Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոչ կ՛ուղղեմ բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն․․․
վերադառնա՛լ հայրենիք,
երթա՜լ հայրենի՛ք,
մեռնե՜լ յանուն Հայ ժողովրդին՝
ապրեցնելու համար Հայ ժողովուրդը»
Այսօր ազգային-քաղաքական ականավոր գործիչ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի ծննդյան 90-ամյակն է: Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հարգանքի այց, ծաղկեմատույց և երդման արարողություն էր կազմակերպել նրա շիրիմին, որը գտնվում է Երևանի կենտրոնական գերեզմանատանը:
Միջոցառմանը ներկա էին Հրայր Մարուխյանի այրին` տիկին Անահիտ Մարուխյանը, դուստրը` Շաղիկը, թոռնուհին` Անահիտը, ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Հայաստանի Ուսանողական և Երիտասարդական միությունների անդամներ, պատանիներ, քաղաքացիներ և Սփյուռքից ժամանած հյուրեր:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Դիմելով ներկաներին և դաշնակցական դառնալու երդում տալ պատրաստվող երիտասարդներին` նա ասաց. «Այսօր այստեղ ենք հիշատակի առիթով, սակայն այս հավաքն ավելի շատ երդման վերակրկնություն է, մեր ուխտի վերահաստատումն է, հիշատակի խոսք ասելն ու կրկնելը, որ մեր ճանապարհն ու պայքարն անսասան են: Այդ պայքարը նոր ուժ է ստանում մեր բոլոր նվիրյալ նահատակ հերոսներով, հատկապես` այսօր ընկեր Հրայր Մարուխյանի շիրիմի մոտ:
Խորհրդանշական է այս օրը, որովհետև հիշատակի խոսք ասելը լոկ պատմությանը մեկ վայրկյան նայելն է, պատմությունով ապրելն է: Այսօր մենք այստեղ ենք մեր երիտասարդ նոր սերնդով, որը մի քանի րոպեից տալու է դաշնակցականի երդումը և գալու է մի մեծ ընտանիք, որի հազարավոր անդամներ այսօր նաև գլուխ են խոնարհում ընկեր Հրայրի շիրիմի առաջ»:
Այնուհետև օրվա խորհրդի մասին ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Դիմելով ընկեր Մարուխյանի ընտանիքի անդամներին` նա նշեց. «Այսօր մենք հիշում ենք ընկեր Հրայրին, ով և՛ հայոց պատմության, և՛ Դաշնակցության պատմության մեջ համարյա երեք տասնամյակ եղել է ամենակարևոր դեմքերից մեկը: Նա խորհրդանշում էր Դաշնակցության սերնդափոխությունը. Սփյուռքում ծնված սերունդը գալիս էր ստանձնելու Դաշնակցության բարձրագույն պատասխանատվությունը: Կուսակցության մեջ ընկեր Հրայրի սերունդը հատկանշվում է մի քանի կարևոր ուղղություններով, որոնք իրենց մեծ ազդեցությունը թողեցին մեր կուսակցության և, ընդհանրապես, ժողովրդի կյանքում:
Առաջինը` կուսակցությունն իր գաղափարական հիմունքներին վերադարձնելն էր, կամ գաղափարական հիմունքները կուսակցությանը վերադարձնելն ու այն արդիականացնելը: Խոսքը վերաբերում է Դաշնակցության ծրագրի վերանայմանը, Դաշնակցության ծրագրում ընկերվարական գաղափարախոսության արդիականացմանն ու մեր քաղաքական պահանջների հստակեցմանը:
Երկրորդ կարևոր ուղղությունը Հայ Դատի համար ուժեղ պայքարն է, որն իր ազդեցությունն ունեցավ ոչ միայն մեր երիտասարդ սերնդի վրա, այլև համաշխարհային իրականության մեջ ճեղքեց լռության պատը, որ բարձրացվել էր Հայ Դատի շուրջ:
Երրորդը «Դեպի երկիր»-ն է, որ սկիզբ առավ Արցախյան շարժումից, բայց վերջում նաև առաջնորդեց Արցախյան շարժումը: Արցախյան շարժումը վերաճեց Արցախյան ազատամարտի, և, անշուշտ, Հայաստանի անկախության ու Հայաստանի Հանրապետություն կուսակցության վերադարձի հարցում կարևոր դերակատարը, առաջնորդող դեմքը ընկեր Հրայր Մարուխյանն էր»:
Մանոյանն ընդգծեց, որ այդ ամենը, իհարկե, Հրայր Մարուխյանն իրականացրել է կուսակցության ղեկավար մարմնի միասնականությամբ, սակայն անհերքելի է` ամեն ինչ իրականացվել է նրա ոգեշնչմամբ:
Նա նաև նշեց, որ Հրայր Մարուխյանի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այն վատ փորձառության, որ պատահել է Մարուխյանի հետ Երևանում: «Երբ Շուշիի ազատագրումից ընդամենը մի քանի շաբաթ անց այդ ժամանակվա ՀՀ նախագահը (Լևոն Տեր-Պետրոսյանը-խմբ.) ընկեր Հրայրին անարդար և անհիմն ձևով արտաքսեց երկրից: Դժբախտաբար, այսօր որոշ նմանություններ կան Հայաստանի իշխանությունների մոտեցումներում: Եթե այն ժամանակ Շուշիի ազատագրումն ու այդ հարցում Դաշնակցության առաջնորդող անհերքելի դերակատարությունը մղել էին, որ այդպիսի ուժեղ հարված փորձեն հասցնել կուսակցությանը, այսօր դեռևս այդ ուժեղ հարվածը տալու խնդիր չեն դրել իրենց առաջ, բայց նույն մոտեցումն է կուսակցության նկատմամբ: Այդ ժամանակվա նախագահն իբր պաշտպանում էր Դաշնակցությանն իր ղեկավարությունից, Դաշնակցությանն իբր պաշտպանում էր ընկեր Հրայրից, իբր մտահոգ էր Դաշնակցությունով և այդ հարցում մեղադրում էր Հրայր Մարուխյանին: Այսօր էլ, դժբախտաբար, վարչապետի պաշտոնակատարը (Նիկոլ Փաշինյան-խմբ.) քարոզարշավի ժամանակ նման սայթաքումներ արեց` փորձելով ՀՅԴ Բյուրոյի այսօրվա ներկայացուցչին (Հրանտ Մարգարյան-խմբ.) իբր պատասխանել, հակադարձել` միաժամանակ ասելով` սա ամբողջ Դաշնակցության վրա չտարածեք, Դաշնակցությունը լավն է, բայց ղեկավարն է վատը: Մենք այս ամենը տեսել և հաղթահարել ենք: Եվ այն փաստը, որ մենք այստեղ ենք` ընկեր Հրայրի շիրիմի մոտ, հաստատում է, որ մեր ճանապարհն է ճիշտ: Ընկեր Հրայրն իր մահով եկավ հաստատելու, որ իր բռնած ճանապարհն էր ճիշտ: Ընկեր Հրայրն արտաքսման որոշման դիմաց ինքն առաջարկեց, նույնիսկ պահանջեց կուսակցությունից, որ ՀՅԴ-ն հանկարծ չդիմի այնպիսի քայլերի, որ երկիրն ապակայունանա: Նա այդ անարդար որոշմանը ենթարկվեց, բայց իր մահով հաստատեց, որ ճիշտ էր մեր ուղին: Այսօր էլ ճիշտ է մեր ուղին, և հեշտ չեն օրերը: Բայց ո՞վ է ասել, որ Դաշնակցությունը հեշտ օրերի համար է»,- ասաց Մանոյանը` հավելելով` «Եթե ընկեր Հրայրը լիներ, պիտի ասեր` «Պի՛նդ կացեք, ընկերնե՛ր»:
Մանոյանն ընդգծեց, որ Հրայր Մարուխյանի նկարագրի կարևորագույն հատկանիշներից մեկը երիտասարդներին վստահելն էր և նրանց խրախուսելը:
«Մեր այսօրվա ղեկավարության մեծ մասը ընկեր Հրայրի հետ երիտասարդ ժամանակ ինչ-որ փորձառություն է ունեցել, և նրա այդ ներշնչանքն է, որ այսօր մեզ` բոլորիս է ներշնչում: Վստահ եմ` նոր երիտասարդությունը հակառակ այսօրվա` համեմատաբար դժվար օրերին եկել է միանալու մեր շարքերին: Ընկե՛ր Հրայր, խոնարհվում ենք քո հիշատակի առաջ և վերանորոգում մեր ուխտը, որ շարունակելու ենք պայքարը մինչև հասնենք մեր նպատակին` Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանին, որտեղ տիրում է քո դավանած ընկերվարական հասարակարգը, հավասարությունը: Պիտի ընդունենք, որ այս օրերն այնքան էլ դժվար չեն, որքան քո ժամանակ, բայց խոստանում ենք` հաղթահարելու ենք ամեն դժվարություն և ուրախ ենք, որ դու մեր մեջ ես, և միշտ էլ կարող ենք հաշվետու լինել քեզ»,- եզրափակեց Մանոյանը:
Երդման կնքահայրը Արմեն Ռուստամյանն էր: Երիտասարդների երդումն ընդունելիս նա դիմեց նրանց. «Դաշնակցությունը եկավ «դեպի երկիր» և ընձյուղվեց Հայաստանում: Բոլորս ձեր տարիքին, գուցե և ավելի երտասարդ, մտանք Դաշնակցության շարքեր և մեր երթը ուխտեցինք շարունակել մինչև Դաշնակցության և մեր ազգի հիմնարար նպատակների կատարումը: Ես վստահ եմ, որ ընկեր Հրայրի հոգին այսօր երկնքում հրճվում է` տեսնելով, որ իր երթը շարունակողներ կան, քանի որ դաշնակցականի համար ամենամեծ հիշատակումն է` տեսնել պայքարի մեջ մտնող նոր ավյուն, նոր սերունդ, որի համար Հրայր Մարուխյանն իր ամբողջ կյանքը նվիրեց, ապա` զոհեց: Դուք` երիտասարդներդ, պետք է ձեր ուխտին ու երդմանը հավատարիմ մնաք և իմանաք, որ մեր ավագ ընկերները մեզ երկնքից հետևում են, որպեսզի սկսված երթը մնա անխափան, մեր գաղափարներն ու սկզբունքները մնան անաղարտ: Դուք եք դրա պացույցը: Որքան էլ դժվար լինի դաշնակցականի կյանքը, նրա նվիրումը պահանջում է էապես փոխել իր կենցաղը, բայց նաև դուք մեծ առավելություն ենք ունենալու, որովհետև առաջինն եք լինելու մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծողների շարքում»
Այնուհետև, երդվելով ՀՅԴ ծրագրի, կանոնագրի և ատրճանակի վրա, երիտասարդները համալրեցին ՀՅԴ մեծ ընտանիքի շարքերը:
Դեռևս մեջ շաբաթ առաջ ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու անհրաժեշտ ձայների քանակը, սակայն ՀՅԴ համակիր երիտասարդներն այսօր իրենց երդմամբ եկան ապացուցելու, որ ՀՅԴ-ի գործը ո՛չ սկսվում, ո՛չ էլ, առավել ևս, ավարտվում է խորհրդարանում: Դաշնակցության գործը երեկ էր, այսօր է և վաղը:
Հուշ-միջոցառումն ավարտվեց ներկաների «Մենք անկեղծ զինվոր ենք» և «Վերքերով լի» երգերի կատարմամբ:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին և խունկ վառեցին նաև դաշնակցական Վահան Հովհաննիսյանի շիրիմին:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին լրանում է Հրայր Մարուխյանի մահվան 20-ամյակը: