կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 11:42
Հասարակություն

Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների թիվը նվազել է ու շարունակում է նվազել. Արսեն Թորոսյան

Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների թիվը նվազել է ու շարունակում է նվազել. Արսեն Թորոսյան

Մարզերում տուբերկուլոզի դիսպանսերները փակվելու են, իսկ փոխարենը մնալու են ամբուլատոր կաբինետներ. 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Այծեմնիկ Օհանյանի հարցին, որ երբ մարզերում տուբդիսպանսերները փակվել են, վարակիչ հիվանդությունների աճ է գրանցվել, արդյո՞ք մտավախություն չկա, որ նույնը կկրկնվի:

Թորոսյանի խոսքով` տուբերկուլոզի գծով  կա օպտիմալացում երկու պատճառով: «Նախ` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների թիվը նվազել է ու շարունակում է նվազել: Ներմարզային ստացիոնար տուբբաժանմունքները մատնված են պարապուրդի. կա տուբերկուլոզով մեկ հիվանդ, որոնց համար բաժանմունք պահելն անիմաստ է»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախատեսվում է պահել հակատուբերկուլոզային մեկ կենտրոն, որը գտնվում է Աբովյան քաղաքում: «Այնտեղ մենք ունենք նաև թերբեռնված մահճակալներ: Մենք մտածում ենք վերափոխել այն թոքային հիվանդությունների կենտրոնի, որովհետև մեր նպատակը տուբերկուլոզը մինչև 2025 թվականը Հայաստանում վերացնելն է»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը: