Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե ասել է, որ շուտով նոր՝ հայ-թուրքական բանակցություններ են սկսվելու, այլ շեշտել էր, որ երբ կսկսվեն այդ բանակցությունները, նախկին արձանագրությունները չեն լինի: Լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նա նշեց նաև, որ եթե Թուրքիան ակնկալում էր, թե տարածաշրջանում ինչ-որ փոփոխություններ պիտի տեղի ունենան, ապա նոր պայմաններում նոր բանակցություններ պետք է լինեն, ինչի մասին էլ Մյունխենում ասել էր ՀՀ նախագահը:
Ինչ վերաբերում է Սփյուռքի վերաբերմունքին հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման հետ կապված, ապա, Մանոյանի խոսքով, Սփյուռքը դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
«Սփյուռքում կային նաև ուժեր, ովքեր Հայաստանի իշխանությունների մոտեցմանը կողմնակից էին, ուղղակի հարցն այն է, թե այդ հարաբերություններն ինչ գնով պետք է սկսվեին: Այնպես է, որ Հայաստանում էլ, Սփյուռքում էլ կային հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ընդդիմացողներ: Մեր մտահոգությունն այն չէ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ կսկսվեն, ընդհակառակը, մենք էլ, Սփյուռքն էլ ասում ենք, որ պետք է այդ հարաբերությունները սկսվեն՝ որպես Թուրքիայի պարտականություն: Նորից եմ ասում՝ խնդիրն այն է, թե ինչ գնով են այդ հարաբերությունները լինելու, և մենք՝ Դաշնակցությունը, այդ գնին էինք դեմ, քանի որ գտնում էինք, որ ինչ-որ բան ենք վճարում, որի համար պետք չէ վճարենք»,-ասաց Մանոյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է լինեն հարևանների միջև բնականոն ընթացք, այլ ոչ թե Հայաստանն ինչ-որ բան պետք է վճարի: Մանոյանի հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում նշել էր, որ Թուրքիայի հույսը եղել է, որ մենք ծնկի պիտի գանք, բայց մենք ծնկի չենք եկել: