Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ ժողովրդի հպարտությունը՝ Հռոմից էլ հին Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը: Ավանդույթի համաձայն` ամեն տարի երևանցիները՝ քույր քաղաքների և բարեկամ երկրների քաղաքների պատվիրակությունների հետ մեծ շուքով են տոնում իրենց սիրելի քաղաքի օրը, նրան երգեր ձոնում, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպում: Այս տարին բացառություն չէ:
Հոկտեմբերի 21-ին՝ տոնական օրվա վաղ առավոտյան հանդիսությունները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հրապարակից՝ Երևանյան մարաթոնով:
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Բազմազգ Երևան» խորագրով միջոցառումը կհամախմբի ազգային փոքրամասնությունների կատարողներին, որոնք հանդես կգան համերգով Անգլիական այգում:
Կիրովի անվան մանկական զբոսայգում կանցկացվի «Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը, «Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով և կհասնի Հանրապետության հրապարակ:
Միջոցառումների կարևոր մասն է կազմում նաև «Դասական երաժշտության հարթակ»-ը, որը կգործի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:
Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող խմբերին բեմահարթակ կտրամադրվի Հյուսիսային պողոտայում: Կանցկացվեն նաև ազգային երգ ու պարի, ջազ, ռոք երաժշտության համերգային ծրագրեր: Նորաձևության երկրպագուները հնարավորություն կունենան նորովի ընկալել հայկական տարազն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով ցուցադրությունը դիտելով:
«Էրեբունի-Երևան 2800»-ի գալա համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում և կեզրափակվի գեղեցիկ հրավառությամբ:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:
Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում՝ Էրեբունի անվամբ։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտնված մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր...»։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեշեյբանին և Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ մարդը Երևանում բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ: Ըստ ժողովրդական ավանդության՝ Երևանը կապվում է Նոյի անվան հետ. Նոյն է այդպես կոչել այն ցամաքը, որն առաջինն է նկատել ջրհեղեղից հետո:
էրեբունին Աքեմենյան շրջանում (մինչև մ.թ.ա. 330 թվական) դառնում է Հայաստանի հյուսիսային հատվածի վարչական կենտրոնը, Հայոց թագավորության շրջանում մայրաքաղաք են դառնում այլ քաղաքներ։ Յոթերորդ դարում Երևանը գրավում են արաբները։ Քաղաքը 850 թվականին ազատագրում է Հայոց իշխան, հետագայում թագավոր Աշոտ Բագրատունին և այստեղ բերդ կառուցում։ 14-րդ դարի վերջերին թյուրքական ցեղերը, թափանեցելով Հայաստան, հիմնում են Երևանի կուսակալությունը։ Երկիրը դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, Երևանի կուսակալությունը անցնում է պարսկական տիրապետության տակ՝ այնուհետև դառնալով Երևանի խանություն։ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1828 թվականին Ռուսական կայսրության կազմում ձևավորվում է Երևանի նահանգը։ 1913 թվականին Երևանի բնակչությոան թիվն անցնում է 35 հազարից. քաղաքում կար էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, հեռախոսակապ, գործում էր մի քանի արդյունաբերական ձեռնարկություն, էլեկտրական տրամվայ։
Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոն եղած Երևանը դառնում է 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը. Երևանում բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից: 1920-ին Երևանը դառնում է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ հաջորդ տասնամյակներում մեծ աշխատանք է կատարվում քաղաքի ընդլայնման, ենթակառուցվածքների ստեղծման, արդյունաբերական և այլ ոլորտների ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։1991 թվականին հայ ժողովուրդը կրկին նվաճում է անկախ ապրելու իրավունքը, և Հայաստանի երրորդ հանրապետության մայրաքաղաք Երևանը շարունակում է քաղաքաշինական զարգացումը։ Այժմ քաղաքամայր Էրեբունի-Երևանն իր դիմագիծն ունեցող եվրոպական քաղաք է, որտեղ իշխում է հայ բազմադարյա ճարտարապետության շունչը, և կան բազմաթիվ, տարբեր դարաշրջանները ներկայացնող պատմամշակութային հուշարձաններ և շենքեր, որտեղ ապրում են արդեն նոր Հայաստանում արարող և ստեղծագործող երևանցիները։