կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 19:14
Քաղաքական

Մենք հայրենիքի շահերն առևտուր չենք անում. Կիրո Մանոյան

Մենք հայրենիքի շահերն առևտուր չենք անում. Կիրո Մանոյան

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում նշեց, որ այս ընտրությունները կարևոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրություններ: Նրա խոսքով` թեև քարոզարշավն այնքան էլ հույս չի ներշնչում այդ նոր որակի մասին, բայց, ամեն դեպքում, այդ հնարավորությունը կա:

ՀՅԴ Բյուրոյի անդամը խոսեց նաև այն մասին, թե ինչու պետք է քվեարկել Դաշնակցության օգտին: «Այս ընտրությունների արդյունքում, որ տեղի են ունենում նոր Սահմանադրության կարգով, չի լինելու խորհրդարանում որևէ ուժ, որ միայնակ կարողանա ունենալ 2/3-ից ավել: Դրա համար էլ այսօրվա իշխանության քվեների մի մասն իրականում փոշիանալու են: Փոշիանալու են, քանի որ 80 տոկոս էլ ստանան` իրականում խորհրդարանում ներկայացված պետք է լինեն ընդամենը 67 տոկոսով: Այդ իսկ պատճառով էլ կարիք չկա հավելյալ ճիգ գործադրել և ձեր քվեն տալ իշխող կուսակցությունը»,-ասաց Գիրո Մանոյանը:

Նա նշեց, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներին  ձայն տալու մասին չի էլ խոսում և չի կարծում, որ ժողովուրդը նրանց շատ է կարոտել, ուստի նրանց քվեարկելու անհրաժեշտություն չկա: Նրանք իրականում, ըստ Մանոյանի, Հայաստանի վերանկախացման առաջին օրվանից միշտ եղել են իշխանություն և ընդդիմություն լինելու փորձ չունեն.«Հիմա ասում են, որ ուժեղ ընդդիմադիր կլինեն, բայց ընդդիմություն լինելու փորձ չունեն: Իսկ մյուս ուժերը, որոնք մինչև հիմա խորհրդարանում ներկայացվել են, տեսել եք, որ եղել են դաշինք, դաշինքը կիսվել է, ու այդ կիսվածը նորից կիսվել է: Ճիշտ է, երեք կուսակցություններ են, բայց այդ երեքը միասին չկարողացան երկու տարի դիմանալ, իսկ սա լավ բան չի հուշում, թե ինչ որակի աշխատանք պետք է տանեն միասնաբար»:

Խոսելով նոր ձևավորված կուսակցությունների մասին` Մանոյանը նշեց, որ դրանց մի մասն ընտրություններից մի քանի օր առաջ են գրանցվել որպես կուսակցություն: Մանոյանի խոսքով` դրանցից 4-5-ն իրենց նպաստն ունեն տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությունների մեջ, բայց այդ նախաձեռնություններում էլ չկարողացան համախմբվել ու վերածվել են 4-5 կուսակցությունների:

«Վստահ եմ, որ բոլոր ուժերի ծրագրերում էլ լավ կետեր կան, բայց պետք է նայել, թե դրանց մասին խոսողն ով է: Մեր դեպքում` մենք մի քանի հիմնական կետեր ենք առաջ քաշել, և մեր կենսագրությունն է վկա, որ մենք ինչ ասում ենք, այդ ուղուց չենք շեղվել: Ազգային խնդիրների առաջնահերթություն, հողի պաշտպանություն, ազգային արժեքների պաշտպանություն, Արցախի հարցում ընդհանրապես առանց զիջելու զարգացում, սոցիալական արդարություն և կառավարման համակարգի բարելավում` սրանք են Դաշնակցության ծրագրի հիմնաքարերը»,-ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ պետք է քվե տալ Դաշնակցությանը ոչ միայն այն պատճառով, որ Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, այլ նաև այն պատճառով, որ վերանկախացած Հայաստանում, Արցախում 1989-ից ներկայացրել է իր դեմքը: Մանոյանի խոսքով` ժողովուրդն արդեն իսկ տեսել է` Դաշնակցությունն ինչ կարող է անել:

«Մենք արել ենք շատ ավելին մեր` խորհրդարանում ներկայացված 5-7 պատգամավորներով: Չկա մեկ այլ նման խմբակցություն, որ 5-7 պատգամավորով այնքան աշխատանք կատարեր, որքան մենք: Իսկ մենք արել ենք, արդյունքի հասել` և՛ երբ ընդդիմադիր էինք, և՛ երբ իշխանության մաս ենք կազմել: 2009-16թթ. եղել ենք ընդդիմություն, բայց մարդիկ ասում են` 10 տարի աշխատել եք Սերժ Սարգսյանի հետ: 2008-ին էլ Դաշնակցությունը նախագահի իր թեկնածուն ուներ` լուսահոգի Վահան Հովհաննիսյանը, այսինքն` այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանին չէինք պաշտպանում, իսկ 2013-ին ժողովրդին կոչ էինք արել չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին, այլ ցանկացած մեկ այլ թեկնածուի տալ քվե»,-ասաց Մանոյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում կարողացան խորհրդարանում ընդդիմությանը համախմբել: Մանոյանը մեջբերեց Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ով ասել էր, թե այս ինչ սքանչելի քառյակ է: Ըստ Մանոյանի` այն, որ միասնաբար կարողացել են մի քանի հարցերի ուղղությամբ աշխատել, փաստ է.«Այդ հարցերից կարևորը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի մոտեցմանը դեմ լինելն էր, որը հասցրեցինք մինչև Սահմանադրական դատարան: Այսօրվա այս նոր կուսակցությունների մեջ ընդգրկվածների մի մասը նույնպես մասնակցել են այդ աշխատանքներին, բայց նրանք չէին ուզում, որ կուսակցությունների հետ շատ շփումներ ունենալ»:

Մանոյանը հավաստիացրեց, որ Դաշնակցությանը հաջողվել է արդյունքի հասնել, երբ իշխանության մաս են կազմել: Որպես օրինակ` Մանոյանը հիշեցրեց 2005-ի ու 2015-ի սահմանադրական փոփոխությունները:

«Այսօր, եթե խորհրդարանում ընդդիմությունն ինչ-որ լծակներ ունի, դրա մեջ մեծագույն դերակատարություն ենք ունեցել մենք: Մենք ենք, որ առաջին օրվանից պնդել ենք, որ Ազգային ժողովում պետք է ընդդիմությանը լծակներ տալ: Մինչև 2008 թվականը, եթե խորհրդարանում ընդդիմությունն ունենար 49 տոկոս ներկայացվածություն, ոչ մի լծակ չուներ, ինչի համար էլ անընդհատ փորձ էր արվում փողոց դուրս գալով հարցերը լուծել: Սակայն 2008-ի մարտի 1-ից հետո հնարավոր եղավ բարեփոխումներ կատարել»,-ասաց Մարգարյանը:

Խոսելով խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին` Մանոյանը նշեց, որ այդ անցումը կատարելու ժամանակ շատերն ասում էին, թե սա Սերժ Սարգսյանի` 3-րդ անգամ պաշտոնավարման համար է նման փոփոխություն լինում: Սակայն, ըստ Մանոյանի, փաստն այն է, որ չկարողացավ նա երրորդ անգամ նախագահ լինել` շնորհիվ նոր Սահմանադրության:

«Ձեր քվեն Դաշնակցությանը տալով` դուք վստահ կլինեք, որ խորհրդարանում ներկայացված է մի կուսակցություն, որը հայ իրականության մեջ միակ համահայկական կուսակցությունն է` իր նպատակներով, գաղափարներով ու կառույցով: Վերջին 27 տարիներին ով էլ եղել է իշխանություն, ինչ-որ պահի զգացել են անհրաժեշտություն ու գործակցել են Դաշնակցության Սփյուռքի կառույցների հետ: Պարզ է, որ  դա այն բանի համար չէ, որ Դաշնակցությունը ներկայացված լինի Աժ-ում` հայրենիքի շահերը մենք առևտուր չենք անում, սակայն պարզ է նաև, որ եթե Դաշնակցությունը ներկայացված լինի խորհրդարանում, այդ համագործակցությունը շատ ավելի մեծ արդյունք կտա»,-ընդգծեց Մանոյանը: