կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 18:06
Մշակույթ

Յուրի Հայրապետյանի հոբելյանը կնշվի համերգներով

Յուրի Հայրապետյանի հոբելյանը կնշվի համերգներով

Այս տարի նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ` տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ՝ նվիրված անվանի դաշնակահարի տարեդարձին։

 

Մասնավորապես` այսօր Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Յուրի Հայրապետյանի և նրա տարբեր տարիների աշակերտների (Հրանտ Հայրապետյան, Պավել Մելիխով, Կարինե Մովսիսյան, Ելենա Լելիդիս, Անաստասիա Նեստերովա, Դեսիսլավա Բոբրինա, Արմեն Մանասյան, Սամսոն Ցոյ, Ռինա Խարասովա) համերգը։ Իսկ հոկտեմբերի 30-ին Յուրի Հայրապետյանի աշակերտուհի Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան) Արամ Խաչատրյանի անվան  համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ։

 

Հայրապետյանին նվիրված համերգները ներառված են Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։

 

Յուրի Հայրապետյանն այն եզակի երաժիշտներից է (Գալինա Վիշնևսկայա, Լեոնիդ Կոգան, Լև Օբորին, Մստիսլավ Ռոստրոպովիչ), ով Արամ Խաչատրյանի կենդանության օրոք՝ 1962-63 համերգաշրջանի ընթացքում, որպես մենակատար, ելույթ է ունեցել Խաչատրյանի հեղինակային համերգներին։

 

Հայրապետյանի երկացանկում առանձնահատուկ տեղ ունեն Բեթհովենի, Լիստի, Մոցարտի, Շոպենի, Պրոկոֆևի, Շումանի, Խաչատրյանի ստեղծագործությունները։ Իր ծրագրերում Յուրի Հայրապետյանը մշտապես ներառում է նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Ա. Բաբաջանյան, Է. Հովհաննիսյան, Է. Արիստակեսյան):