կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-11 14:39
Հասարակություն

Հայաստանում 2050-ին 2.3 միլիոն մարդ կմնա

Հայաստանում 2050-ին 2.3 միլիոն մարդ կմնա

Հուլիսի 11-ը բնակչության համաշխարհային օրն է: Այս տարի հոկտեմբերին Երկիր մոլորակի բնակչության թիվը կանցնի յոթ միլիարդը:

Իրականում բոլոր երկրները չէ, որ բնակչության աճի լավ տեմպ ունեն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ծնելիությունը մեծ է զարգացող աֆրիկյան երկրներում, իսկ զարգացած երկրներում այն փոքր է. եվրոպական շատ երկրներ համարվում են «ծերացող»

Հայաստանը կանգնած է ժողովրդագրական մի շարք խնդիրների առջեւ` ծնելիության ցածր մակարդակ, բնակչության ծերացում, մահացության աճ, արտագաղթ…:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքերով` 2050 թվականին Հայաստանում 2.3-2.5 միլիոն բնակչություն է կանխատեսվում:

«Իրավիճակը մեր օգտին չէ: Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեր հարեւանների ժողովրդագրական ներուժը շատ ավելի մեծ է, քան մերը:  Դեռ խորհրդային տարիներին Հայաստանի բնակչության թիվը հարեւան երկրների բնակչության մոտավորապես 3%-ն էր, իսկ այժմ 2%-ից պակաս է: Եթե այսպես շարունակվի, մոտակա տասը տարվա ընթացքում մենք կունենանք 1%-ը: Սա նշանակում է, որ մեր հարեւան երկրները շարունակում են ունենալ ընդլայնված վերարտադրություն, իսկ մենք ունենք վերացող վերարտադրություն»,- նշեց նա:

Նմանատիպ խնդիրները լուծելու համար, ըստ Գարիկ Հայրապետյանի, մեզ  անհրաժեշտ է ժողովրդական միգրացիոն փորձաքննության ինստիտուտ, որը կուսամնասիրի թե պետական որոշումներն ինչ  փոփոխությունների կարող են հանգեցնել ժողովրդագրական առումով` բնակչության թվաքանակի, կառուցվածքի փոփոխություն:

Ռուբեն Եգանյանի խոսքերով` պարզապես պետք է խթանել ծնելիությունը: «Առաջնահերթ հարկավոր է խթանել երկրորդ երեխայի ծնունդը, քանի որ այսօր շատ ընտանիքներ ունենում են առաջին երեխան եւ այդքանով դադարեցնում են վերարտադրության պրոցեսը»,- ասաց նա եւ հավելեց, որ մենք ունեցել ենք երկու-երեք երեխա ունենալու մոդելը, չենք ունեցել ո'չ ազգի գերարտադրության, ո'չ էլ թերարտադրության հետ կապված խնդիրներ: Եղել է թեթեւակի ընդլայնված վերարտադրություն:

Ռ. Եգանյանը նշեց, որ, ելնելով այժմյան հետազոտությունների արդյունքներից, կարելի է ասել, որ դեռ երկու-երեք երեխա ունենալու ձգտումը պահպանվել է, բայց թե որքանով է հնարավոր այն կենսագործել` դժվարանում է ասել:

Նրա խոսքերով` Ռուսաստանը ծնողներին տրամադրում է «մայրական կապիտալ»` 300 հազար ռուբլու  չափով, որը շուտով դառնալու է 400 հազար, սակայն էական արդյունք չի տալիս, քանի որ այնտեղ չկա երկու-երեք երեխա ունենալու ձգտումը:

Հայկ ԿԻՍԵԲԼՅԱՆ