կարևոր
16189 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-12 21:42
Տնտեսական

Եթե դեպի Հայաստան եկող գումարների շարժը դադարի, ապա մեր երկրի տնտեսական աճը մեկ օրում կանհետանա. Սուրեն Պարսյան

Եթե դեպի Հայաստան եկող գումարների շարժը դադարի, ապա մեր երկրի տնտեսական աճը մեկ օրում կանհետանա. Սուրեն Պարսյան

Նիկոլ Փաշինյանն, այսօր կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ, խոսելով Հայաստանի տնտեսական առկա իրավիճակի մասին, հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունը կարողանում է կառավարել ճգնաժամերը:

«Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես ՀՀ-ն կունենա տնտեսական բարձր աճ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ հաջորդ տարվա համար ևս նախատեսում են 7 տոկոս աճ գրանցել:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տնտեսական աճի գրանցման գործում կառավարության գործոնը չնչին է: Նրա խոսքով՝ չնայած ներկա կառավարությունն իրեն է վերագրում բոլոր բարձր ցուցանիշերը, սակայն այդ տնտեսական ակտիվությունը ժամանակավոր է և պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով:

«Ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտները բավականին մեծ աշխուժություն առաջացրին մեր երկրի տնտեսական շուկայում: Նրանք իրենց հետ բերեցին ո՛չ միայն իրենց աշխատանքը, այլև իրենց խնայողությունները: Միայն անցած տարի 3.6 մլրդ դոլարի խնայողություն է մտել մեր երկիր: Այս տարի էլ շարունակվում է Ռուսաստանից Հայաստան գումարների հոսքը, ինչը խթանել է Հայաստանի ծառայության ու առևտրի ոլորտների զարգացումը»,- մանրամասնեց Սուրեն Պարսյանը: ­­

Տնտեսագետի գնահատմամբ՝ ֆինանսաբանկային համակարգը նույնպես բավականին լուրջ աճ է գրանցել՝ հենց այդ նույն հանգամանքների արդյունքում:

«Օրինակ՝ 2022 թվականին աճը կազմել է 50 տոկոս: Այս տարի էլ այդ աճը շարունակվում է: Բացի այդ երկու ոլորտներից՝ Հայաստանն ունի նաև տնտեսության հիմնական շարժիչ՝ շինարարության ոլորտը: Միայն հունվար-օգոստոս ամիսներին այս ոլորտում 13.3 տոկոս աճել է շինարարությունը, առևտուրն աճել է 23.1 տոկոս, ծառայությունները՝ 14.8 տոկոսով: Ընդհանուր հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունը կազմել է 10.4 տոկոս»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, այդ ամենի ֆոնին, տնտեսագետը մատնանշում է ներքին գործոնների արդյունքում Հայաստանում առաջացած անկումային ցուցանիշները: Այս առումով՝ մատնանշում է հատկապես արդյունաբերական ոլորտը, որտեղ մեր երկիրն արդեն երրորդ ամիսն է, ինչ անկում է գրանցում:

«Հունվար-օգոստոս ամիսների հաշվարկով արդյունաբերության ոլորտի անկումը կազմում է 0.1 տոկոսի չափով: Իսկ օգոստոսի նկատմամբ անկումը կազմում է 3.8 տոկոս: Հիմնական անկում է գրանցվել հանքարդյունաբերության, սննդի վերամշակման ու նաև որոշակի խմիչքների արտադրության ոլորտներում»,- տեղեկացրեց տնտեսագետը՝ համոզմունք հայտնելով, որ երկարատև տնտեսական աճ գրանցելու համար պետք է բավարար աշխատանք իրականացվի՝ գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտների զարգացման ուղղությամբ:

Այս համատեքստում, 168.am-ի զրուցակիցը գյուղատնտեսության ոլորտում արձանագրեց գրեթե զրոյական վիճակ, ինչը, ըստ նրա, վկայում է, որ այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի իրականացվում:

Որպես հավելում, Սուրեն Պարսյանը հստակեցրեց, որ գործող կառավարության ներկայացվող ցուցանիշները Հայաստանի ներքին ներուժի հետ որևէ կապ չունեն: Նրա խոսքով՝ եթե դեպի Հայաստան եկող գումարների շարժը հետագայում դադարի, ապա մեր երկրի տնտեսական աճը մեկ օրում պարզապես կանհետանա:

«Կառավարությունը պետք է ստանձնի ամբողջ պատասխանատվությունը, որպեսզի այդ հոսքերը չդադարեն: Դադարի դեպքում մենք շատ լուրջ տնտեսական անկում ենք ունենալու, ինչպիսին եղավ, օրինակ՝ 2009 թվականին, երբ ի հաշիվ շինարարության կտրուկ անկման, դեպի Հայաստան ներդրումները նվազեցին, ու մեր տնտեսությունը 14.4 տոկոս անկում գրանցեց»,- հիշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում առկա և օրեցօր ավելացող անվտանգային խնդիրները հեռանկարներ չեն ստեղծում նաև երկարաժամկետ ներդրումների համար: Դրա ամենաակնառու ցուցիչն էլ, ըստ մեր զրուցակցի, այն է, որ այս պահին էլ մի շարք ներդրումային ծրագրեր սառեցված են:

Սուրեն Պարսյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրում դեռևս առկա այս դրական ցուցանիշները հնարավոր կլինի պահպանել միայն ապագայում հնարավոր ռիսկերը նվազեցնելու քաղաքականության մշակման արդյունքում:

«Ցավոք, պետք է նշեմ, որ կառավարության կողմից այդ քայլերն այս պահին չեն երևում: Նրանք հայտարարում են, թե երկարաժամկետ տնտեսական աճի համար փորձում են արդյունաբերություն զարգացնել, բայց իրականում այդ ոլորտում ունենք ճիշտ հակառակ ցուցանիշներ: Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հասկանա, որ արցախցիների՝ Հայաստան գալով բավականին լուրջ հումանիտար ու սոցիալական խնդիրներ պետք է լուծվեն: Եթե կառավարությունը չկարողանա զուգահեռ ավելացնել արտադրական, մասնավորապես՝ գյուղմթերքի ու մի շարք այլ ապրանքների արտադրությունը, ապա մեր ներքին շուկայում կարող ենք ունենալ նաև գնաճ»,- ասաց նա՝ հատուկ շեշտելով, որ կառավարության գործը ո՛չ միայն արցախցիներին գումար տրամադրելն է, այլև նպաստել բնակավայրի ու նրանց զբաղվածության հարցերով:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա համար կառավարության կանխատեսած 7 տոկոս տնտեսական աճին, տնտեսագետն արձանագրեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մենք մոտավորապես 10 տոկոս աճ ենք գրանցել, ուստի շատ հավանական համարեց նաև 7 և ավելի տոկոս աճի տարբերակը: Այդուհանդերձ, նրա խոսքով, այս դեպքում կարևորը ոչ թե ցուցանիշի չափն է, այլ որակը:

«Մենք տեսնում ենք, որ այս աճից շատ քիչ թվով մարդիկ են օգտվում: Կառավարությունը պետք է հասկանա դա ու շեշտն առավելապես դնի մարդկանց կենսամակարդակի բարձրացման, աշխատատեղերի ու բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման և նաև ներդրումների վրա: Այս ամենի մեջ ամենակարևորը, իհարկե, հենց անվտանգային խնդիրն է: Մի երկիր, որը չի կարողանում լուծել իր անվտանգության հետ կապված հարցերը, չի կարող ակնկալել երկարատև ներդրում և իրականացնել տնտեսական, սոցիալական արդյունավետ քաղաքականություն»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի, խնդրահարույց իրավիճակում է նաև բնակարանաշինության ոլորտը: Նրա կանխատեսմամբ՝ առկա իրավիճակի շարունակության դեպքում՝ այստեղ նույնպես կտրուկ անկում կարող ենք ունենալ, քանի որ բնակարանները չեն վաճառվում:

168.am-ը հետաքրքրվեց նաև, թե մեր երկրի տնտեսությունն ինչ հետևանքներ կկրի Ռուսաստանի կողմից հնարավոր սանկցիաների կիրառման պարագայում.

«Մեր երկրի արտահանման մոտավորապես 52 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս թվում մեծ բաժին է կազմում նաև վերարտահանումը: Այսինքն, այն ապրանքները, որոնք Ռուսաստանը չի կարողանում գնել դրսից՝ դա անում է Հայաստանի միջոցով: Նաև, և՛ ՌԴ-ն, և՛ ՀՀ-ն ԵԱՏՄ երկրներ են, և նրանց առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորվում են այդ շրջանակներում: Սա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ սանկցիա կիրառելու դեպքում ՌԴ-ն նույնպես կարող է տուժել: Այնպես որ, կարծում եմ, որ այս առումով ՌԴ-ն իր քայլերը կիրականացնի առավելագույնս կշռադատված ու չգնալով առևտրատնտեսական հարաբերություններով որևէ մեծ ցնցման»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ այդուհանդերձ, Ռուսաստանն արդեն իսկ մի քանի անգամ կիրառել է սանկցիաներ՝ այս տարվա ապրիլին՝ Հայաստանից կաթնամթերքի և հետագայում նաև՝ կոնյակի արտահանման հարցում:

Նազելի Ստեփանյան

Աղբյուրը՝ 168.am