կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-27 15:05
Տնտեսական

2019-ի բյուջեի նախագիծը հավանության արժանացավ. տնտեսական աճը՝ 4,9 %, գնաճը՝ 2,7 %

2019-ի բյուջեի նախագիծը հավանության արժանացավ. տնտեսական աճը՝ 4,9 %, գնաճը՝ 2,7 %

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝  2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է` եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ:

ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Ինչպես նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ: Ըստ նրա՝ առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, պետք է ունենա պարտքը կայունացնելու միտում:

«Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու, որպես կանոն, կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ 2019 թ.-ից պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան:

«Կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացվել այդ արդյունքներին հասնելու համար»,- նշեց ֆինանսների նախարարը:

Ըստ նրա` ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս:

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» օրինագծին, նշեց. «Մենք նախատեսում ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում` հարկային, այդ թվում` նաև տնտեսության վրա ազդեցություն գործող այլ օրենսդրություն, բարեփոխումներ ենք առաջարկում: Աշխատանքներ են տարվելու նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք հանգեցնելու են ծախսային արդյունավետության: Կարծում եմ՝ դրանք ազդեցություն են ունենալու 2019 թ. բյուջեի վրա, և մենք հընթացս որոշակի փոփոխություններ անելու ենք դեպի էլ ավելի լավը»:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ վերանայվել է 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, ակնկալվում է, որ այն 4,5 տոկոսի փոխարեն կլինի 6,5 տոկոս: Քանի որ փոխվել է բազան 2019 թվականի համար, հետեւաբար նվազեցվել է կանխատեսումը 2019 թվականի համար՝ 5,3 տոկոսի փոխարեն այն կկազմի 4,9 տոկոս: Կանխատեսվում է, որ գնաճը կլինի 2,7 տոկոս, ինչը թույլատրելի (2,5-5,5 տոկոս) միջակայքում է: