կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-14 20:13
Քաղաքական

Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու հարց, այս պահին, օրակարգում չունենք. Արսեն Համբարձումյան

Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու հարց, այս պահին, օրակարգում չունենք. Արսեն Համբարձումյան

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ Factor.am –ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից հետո ՀՅԴ-ի՝ Ազգային համաձայնության կառավարությունում մնալ-չմնալու և այլ հարցերի շուրջ։

-Պարոն Համբարձումյան, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում պատասխանելով լրագրողի հարցին, որ կոալիցիոն գործընկեր Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ Հայաստանում տեսակետ, կարծիք ու մտահոգություն հայտնելու առումով մտքի տեռոր է,ասաց, որ նրանք, ովքեր իրենց դուրս են համարում Ազգային համաձայնությունից (կառավարությունից ա յսինքն ) ազատ են, ոչ մեկի ձեռքը չեն բռնել։ Հավելեց, որ Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն։ Սա համարու ՞մ եք քաղաքական ապահարզան։

-Նախ, ուզում եմ արձանագրել, որ դա Ձեր գնահատականն է։ Այսինքն, որ դա պատասխանն էր Հրանտ Մարգարյանի ասածին։ Եվ եկեք ենթադրություններ չանե՛նք։ Հիմա ըստ էության․Հայաստանի ներկա կառավարությունը քաղաքական ֆորս մաժորի արդյունքում է ձևավորվել և, այն, բնականաբար, դասական իմաստով քաղաքական կոալիցիա չէ։ Պայմանականորեն այն ստացել է Ազգային համաձայնության կառավարություն անունը և դա ամրագրված է նաև Կառավարության գործունեության ծրագրում։Այս առումով, չեմ կարծում, որ որևէ նոր բան է ասվել և հատուկ մեկնաբանման կարիք կա։ Իսկ առհասարակ, ցանկացած քաղաքական համագործակցություն մարտավարական բնույթ ունի և թելադրված է կոնկրետ քաղական իրողություններով։ Եվ բնական է, որ գործընկերային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքական ուժերը տարբեր հարցերի հետ կապված կարող են ունենալ նաև տարբեր մոտեցումներ։ Մանավանդ այս պարագայում, երբ կողմերը կաշկանդված չեն որևէ համաձայնագրով։ Եվ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Հայ առաքելական եկեղեցու, պարտադիր կուտակային համակարգի հետ կապված հարցերում մենք մեր մոտեցումները հրապարակային արտահայտել ենք և չի բացառվում, որ հետագայում ևս հանդես գանք տարբեր մոտեցումներով։ Եվ գործընկերությունն ամենևին չի նշանակում բոլոր հարցերում միակարծություն։ Եվ վաղն էլ տարբեր ցուցակներով ենք մասնակցելու Երևանի ավանագու ընտրություններին։

-Ասում եք՝նոր բան չի ասել, բայց նորն այն էր, որ ասաց՝ մենք ոչ մեկի ձեռքը չենք բռնում։

-Իսկ նախկինում որևէ մեկը որևէ մեկի ձեռքը բռնե՞լ է։

-Միգուցե չի բռնել բայց բոլորս հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը պարտադիր կուտակային համակարգի հետ կապված բաց տեքստով, և անգամ՝ զայրացած՝ ՀՀ տնտեսական և ՀՀ ներդրումների ձեր նախարարին ասաց, որ ոչ ոք չի կարող դեմ քվեարկել ընդունվող որոշումներին, չնայած ՀՅԴ-ական նախարարը նախապես ասել էր, որ սկզբունքորեն դեմ լինելով՝ կողմ է քվեարկելու։

-Արծվիկ Մինասյանն ասել է, որ դեմ է պարտադիր կուտակային համակարգին, նոր բերված օրենքի նախագիծը բոլորովին այլ բանի մասին էր, որ ժամանակավոր լուծում է տրվում հետագայում պարտադիր կուտակային համակարգի հարցին բովանդակային անդրադարձ կատարելու համար։Այնպես որ, եկեք ասված ամեն մի բառ, ամեն մի արտահայտություն ճիշտ գնահատենք՝ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք չտալու համար։

-Ճիշտ գնահատե՛նք։ Ուղղակի, երբ ասում եք՝ սա պատասխանը չէր Հրանտ Մարգարյանին, ապա ասեմ, որ հարց տրվեց, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի Բյուրոյի ներկայացուցչի հայտարարությունը , ինչից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց այն, ինչ ասաց։

-Մենք էլ ասել ենք այն, ինչ ասել ենք։ Եվ հիմա էլ ասում ենք, որ մեր համագործակցությունը միտված է մեկ բանի, որպեսզի համաժողովրդական շարժման արդյունքում սկսված գործընթացները ճիշտ հունով գնան, որպեսզի չվտանգենք մեր անվտանգությունը, մեր երկիրն ու ժողովուրդն իրապես շահեն և զարգացման նոր հնարավորություններ ստեղծվեն։ Եվ մենք հավատացած ենք, որ իշխանության թե՛ հաջողությունը, թե ձախողումը բոլորինս է։ Եվ այս առումով, մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել․ թե՛ 3 ամիս առաջ, թե՛ հիմա։ Եվ մենք անկեղծորեն ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում սկսված գործընթացները հաջողեն։

-Հետևաբար, Ազգային համաձայնության կառավարությունը լքելու հարց շարքերում, կուսակցությունում չի բարձրացվել։

-Բնականաբար, իմ ասածների տրամաբանության շրջանակներում, Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու հարց, այս պահին, մեր օրակարգում չունենք։

– «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսին «Ծառուկյան» դաշինքը ներկայացված էր Վահե Էնֆիաջյանով, «Ելք » -ից, առհասարակ, մարդ չկար։

-Ոչ միայն «Ելք» -ից չկային։ Բազմաթիվ այլ քաղաքական ուժեր ևս, ովքեր հրավերներ ստացել էին, տարբեր պատճառներով ներկա չէին։ Ներկա չլինելու հետ կապված հարցերը կարող եք ուղղել իրենց, ես այդտեղ որևէ միտում չեմ տեսնում։ Մանավանդ, որ օգոստոս ամիսն է, և մարդկանց զգալի մասը հանգստի է մեկնել։

-Երևանի ավագանու ՀՅԴ ցուցակը երբ կհրապարակվի։

-Երբ հայտնի կլինի կառավարության որոշումը այն ժամանակ կխոսենք։

-Այսուհանդերձ, շատ քաղաքական ուժեր հրապարակել են իրենց առաջին համարների անունները։ Եվ հաշվի առնելով այս բազմազանությունը, ձեր թեկնածուն արդյո՞ք մրցունակ կլինի։ Նո՞ր դեմք է, հասարակությանը քաջ հայտնի՞։

-Առաջին հարցի հետ կապված ասեմ, որ մենք շարժվում ենք օրենքի տառին և ոգուն համահունչ։ Իսկ մյուս հարցի հետ կապված՝չկասկածեք։

Անի Սահակյան