կարևոր
1858 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-18 17:01
Հասարակություն Քաղաքական

Պետք է խմորի հունցը լինենք, հացը դառնանք ժողովրդի, որ մեր հայրենիքը հավերժ ապրի․ շուրջ 20 նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը

Փետրվարի 18-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում շուրջ 20 նորագիրներ դաշնակցականի երդում տալով՝ համալրել են կուսակցության շարքերը։ 

Օրը խորհրդանշական է՝ փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության 103-ամյակը։ «Խորհրդանշական է նաև երդման արարարողության համար ընտրված վայրը․ խմբապետ Մակիտոնի շիրիմին, ով փետրվարյան ապստամբության 21 զոհերից էր, որոնց կացնահարեցին բոլշևիկները Երևանի բանտում։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ շատ դեպքերում այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը նույնականանում է բոլշևիկյան իշխանության հետ» ,-ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նա ողջունեց բոլոր նորագիրներին, որոնք ծանր իրավիճակում որոշել են անդամագրվել Դաշնակցությանը։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայ դատի մարտիկ Համբիկ Սասունյանը։ «Դաշնակցական լինելը հեշտ բան չէ։ Մենք շատ թշնամիներ ունենք՝ կոմունիստներն են, թուրքերը, ադրբեջանցիները, դավաճանների երկար շարքն են։ Բոլորի կողմից հալածվել ենք, բայց ոչ մի կուսակցություն, կազմակերպություն չի կարող իրեն բաղդատել մեզ հետ»։ Թվարկելով ականավոր դաշնակցականների շարքը՝ Սասունյանը ընդգծեց, որ ոչ մեկը չունի նման մեծությունների։ Նրա խոսքով՝ Դաշնակցության քննադատողները շատ են, բայց ոչ մեկ չի կարող չափվել Դաշնակցության հետ, երբ հերթը ծառայությանն է հասնում։

Երդման կնքահայրը  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանն էր։ «Հայրենիքի համար պայքարելը, դա՝ պատվի գործ է։ Հայրենիքի համար զինվոր լինելը, պատվի՛ գործ է» ,-ասաց նա։  Տոնոյանի համոզմամբ՝ թշնամու հիմնական վախը հենց Դաշնակցությունն է։ «Դաշնակցությունն է, որ այս կրակը վառ է պահում ժողովրդի մեջ։ Այս դժվարին օրերին՝ Արցախի կորստից հետո, մեջքները ուղղելու ավելի լավ օրինակ չկա՝ բոլորին ցույց տալու համար, որ մենք ենք դրա ջահակիրը։ Մենք պիտի էն խմորի հունցը լինենք, որ կարողանանք ուժեղացնել, հացը դառնալ էս ժողովրդի, որ մեր հայրենիքը հավերժ ապրի»։

Երդման արարարողությունից հետո, կուսակցության անդամները այցելեցին Գառնիի ազատամարտիկների պանթեոն, խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին նահատակների շիրիմներին։

Մանրամասն՝ տեսանյութում