կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-14 11:07
Մշակույթ

Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր

Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր

Միանգամից երեք մանկապատանեկան գիրք՝ ընթերցողի սեղանին: Տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանը, Աննա Ղազարյանը, Մարիա Ղազարյանը ընթերցողի դատին հանձնեցին երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր»  և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Մանուկ ու պատանի ընթերցողի համար նախատեսված հայերեն և ռուսերեն այս գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքերի շնորհանդեսն ուղեկցվեց հեղինակներից Սուսաննա Հարությունյանի նկարների շնորհանդեսով:

«Մենք երեք հեղինակ ենք, երեքս էլ ազգականներ ենք: Համալսարանական տարիներին աղջիկս՝ Աննան, որոշեց էսսե գրել, որը թատերական բեմադրության հիմք պետք է հանդիսանար: Հետագայում դա հիմք հանդիսացավ, որ մենք գրենք այս գրքերը: Բացի այն, որ մենք ազգականներ ենք, նաև համախոհներ ենք: Ես շնորհակալ եմ իմ դստերը, որ ինձ սովորեցրել է նկարել: Մենք նկարել սկսել ենք գրքերը գրելու հետ զուգահեռ: Գրքում ևս տպագրված են մեր նկարներից: Կարծում եմ, որ բառերն ու նկարները լրացնում են միմյանց»,- գրքերի շնորհանդեսի ընթացքում նշեց Սուսաննա Հարությունյանը:

«Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր- նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում հատուկ շեշտեց, որ հրատարակչությունն արդեն 25 տարվա պատմություն ունի: «Այս ընթացքում մեր գործունեությունը ծավալել ենք հիմնականում մանկապատանեկան գրականության ոլորտում: Թեև Սուսաննա Հարությունյանը ուշ է սկսել գրել, սակայն շատ բեղմնավոր գրող է, հետաքրքիր է գրում և հետագայում նույնպես համագործակցելու ենք»,- շեշտեց Մկրտիչ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ գրքերը թարգմանվում են նաև անգլերեն:

Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի և Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» և «Երևակայության խաղեր» պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երևակայականին, իսկ երևակայականը վերածվում է իրականության, այսինքն, դա այն երանությունն է, որին ձգտում է մարդ արարածը իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը: Իսկ «Երջանկության թևերով» գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղ­ծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության: 

Ս. Հարությունյանի, Ա. Ղազարյանի և Մ. Ղազարյանի գրքաշարը պատկերազարդված է իրենց իսկ նկարներով, այսինքն՝ հեղինակներին միավորում են ոչ միայն խոսքն ու սյուժեն, այլ նաև գեղանկարչական աշխարհընկալումը:

«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար:

Այն շարունակական շարք է (ընթացքում է ֆանտաստիկ ժանրի «Հետ շրջելով ժամանակը»)՝  գրված երեք հեղինակի կողմից,  ընտանեկան ընթերցանության համար, ֆենտեզի ժանրով: Գրքերի հերոսները ծնված օրից մեգապոլիսում ապրող, մինչև անգամ անհատականություն դարձած երեխաներ են: Այդ շարքի միջով, որպես լեյտմոտիվ, անցնում է ներկայում արդիական՝ մեգապոլիսներում դեռահասների միայնակության թեման: Այդ խնդիրը յուրաքանչյուրն իր ձևով է լուծում: Եվ, որպես կանոն՝ երևակայական տարածքում: