կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-29 11:37
Քաղաքական

«Ինչո՞ւ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի դրվում». ԱԺ-ում քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը

«Ինչո՞ւ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի դրվում». ԱԺ-ում քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցը: Հանձնաժողովի նիստին ներկա է նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հարցը արդեն քննարկվել է հանձնաժողովում, սակայն կանոնակարգ-օրենքով օրինագծի հեղինակները խնդրել էին երկու ամսով հետաձգել նիստը: Հիմա արդեն խմբակցությունը դիմել է առաջարկով` կրկին քննարկել հարցը հանձնաժողովում:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ընթերցեց նախագիծը: Նա նշեց, որ, մերժելով այս նախագիծը, հանձնաժողովը մերժելու է թանկացումները կանխելու նախագիծը: Ըստ նրա` լսումների ժամանակ իրենց հրավիրած մասնագետները ներկայացրել են ԵԱՏՄ-ի վնասները, իսկ հանրապետականները բերել են փաստարկներ օգուտների մասին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց` ինչո՞ւ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի դրվում, ինչո՞ւ հարց չի դրվում` պահանջել ՀՀ իշխանություններից նոր բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու համար:

Մարուքյանը պատասխանեց, որ նախագծի այլընտրանք բաժնում կա, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կարող է ԵՄ-ի հետ ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագիրը: «Մենք ջատագովն են այն ասոցացման համաձայնագրի, որը Հայաստանին տալու էր 500 մլն շրջանառության շուկա»,- ասաց նա:

Ըստ Մարուքյանի` Հայաստանն այս պահին չունի անվտանգության այլ մարմնի անդամակցելու օրակարգ, քան ՀԱՊԿ-ն է: Նա ընդգծեց, որ «Ելք»-ը անվտանգության այլընտրանքային միավորման փնտրտուքների մեջ է, եթե գտնեն, ապա կքննարկեն ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունները:

Ինչ վերաբերում է ԱՊՀ անդամակցությունը, ապա դա, ըստ հիմնական զեկուցողի, չի սահմանափակում Հայաստանի տնտեսական անկախությունը, չի ոտնահարում Հայաստանի շահերը, ուստի ԱՊՀ-ի հետ մենք խնդիր չունենք:

Զուրաբյանն էլ արձագանքեց, որ այս կառույցներից որևէ մեկից դուրս գալը նույն բանն է: «Ավելի նպատակահարմար կլիներ այլընտրանքային բանակցություններ վարվեին, ճանապարհներ գտնվեին, Հայաստանն, իրոք, ունենար այլընտրանք, նոր այս հարցը բարձրացվեր: Այլապես բոլորի կողմից դիտարկվելու է Հայաստանի հեռացում»,- նշեց նա: