կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-23 13:42
Մշակույթ

Մենք հո շուկայի առեւտուր անող մարդիկ չենք. Ռոբերտ Ամիրխանյան

Մենք հո շուկայի առեւտուր անող մարդիկ չենք. Ռոբերտ Ամիրխանյան

Հոկտեմբերի 26-ին Կոմպոզիտորների միությունում տեղի կունանա համագումար, որի ժամանակ էլ կընտրվի միության նախագահը:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոմպոզիտոր Արամ Սաթյանը տեղեկացրել էր, որ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը որոշել է համագումարն անցկացնել ոչ թե միության դահլիճում, այլ` Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում: Ըստ Սաթյանի, նման քայլը հատուկ միտում ունի` կոմպոզիտորներից շատերը չեն իմանա եւ չեն մասնակցի համագումարին, քանի որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել այդ մասին, եւ քվորում չի լինի:

 

Ի դեպ, համագումարի հայտարարությունը փակցված է եղել ՀԳՄ-ում, որը նույնպես, ըստ Սաթյանի, տարօրինակ է թվում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ իրենք ուզում են համագումարն անցկացնել Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, քանի որ իրենք առաջին հերթին ցանկանում են ուղղակի զրուցել հասարակության հետ:

 

«Վերջին շրջանում շատ ավերածություններ են արել մեր կոմպոզիտորները, որոնցից մեկն էլ Արամ Սաթյանն է, ով առանց խղճի խայթի` աջ ու ձախ հորինումներով մեղադրում է Կոմպոզիտոների միությանը եւ ինձ` հանցագործ գործունեության մեջ: Հերթական անգամ կասկածում են նրա մեջ, որ մենք համագումար չե՞նք կարող կազմակերպել, իսկ իմ առաջարկը հետեւյալն է` բաց զրույց ունենալ հասարակության հետ, քանի որ միությունը ոչ թե իր մեջ պարփակված կառույց է, որը մի շենքի մեջ հավաքված ընտրություն է անցկացնում, այլ` Հայաստանի պրոֆեսիոնալ երաժշտարվեստի կարեւորագույն մի դաշտ` իր փառավոր պատմությամբ»,-ասում է Ամիրխանյանը եւ հավելում, որ այսօր միությունը ապրել-չապրելու եւ գոյությունը պահպանելու խնդիր ունի, որը քանի գնում, ավելի բարդ է դառնում:

 

Ամիրխանյանի հավաստմամբ, բոլոր միություններում կտեղադրվի համագումարի մասին հայտարարությունը:

 

«Մենք հո՞ շուկայի առեւտուր անող մարդիկ չենք. մենք հոգեկերտվածք ունենք, այդքան հե՞շտ է մեզ անընդհատ մեղադրել ինչ-որ հանցագործությունների մեջ, մի ժողովուրդ, որն իր զավակներին սիրում է երաժշտության միջոցով, հե՞շտ է փլուզել այդ սերը, այդքան հե՞շտ է Սաթյանի համար ոտնձգություն կատարել իմ մի երգի դեմ, որը հայոց բանակի հիմներգն է»,-ասում է Ամիրխանյանը:

 

Ի դեպ, Արամ Սաթյանը համագումարի օրը կառաջադրի նաեւ իր թեկնածությունը` որպես միության նախագահ: Ամիրխանյանը հաջողություն մաղթեց Սաթյանին, ինչպես նաեւ` հաղթանակ. «Չնայած` ես չգիտեմ, թե նա ում է հաղթելու, քանի որ այստեղ ոչ մի հաղթող եւ պարտվող չի լինելու. կպարտվի այն միությունը, որը նման մի հաղթանակ կոչեցյալի հետեւանքով կկորցնի իր անելիքը եւ գիտակցելու, կազմակերպելու ունակությունը: Արամ Սաթյանների նմանները լավ կլինի, որ շինիչ լինեն իրենց մոտեցումներում, ոչ թե լուտանքներ թափեն, եւ կասկածների տակ դնեն»:

 

Ամիրխանյանը Սաթյանին եւ բոլորին հրավիրում է համագումարին` ասելով, որ այնտեղ երկխոսություն է լինելու, եւ իրենք ներկայացնելու են, թե ինչ բան է մեր օրերում Կոմպոզիտորների միությունը եւ, առհասարակ, միությունները:

 

Համագումարը, Ամիրխանյանի տեղեկացմամբ, հագեցած է լինելու երաժշտական սիմվոլներով:

 

«Համագումարը կսկսենք` ներկայացնելով մեր մեծերի ստեղծագործությունները, որով եւս մեկ անգամ կփորձենք ցույց տալ, թե ովքեր ենք մենք եւ դեպի ուր ենք գնում»,-իր խոսքն ամփոփեց միության նախագահը: