կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-18 16:14
Տնտեսական

2019-ին տնտեսական աճը կնվազի. Սուրեն Պարսյան

2019-ին տնտեսական աճը կնվազի. Սուրեն Պարսյան

2019 թվականի բյուջեն կարելի է  բնորոշել որպես համեստ կամ գոյատևման, նախկին վարկերը փակելուն ուղղված պետական բյուջե: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Այս բյուջեի ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 614 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա համեմատ, ավելի է մոտ 10%-ի չափով: Մենք չունենք կտրուկ բյուջետային ծախսերի աճ, ինչպես նաև չունենք բյուջետային եկամուտների աճ, մասնավորապես` հարկային եկամուտների գծով: 2019-ի ընթացքում նախատեսվում է եկամտային մասն ավելացնել մոտ 154 մլրդ դրամով, ինչը թույլ չի տա կրճատել ստվերային տնտեսությունը»,- ասաց նա:

Պարսյանի խոսքով` բյուջեի եկամտային մասը  հիմնականում ապահովելու են  կառավարության ձեռք բերելիք 450 միլիոն դոլարի վարկային միջոցները: «Եթե 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունենալու ենք 7 մլրդ դոլարի չափով արտաքին պարտք, ապա 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունենալու ենք 7.5 մլրդ դոլարի չափով արտաքին պարտք: 450 մլն դոլարի պարտքը հիմնականում ուղղվելու է նախկինում ձեռք բերված վարկային միջոցների մարմանը»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ 2019 թվականի  ընթացքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 20.7%, մինչդեռ 2018-ին 21.6%  էր: «Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք 2019-ի ընթացքում ստվերային տնտեսության նվազում կամ հարկային վարչարարության աճ չենք ունենալու: Սա պետք է նպաստի, որ կառավարությունը վերանայի իր հարկային, մաքսային քաղաքականությունը և այնպիսի նոր հարկային քաղաքականություն առաջ քաշի, որը կապահովի  Հայաստանի տնտեսության ու պետական բյուջեի համար կայուն եկամուտների աճ»,- ասաց տնտեսագետը:

Խոսելով տնտեսական աճի մասին` Պարսյանը ասաց. «Եթե 2018 թվականի համար կանխատեսում ենք 6.5% տնտեսական աճ, ապա 2019 թվականի համար նախատեսվում է 4.9% տնտեսական աճ: Այսպիսով` գրանցում ենք, որ հաջորդ տարի տնտեսական աճն ավելի ցածր է լինելու, քան այս տարի: 4.9 տոկոս տնտեսական աճը չի ապահովելու հասարակության զարգացում, տնտեսության բարելավում, այս աճը ներառական չի լինելու, այս աճից չի օգտվելու հասարակության մեծ մասը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ 2019 թվականի բյուջեով նախատեսված չէ կենսաթոշակների, աշխատավարձերի, նպաստների աճ, որը կապահովեր աղքատության կրճատում, տարածքային համաչափ զարգացում և այլն»:

Ի դեպ, ըստ տնտեսագետի, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի նախկին կառավարություննների լիբերալ տնտեսական քաղաքականությունից և գործիչներից, հակառակ դեպքում ավելի կսրվեն սոցիալան խնդիրները, և նոր սոցիալական բունտեր կլինեն:

Պարսյանի խոսքով` բյուջեով ծախսերի աճ նախատեսված չէ նաև զբաղվածության ապահովման ուղղությամբ: «Ունենք 18% գործազրկություն, և այս վիճակը շտկելու համար զգալի փոփոխություն չի լինելու: 2019 թվականի բյուջեով մի շարք ուղղություններով նախատեսված է ծախսերի աճ, որը ողջունելի է. առողջապահության ոլորտում մոտ 10 տոկոսի աճ է նախատեսվում, գյուղատնտեսության ոլորտում ևս ծախսերի աճ է նախատեսվում»,- ասաց նա:

Տնտեսագետը շեշտեց, որ թեև տարիներ շարունակ քննադատվում էր, որ պետական համակարգի ծախսերն ուռճացված են, սակայն 2019 թվականի ընթացքում նախատեսված է պետական համակարգի պահպանման ծախսերի աճ մոտ 9 մլրդ դրամի չափով: «Մեկ ուշագրավ աճ ևս կա` նախատեսվում է սուբսիդիաների աճ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ծախսերը նվազել էին: Այսինքն` ՀԿ-ների կամ այլ ծրագրերի մասով, ըստ էության, աճ է նախատեսված»,- եզրափակեց Պարսյանը: