կարևոր
8221 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 14:00
Տնտեսական

Պարադոքս՝ տնտեսական աճ աղքատության աճին զուգահեռ․ Սուրեն Պարսյան

Պարադոքս՝ տնտեսական աճ աղքատության աճին զուգահեռ․ Սուրեն Պարսյան

2022 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.4 %․ MediaHub–ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ սա համարում է տարվա ամենամեծ տնտեսական ձեռքբերումը։

Չնայած այս տարվա երկնիշ տնտեսական աճին, 2021 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 26.5 %, ծայրահեղ աղքատների թիվը 2020-ի համեմատ աճել է կրկնակի անգամ։ Այս ցուցանիշով Հայաստանը ԵԱՏՄ երկրներում զբաղեցնում առաջին տեղը։ Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսման՝ 2022թ–ին աղքատության մակարդակը Հայաստանում շեշտակի կավելանա։

Ինչպես է բացատրում տնտեսագետը առկա դիսոնանսը․

«Մենք ունենք երկնիշ տնտեսական աճ աղքատության աճին զուգահեռ, պարադոքս, որը պայմանավորված է նրանով, որ շատ քչերն են օգտվում տնտեսական աճից»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Պաշտոնական տվյալներով, այս տարի Հայաստանում 67%-ով կամ 91 մլրդ դրամի չափով նվազել են նաև ներդրումները։

«Քանի դեռ Հայաստանը չի կարողանում լուծել իր անվտանգային խնդիրները, քիչ է հավանականությունը, որ ներդրումների ծավալը կավելանա»,-ասաց տնտեսագետը։

Ի հեճուկս Սփյուռքի հանձնակատարի և էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների, որ Հայաստանը ունի ներդրումների աճ, ստացվում է ճիշտ հակառակը՝ պաշտոնական տեղեկատվությունը նրանց հերքում է։ Սուրեն Պարսյանն առանձնացնում է նաև, թե այս տարի որ ոլորտներն են ապահովել տնտեսական աճը․ առևտրի ոլորտը՝ 16.2%, ծառայությունների ոլորտը՝ 28.2 %, շինարարության ոլորտը՝ 8.4%։

«Այս տարվա ընթացքում բավականին լուրջ ցնցումներ եղան համաշխարհային շուկայում՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ և դրան հաջորդող պատժամիջոցներով․ դրանք իրենց ազդեցությունն են թողել նաև Հայաստանի վրա»։ Տնտեսագետի խոսքով, չնայած տարվա սկզբի հոռետեսական կանխատեսումներին, որ Ռուսաստանի տնտեսության անկումը կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա, եղավ հակառակը։ Այս տարվա 9 ամիսների հաշվարկով 50 հազար ռուսաստանցիներ են Հայաստանում մնացել, ովքեր իրենց հետ նաև մեծ գումար են բերել Հայաստան։

2022-ի թվականի 10 ամսվա հաշվարկով Հայաստան է փոխանցվել 4.1 մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ, որոնք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են մոտ 2.5 անգամ, իսկ միայն Ռուսաստանից տրանսֆերտներն աճել են 3.5 անգամ։

«Մենք պետք է հասկանանք, որ այս կտրուկ տնտեսական աճը նաև ապագում մեծ անկման պատճառ է դառնալու։ 2023-ին վստահաբար Հայաստանի տնտեսական աճը դանդաղելու է, որովհետև Ռուսաստանից եկողների հոսքը կրկնակի չի ավելանալու, վտանգ կա, որ եղածն էլ կարող է նվազել, իսկ կառավարությունը հաջորդ տարվա համար որևէ ծրագիր, որևէ մոտեցում չունի, որը թույլ կտա մեղմել այդ իրավիճակը»,- խոսքն ամփոփեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։