Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ Թուրքիայում անցկացված հանրաքվեն այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների առօրյայի վրա էական ազդեցություն չի ունենա: «Ինչպիսի ներքին և արտաքին քաղաքական հետևանքներ կունենան Թուրքիայի հանրաքվեի արդյունքները» թեմայի շրջանակներում կազմակերպված քննարկման ընթացքում, որին Ստամբուլից միացել էր տեսազանգի միջոցով, նա ասաց. «Մենք փոքրիկ համայնք ենք, հետևաբար` այս տեսակի խնդիրները մեր առօրյային չեն խանգարի»:
Էստուկյանը նաև նշեց, որ այս անգամվա քվեարկության ժամանակ հայկական համայնքի գրեթե 80 տոկոսը դեմ է քվեարկել նախագահական կառավարման մոդելին: «Մեզ համար էականն այն է, որ Թուրքիան վերջին տարիներին ալեկոծվում է: Նախագահ Էրդողանը մենատիրական լիազորություններ ստացավ: Թուրքիան այսօր մտած է անկանխատեսելի քաղաքականության մեջ»,- ասաց նա՝ շեշտելով, որ Թուրքիայի՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները ևս անկանխատեսելի են եղել՝ հիշեցնելով, որ երբ կործանվել էր ռուսական ինքնաթիռը, ռուս-թուրքական հարաբերությունները շատ տարբեր դրսևորումներ են ունեցել:
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր լավացման և այդ համատեքստում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը վերաբերյալ Էստուկյանը նշեց՝ հայկական կողմի համար ավելի շահեկան է ներկա հարաբերությունների պահպանումը: «Վատ չէր լինի, որ բարիդրացիական հարաբերություններ լինեն, բայց հաստատ ավելի լավ է, որ մեր հարաբերությունները մնան այս մակարդակի վրա: Դիվանագիտական այսպիսի հարաբերությունները բարեբախտություն են Հայաստանի համար: Սահմանի բացումը, երկու երկրների բարեկեցությանը չի նպաստելու. հեռու մնալը շատ ավելի ճիշտ է, քան մոտ լինելը»,- ասաց նա:
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժնի փորձագետ Դիանա Յայլոյանն էլ, ով տեսազանգով Անկարայից էր միացել քննարկմանը, նշեց, որ այս ընտրությունները հետաքրքիր էին նրանով, որ իրականացվեցին այն ժամանակ, երբ երկրում արտակարգ դրություն էր: «Այս պահին արտակարգ վիճակ չկա, բայց այն մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել, հիասթափված են»,- ասաց նա:
Խոսելով Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին՝ Յայլոյանն ընդգծեց, որ այն շատ փոփոխական է, և դժվար է խոսել հստակ ռազմավարության մասին: