբար ունեցել է նաև անձնական շահագրգռություն սպանության պատվիրատուներին բացահայտելու համար, հետևաբար տրամաբանորեն բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները բանեցնելով` ջանք է դրել լրիվ ծավալով բացահայտման ուղղությամբ,

2. քննչական խմբում հիմնականում ընդգրկված են եղել Գ. Ջհանգիրյանի բացարձակ վստահությունը վայելող քննիչներ, ովքեր և՛ս եռանդով աշխատել են հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար,

3. նման հանցագործությունները հիմնականում բացահայտվում են տաք հետքերով, հատկապես, երբ հանցագործությունը կատարած անձինք բռնվում են նույն պահին և նրանց հետ սկսում են ակտիվ աշխատել օպերատիվ-քննչական խմբերը, դատախազները,

4. կան ականատեսների, նրանց թվում՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի վկայությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տվել իր համաձայնությունն ուժային եղանակով վնասազերծել՝ սպանել ԱԺ ներխուժած ահաբեկիչներին, բառացի ասելով, որ այդ դեպքում հնարավոր չի լինի ամբողջ ծավալով գործը բացահայտել,

5. ի վերջո փաստ է, որ 23 տարի ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում խմբի ղեկավար, հիմնական դերակատար, հետևաբար ամենաինֆորմացված անձ Նաիրի Հունանյանի կյանքը պահպանվել է և այսօր էլ շարունակում է պատիժը կրել։ Նրա և խմբի մյուս անդամների նկամամբ որևէ մեղմ, արտառոց վերաբերմունք չի դրսևորվել,

6. եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ քաղաքական կամ որևէ այլ իրավիճակով պայմանավորված` քննիչներին այն ժամանակ չի հաջողվել բացահայտել հանցագործության պատվիրատուներին, նրանց խոչընդոտել են, ապա ինչո՞ւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո կամ այս չորս տարիների ընթացքում ի հայտ չեկավ որևէ լուրջ փաստարկ և համոզիչ նոր տվյալ, հեղափոխությունից հետո նման բարձր պաշտոն զբաղեցնելով` ինչո՞ւ Գ.Ջհանգիրյանը կամ նրա նախկին քննիչները չեն հայտարարում, որ գործի քննության ժամանակ ունեցել են խնդիրներ, ինչ-ինչ տվյալներ, սակայն իրենց խոչընդոտել են, թույլ չեն տվել ճշմարտությունը բացահայտել, ինչո՞ւ այս ընթացքում չօգնեցին քննության բացահայտմանը, եթե, իհարկե, ունեն փաստեր,

7. հարկ է հաշվի առնել նաև, որ Վազգեն Սարգյանի եղբայր Արամ Սարգսյանը դեպքից անմիջապես հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո առ այսօր սերտ համագործակցության մեջ է գործող իշխանության հետ: Այսինքն` դեպքի եղելությունն առ այսօր պարզելու համար տիրապետել ու տիրապետում է բավարար լծակների:

Հետևաբար, եթե նույնիսկ այսուհետ ի հայտ գան նոր փաստեր, տվյալներ, վկայություններ, դրանք պետք է մանրամասն ստուգել ու նոր գնահատել, հանրայնացնել, քանի որ մեծ է այդ կերպ հաշվեհարդար տեսնելու, երկրում քաղաքական իրավիճակն էլ ավելի լարելու և ապակայունացնելու ռիսկը:

Ի դեպ՝ վերոնշյալ նկատառումներս չշահարկելու, այլ կերպ չմեկնաբանելու համար հարկ եմ համարում ընդգծել, որ... (շարունակելի)։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ