Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-09-09 20:32
Քաղաքական

Որ պահին Շանթ Հարությունյանը կստորագրի բաց կալանքի դուրս գալու փաստաթղթերը, կհայտնվի ազատության մեջ. Փաշինյան

Որ պահին Շանթ Հարությունյանը կստորագրի բաց կալանքի դուրս գալու փաստաթղթերը, կհայտնվի ազատության մեջ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի հայտարարություններին, որոնք վերջինս հնչեցրել է սեպտեմբերի 8-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացած ասուլիսի ընթացքում:

«Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շանթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որպեսզի իր գործը վերանայեն, ինչպես դա արել է մարտի 1-ի գործի դեպքում՝ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Շանթ Հարությունյանը կարող է իր փաստաբանների միջոցով ցանկացած իրավական ընթացակարգ սկսել: «Այսօր Հայաստանի օրենսդրությամբ որևէ սահմանափակում չկա, որպեսզի իր փաստաբանները սկսեն այն իրավական գործընթացը, որը ինքն ակնկալում է և որը կառավարության լիազորությունների մեջ չի մտնում: Ես էլի ասում եմ՝ որ պահին Շանթ Հարությունյանը կստորագրի փաստաթղթերը բաց կալանքի դուրս գալու և արձակուրդ գնալու, ինքը փաստացի կհայտնվի ազատության մեջ՝ մինչև իր հարցն ամբողջական կլուծվի, ինչպես նաև իմ հարցը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը մինչև հիմա դատապարտված է 2008թ. մարտի 1-ի գործով: «Ոնց որ թե ես ոչ ոքի չեմ մեղադրում: Թող այդ գործընթացն անցնի իրավական ընթացակարգերը, գնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ի հայտ գա նոր հանգամանք, իսկ նոր հանգամանքը իմ գործով չպետք է լինի այն, որ այն ժամանակ ես քաղբանտարկյալ էի, իսկ հիմա՝ վարչապետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանը ցանկանում է մասնակցել սպասվող  խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բայց ես առաջարկում եմ, որ ինքը ֆիզիկապես բանտում չլինի: Երբ ինքը ֆիզիկապես բանտում չլինի, մենք նաև ընդհանուր ինչ-որ լուծումներ գտնենք: Ես չեմ կարծում, թե մենք հատվածական լուծումների գնանք: Հիմա Շանթ Հարությունյանի գործով Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը, որ ազատության մեջ են, ի՞նչ, դա նրանց համար նվաստացուցի՞չ է: Կամ ես ինչպե՞ս եմ ազատության մեջ հայտնվել: Ես էլ համաներմամբ եմ ազատության մեջ հայտնվել: Արդյոք որևէ մեկը ինձ արդարացրե՞լ է, ներողությո՞ւն է խնդրել ինձանից կամ ասել, որ ինձ սխալ են դատապարտել: Ես հայտնվել եմ ազատության մեջ, շարունակել եմ իմ քաղաքական պայքարը և շարունակել եմ նաև իրավական պայքարը իմ արդարացման համար: Բայց ինչպես ինքս ինձ համար վարչապետի լծակը չեմ օգտագործում և ասեմ գնացեք հիմա ինձ արդարացրեք, նույն կերպ չեմ պատրաստվում այդ լծակը օգտագործել ինձ համար հարգելի մարդկանց համար, որովհետև դրանով մենք օրենքի գիծը հատած կլինենք: Եվ, եթե մենք ուզում ենք, որ ես զանգեմ դատավորներին հրահանգներ տամ, ես չեմ ուզում դա անել»: