կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 11:34
Քաղաքական

Պետք չէ որևէ մեկին մեղադրել, եթե մենք վճռականություն չենք ցուցաբերում. Կիրո Մանոյան

Պետք չէ որևէ մեկին մեղադրել, եթե մենք վճռականություն չենք ցուցաբերում. Կիրո Մանոյան

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը վերջին փամփուշտը չէ մեր զինանոցում, վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման հայտարարությունն է, բայց մինչ այդ  անհրաժեշտ է ունենալ Հայաստան-Արցախ իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք, ի վերջո, կհանգեցնեն դրան. Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: 

«Այսօր չի կարելի 180 աստիճանով շրջադարձ կատարել և գործի դնել 1989-ի վերամիավորման որոշումը,  բայց անհրաժեշտ է այդ ուղղությամբ անել քայլեր՝ անկախ նրանից, թե ով ինչպես կնայի դրան: Հեշտ չի լինելու, բայց դիմագրավելու և մեր հաջողության միակ գրավականը միասնականությունն է: Այստեղ կարող է լինել նաև դերերի բաշխում, կարող են բարձրացվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն կողմը կարող է նպատակահարմար չգտնել: Բայց պետք չէ ընդունել այնպիսի վախվորած կեցվածք, որն անարդարացի ձևով կբերի հիասթափության ուրիշների կողմից»,- նշեց նա՝ ասելով, որ պետք չէ որևէ մեկին մեղադրել` միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ-ին, եթե մենք վճռականություն չենք ցուցաբերում: 

Ըստ Կիրո Մանոյանի՝  ճնշումներ լինելու են, բայց կան պետություններ, որոնք, վստահելով իրենց հնարավորություններին, անտեսում են այս կամ այն ուժի դժգոհությունը:

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր հերթին  հարցը միջազգային դատաիրավական դաշտում դիտարկեց՝ ասելով, որ  ունենք  բացասական ակտ՝  «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը:

Հիշեցնենք,  որ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականի, որոնք, ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադարձնել Լաչինում գտնվող իրենց սեփականությունը (ստիպված են եղել փախչել 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ)։ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը համարել էր, որ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։

«Այս վճիռը, անցանկալի լինելով, անսպասելի չէր, քանի որ դա ընդհանուր տենդենցի մաս է, որ Եվրոպական դատարանն  իրականացնում է  չճանաչված պետությունների մասով և փորձում է ինչ-որ ճանաչված պետություն գտնել ու  նրա ուսերին դնել պատասխանատվություն՝ չճանաչված պետություններում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:Ես այն կարծիքին եմ, որ ինչպես այս պարագայում, այնպես էլ այլ դեպքու, կարելի է  ինչ-որ դրական բան տեսնել: Սա կարելի է համարել ազդակ, որ ՀՀ-ն մարդու իրավունքների մասով որոշակի քայլեր ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ողւղությամբ՝ հարգելով Արցախի ինքնիշխանությունը»,- շեշտեց Մելիքյանը:

Նա նշեց, որ  կան նաև սոցիալական խնդիրներ, որոնք հետևանք են Հայաստան-Արցախ իրավապայմանագրային հարաբերությունների բացակայության: Օրինակ՝ Արցախի բնակիչը սոցիալական  նպաստ կարող է ստանալ, եթե օրենքով բնակվում է այնտեղ, նույնը նաև ՀՀ քաղաքացիների դեպքում է, սակայն երբ, ասենք, Արցախի ազատագրված տարածքներից մարդը որոշ ժամանակով գալիս է Հայաստան, նա զրկված է լինում և՛ Արցախի, և ՀՀ-ի կողմից սոցիալական այսօրինակ ապահովությունից:  Խնդիրներ են առաջանում նաև կանանց նախածննդյան նպաստների հետ կապված: