Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանական հողերի օկուպացմանը հարկավոր է վերջ դնել: Բոլորիս բարոյական եւ քաղաքական պատասխանատվությունն է լուծումներ գտնել միջազգային խնդիրների համար: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծված չլինելն անընդունելի է»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ադրբեջանական հողերի, այսպես կոչված, օկուպացման մասին Էրդողանը հերթական անգամ խոսել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում:
«Միջազգային ամբիոններից այդպիսի ելույթներ ունենալու առիթ Թուրքիային տվել ենք մենք` հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելով»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով` Ղարաբաղի մասին Էրդողանի այս արտահայտությունը եւս մեկ անգամ հաստատում է Թուրքիայի այն կեցվածքը, որ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան նախապատվություն է տալիս Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Ազգային ժողովի` ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովն այս կարծիքը չի կիսում, հիշեցնում է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցում է դրսեւորել դեռեւս 90-ականների սկզբին ու մշտապես աջակցել է Ադրբեջանին: Կարեւորն այստեղ հայկական կողմի դիրքորոշումն է։
«Հայաստանյան ցանկացած իշխանություն թույլ չի տա երբեք, որ Թուրքիան իր քիթը խոթի Ղարաբաղի խնդրի լուծման մեջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: ՄԱԿ-ի ամբիոնից հնչող ելույթներն ունեն հռչակագրային բնույթ, ու դրանցում պետությունների ղեկավարները ներկայացնում են իրենց երկրների համար առաջնային հարցերը: Այս համատեքստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկվա իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղի խնդրին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայաստանի 20-ամյա անկախությանը:
Անկախության ճանաչման եւ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու խնդիրն առաջնային է Պաղեստինի համար: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասն այս մասին դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Դաշնակցությունը սկզբունքորեն կողմ է Պաղեստինի անկախության ճանաչմանը, բայց կարեւոր է երկկողմանի շահերի համապատասխանեցումը։
«20 տարվա ընթացքում մեր հարաբերությունները արաբական երկրների հետ եղել են բարիդրացիական, բայց երբ Պաղեստինի ղեկավարությունը տարբեր ամբիոններից Ղարաբաղի հարցի առնչությամբ անում է միակողմանի հայտարարություններ, այս դեպքում արդեն չենք կարող հաշվի չառնել փոխադարձ շահը մեր երկրի համար»,- ասաց Կիրո Մանոյանը։
«Ես կարծում եմ` Պաղեստինի ղեկավարությունը գործ ունի անելու, որպեսզի հայ ժողովուրդն ունենա նույն այն դրական բարձր վերաբերմունքը, որը մենք են ունեցել արաբ ժողովրդի նկատմամբ»,- կարծում է Էդվարդ Շարմազանովը: Հայաստանի դիվանագիտական սեղանին դրված չէ պաղեստինյան թղթապանակին ինչպես քվեարկելու հարցը։
Պաղեստինի` ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու հարցը կքննարկվի սեպտեմբերի 26-ին՝ Անվտանգության խորհրդում, որտեղ Հայսատանը չունի քվե: Իսկ առայժմ Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնպահ է մնում հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնելուց: