Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունների ներքին և արտաքին գործողություններն ընդդիմադիր դաշտում մշտադիտարկող քաղաքական կուսակցություններին, վերլուծաբաններին, քաղաքագետներին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը հարթակ է տրամադրել՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Հայաստանը՝ 2020 թվականի նախաշեմին» համաժողովի ընթացքում դիտարկումները ուղղեց արցախյան բանակցությունների ներկա վիճակին։
Կիրո Մանոյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե՝ մեր և Ադրբեջանի մոտեցումների միջև ոչ մի տարբերություն չկա, մոտեցումները100 տոկոսով նույնական են․ «Եվ հայտարարել է այն հանդիպումից առաջ, որտեղ հետո ասել է՝ Արցախի բանակցություններին պետք է մասնակցի նաև Արցախը։ Անհասկանալի է։ Կա շատ թույլ, խոցելի, վնասակար մոտեցում. խոսում է այն մասին, որ Արցախի ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ ինչպես է ուզում ապրել։ Այսինքն, անտեսվում է 1991 թվականի հանրաքվեն, նաև 2006 , 2017 թվականների Սահմանադրության հանրաքվեները»,- վերլուծեց Կիրո Մանոյանը։
Նրա կարծիքով՝ ճիշտ չէ ասել, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, նույնքան ճիշտ չէ ասել, որ լրիվ ճանաչել է։ Ճանաչումը միջանկյալ տիրույթում է. Հայաստանում կա Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, որը պաշտոնական Երևանի տեսանյունից նույն կարգավիճակն ունի, ինչ, օրինակ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Բացի այդ, Հայաստանի և Արցախի Հանրապետություններն ունեն միջպետական պայմանգրեր և հարաբերություններ։
Փաստ է նաև, որ Ադրբեջանը բանակցություններն անվերջ պատանդ է պահում։ Արցախյան խնդրի կարգավորման փուլային տարբերակին անդրադառնալով՝ Կիրո Մանոյանը հարցը դիտարկեց ոչ թե այսօրվա, այլ սրանից 5-6 տարի առաջվա իրողությունների տեսանկյունից. «Որոշ փորձեր եղան՝ ասելու, որ թող Հայաստանն ու Ադրբեջանը գրեն, թե նախնական ինչ համաձայնություններ են եղել միմյանց միջև։ Բարաբախտաբար, Հայաստանի նախկին իշխանությունները դա չընդունեցին. եթե գրեին՝ ըստ այդ համաձայնությունների պետք է գործեին։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն էր, որ Արցախի հարցը փաթեթային լուծում պետք է ունենա։ Միջազգային փորձագիտական շրջանակների կողմից երեք օր առաջ ասվեց՝ թող եղած հարցերի շուրջ Հայաստանը համաձայնի, տարածքներ տա, փախստականների հարցը լուծի, հետո կարգավիճակի խնդրին էլ կանդրադառնան։ Սա նույնքան վտանգավոր է, որքան մադրիդյան փաստաթուղթը։ Վտանգավոր է նաև հայաստանյան ռազմավարություն չունենալը»,-հավելեց Կիրո Մանոյանը
Հերթական վտանգն այն է, որ ներկա իշխանությունները չգիտեն՝ ո՛ր քայլից հետո ի՛նչ պիտի ձեռնարկեն։ Շփման գծում, սահմանի երկայնքով կրակողները պակասել են, բայց Ադրբեջանն իր դիրքերն ամրապնդելու հնարավորություն է ստացել։ Համաժողովի մասնակից գործիչները չեն թաքցրել իրենց մտահոգությունը՝ պատերազմը անհավանական համարել չի կարելի։ Կիրո Մանոյանին ևս նոր պատերազմի վտանգը անհանգստացնում է։ «Առաջիկա պատերազմն ավելի ծանր կլինի, քան 2016-ին էր։ Պատերազմն անխուսափելի է. մենք միշտ պետք է այդ գիտակցումով ապրենք ու շարժվենք, որովհետև պատերազմում հաղթելու միակ ձևը միշտ պատերազմին պատրաստ լինելն է, ոչ թե ասենք՝ հանգիստ ենք, պատերազմ չի լինելու և հանկարծ պատերազմ լինի. մենք գիտենք, թե մեր դիմացինը կամ դիմացիններն ովքեր են»,- ելույթն ավարտեց Կիրո Մանոյանը։
«Հայաստանը՝ 2020-ի նախաշեմին» համաժողովի մասնակիցները Հայաստանին սպառնացող վտանգներ են տեսնում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։