Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»:
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պնդել էր, որ Նիկոլ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։
«Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը վստահաբար, տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերը իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՝ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած՝ նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը գրեթե տասն անգամ ավելի է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»,- ավելի վաղ «Ֆեյսբուքի» իր էջում գրառել էր Մանե Թանդիլյանը:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հրապարակած թիվը վերացված է պաշտոնական վիճակագրությունից, իսկ Մանե Թանդիլյանի պնդումը, ըստ նրա՝ թեև տրամաբանական է, բայց դժվար ապացուցելի:
«Վարչապետի հրապարակած թիվն առկա է պաշտոնական վիճակագրության մեջ: Մանե Թանդիլյանի հայտարարությունը տրամաբանություն ունի, այդ 270 օրը, բայց ասածը հնարավոր չէ ճշտել, դրա հետ կապված պաշտոնական վիճակագրություն չկա: Չենք կարող հիմա ֆիքսել, որ Մանե Թանդիլյանի ասած տասնապատիկ ավելին ճիշտ է կամ սխալ, որովհետև պաշտոնական վիճակագրություն այդ մասով չկա»,- նշեց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանը տեղեկացմամբ՝ հստակ է, որ սպառողական վարկերն ավելի արագ տեմպերով են ավելանում: Մասնավորապես, նախորդ տարի սպառողական վարկային բեռն ավելացել է 32 տոկոսով. «Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ ավելի շատ վարկ են վերցնում, քան եկամուտ են ստանում: Սա վկայում է այն մասին, որ մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում»,- նկատեց նա:
Փոխարենը, նվազել են արդյունաբերության ֆինանսավորման և գյուղատնտեսական վարկերը. «Բացի սպառողականից, հիփոթեքային վարկերն են մոտ 27-28 տոկոսով աճել, բայց սրանք այն վարկերն են, որոնք տնտեսության համար չեն ապահովում երկարաժամկետ, կայուն, դինամիկ աճ: Սա զուտ սպառման նպատակ ունի, այս վարկերը ձեռքբերելով՝ մարդիկ չեն ստեղծում իրենց համար եկամտի աղբյուրներ: Մարդկանց սոցիալական վիճակն, ըստ էության, ավելի է ծանրանում, քանի որ դրան զուգահեռ նրանց եկամուտները չեն ավելացել: 2019թ. միջին անվանական աշխատավարձն ավելացել է 5.8 տոկոսի չափով, բայց վարկային բեռն ավելի արագ է աճել»,- նշեց Սուրեն Պարսյանը: