Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19։00-ին ՀԲԸՄ հայաստանյան ցուցասրահում տեղի կունենա Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի կողմից նախաձեռնած հայաստանցի, սփյուռքահայ, արաբ եւ եվրոպացի մի խումբ գեղանկարիչների եւ քանդակագործների հավաքական ցուցահանդեսը, որը նվիրված է Համազգայինի հիմնադրման 95-ամյա հոբելյանին։ «Առավոտ»-ի զրուցակիցն է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության «Վահե Սեթեան» հրատարակչատան եւ «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանը։
– Պարոն Հավաթեան, ինչպես տեղի ունեցավ Հայաստանից դուրս հայկական ցուցասրահ ունենալու գաղափարը։ Եթե չեմ սխալվում, սա իր տեսակով բացառիկ նախաձեռնություն էր։
– «Լյուսի Թութունճեան» ցուցասրահը հիմնվել է 2009 թվականին Համազգայինի «Վահե Սեթեան» հրատարակչատան նախաձեռնությամբ եւ կողքին՝ բարերարությամբ արվեստի քաջալերող եւ արվեստագետ տիկին Լյուսի Թութունճեանի եւ իր ամուսնու՝ Կարպիս Թութունճեանի։ Նրանք են ստանձնել ցուցասրահի կառուցման բարերարությունը։ 2013-ին ցուցասրահը ընդարձակվեց, կրկնապատկվեց՝ բարերարությամբ Համազգայինի 10 բարեկամների, որոնց նվիրատվությունների շնորհիվ հնարավոր եղավ երկրորդ հարկ ունենալու եւ տարածքը ընդլայնել՝ առավել մեծ հնարավորություններ ստեղծելով՝ արվեստի գործերի ցուցադրության համար։ Այս Ցուցասրահի հիմնումը մեծապես պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ Սփյուռքի մեջ ունենայինք հայրենի եւ սփյուռքահայ արվեստագետների գործերի ցուցադրման համար մշտական գործունեություն ապահովող սրահ։ Մինչ այդ հայ արվեստագետները տարբեր ցուցասրահներում էին ներկայանում կամ զանազան կենտրոնների մեջ էին լինում ցուցադրությունները։ Այս Ցուցասրահը առավել կառույցային բնույթ տալու նպատակ ուներ արվեստի այս բնագավառի համար, ինչպես նաեւ խնդիր էր դրված կենտրոն դառնալու։ Ինչպես ունենք սրահներ, ակադեմիաներ, այնպես էլ Համազգայինի կողմից ստեղծված այս կենտրոնը նպատակ ուներ կերպարվեստի բնագավառի համար Սփյուռքի մեջ կառույցային կենտրոն դառնալու։ Անցնող 12 տարվա ընթացքում ցուցասրահը կազմակերպել է 135 անհատական եւ հավաքական ցուցահանդեսներ։ Ցուցասրահը հյուրընկալում է Հայաստանից, Արցախից, Լիբանանից եւ Եվրոպայից հայ եւ մի շարք արաբ ու եվրոպացի արվեստագետների։ Իսկապես, շատ ճիշտ էր ձեր դիտարկումը, որ ցուցասրահը Սփյուռքում բացառիկ է եւ յուրատեսակ կամրջող դերակատարում ունի Հայաստանի եւ Սփյուռքի արվեստագետների միջեւ։
– Ի սկզբանե որն է եղել Ցուցասրահի առաքելությունը։
– Ինչպես արդեն նշեցի, Ցուցասրահի հիմնական առաջադրանքն է եղել դառնալ կամուրջ Լիբանանի եւ Հայաստանի միջեւ կերպարվեստի մարզի մեջ՝ հայրենի արվեստը Լիբանանի արվեստասերներին ներկայացնելու նպատակով։ Ցուցասրահը քաջալերում է նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդ տաղանդավոր նկարիչներին եւ այդ ուղղությամբ կազմակերպվել են Հայաստանի, Արցախի եւ Լիբանանի երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսները, որոնք մեծ խանդավառությամբ են ընդունվել։ Ցուցասրահում կազմակերպվում են նաեւ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, մշակութային երեկոներ եւ այլ մշակութային նախաձեռնություններ։ Ցուցասրահը անկախ հայ կերպարվեստը ծանոթացնելուց, հասույթը տրամադրվում է Համազգայինի հրատարակչական գործունեությանը, որը իրագործվում է Համազգայինի «Վահե Սեթեան» հրատարակչատան կողմից։
– Որքանով են այսօրինակ ցուցահանդեսները կենսունակ պահում ձեր Ցուցասրահի գործունեությունը եւ ընդհանրապես, որքանով հասկանում եմ, հատկապես Սփյուռքում արվեստագետների համար այն նաեւ դրսեւորման կարեւոր հարթակ է հանդիսանում։
– 2019 թվականին մեր Ցուցասրահը Հայաստանի մեջ նշեց հիմնադրման 10-ամյակը։ Լիբանանը հետագա տարիներ խիստ ճգնաժամեր դիմագրավեց եւ արվեստի բնագավառի մեջ մեծ քայլեր հնարավոր չեղավ իրագործել։ Հիմա փորձում ենք բնականոն հունի մեջ մտնել եւ առաջիկայում վստահ եմ կսկսենք ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքները։ Ցուցասրահը միշտ էլ այցելուներ ունի եւ յուրաքանչյուր ամիս 6-7 արվեստագետների գործեր ցուցադրվում են մեր հարկի ներքո։
– Խոսենք առաջիկա հայաստանյան ցուցահանդեսի մասին։ Բավականին մեծ է մասնակիցների աշխարհագրությունը։ Ըստ էության սա Համազգայինի հոբելյանական ձեռնարկների շարքում հատուկ կարեւորություն ունի իր ներկայացուցչական կազմով։
– Այս ցուցահանդեսը մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Կազմակերպվում է Համազգայինի 95-ամյակի շրջածիրին մեջ եւ Հայաստանի ցուցահանդեսին հաջորդելու է նույն ցուցադրությունը Լիբանանում։ Այս ցուցահանդեսի մասնակցության սկզբունքն այն է, որ անցնող 12 տարիների ընթացքում Համազգայինի հետ համագործակցած արվեստագետները մեկ հարկի ներքո ներկայացվեն։ Բոլորին անխնտիր հրավեր է ուղղվել։ Նկարչական եւ քանդակագործական աշխատանքներ են ներկայացվելու։ Շնորհակալություն ենք հայտնում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, ովքեր սիրահոժար տրամադրեցին իրենց ցուցասրահը այս ցուցադրության համար։ Այս ցուցահանդեսի խորհուրդը կայանում է նրանում, որ մեր առաքելությունն է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը կերպարվեստի բնագավառում եւ կարեւոր առիթ է Սփյուռքահայ արվեստագետների համար Հայրենիքում ներկայանալու։ Սեպտեմբերի 14-ին է լինելու ցուցահանդեսի բացումը եւ մինչ սեպտեմբերի 18-ը կշարունակվի։ Ցուրաքանչյուր արվեստագետ այս ցուցահանդեսին մասնակցում է մեկ գործով։ Մեր ջերմ փափագն է, որպեսզի արվեստասերները ներկա գտնվեն, ավելիով ծանոթանալով սփյուռքահայ արվեստագետների գործերին։ Սիրով կսպասենք բոլորին արվեստի մեծ տոնն ու Համազգայինի 95-ամյա հոբելյանը միասին նշանավորելու նպատակով։