կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-24 16:54
Հասարակություն

Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ. ինչու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ ՀՅԴ-ի առաջարկին

Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ. ինչու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ ՀՅԴ-ի առաջարկին

ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն ընդդիմացան ՀՅԴ-ի առաջարկին, այն է` ընտրություններից առաջ, ողջամիտ ժամկետներում, դադարեցնել բարեգործական կազմակերպությունների բարեգործական ակցիաները, բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունը ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ:

ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս առաջարկը արհեստական ձև է, և որ գործող ԸՕ-ն տվել է պատշաճ մեխանիզմ, որը վերաբերում է նախընտրական քարոզչությանը: «Ես համարում եմ` այն, ինչ գրված է ԸՕ-ում, համապարփակ է»,- ասաց Հարությունյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ էր Դավիթ Հարությունյանի հետ:

«Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը, ասաց. «Առավոտ շուտ ես «Դաշնակցություն» բարեգործական միություն եմ ստեղծում ու ձեզ արգելում եմ մասնակցել ընտրություններին»:

Ռուստամյանն էլ հակադարձեց, որ իրավունք չունեն Դաշնակցության անվան հետ կապված որևէ բան ստեղծելու:

Բագրատյանն էլ արձագանքեց. «Ասենք` «ՀՅԴՕ» կստեղծենք»:

Ռուստամյանն ասաց, որ եթե նրանք ՀՅԴ անվան հետ կապված մի բան ստեղծեն, 128 տարվա պատասխանը չեն կարող տալ:  

«Պարո'ն Ռուստամյան, 500 տարվա պատասխան էլ կտանք, բայց այդ կարգավորմանը դեմ ենք»,- հայտարարեց Բագրատյանը:

Ի պատասխան ՀՅԴ-ականն ընդգծեց. «Դեմ եք, դեմ եղեք, Դաշնակցության անուն մի' տվեք»:

Միջամտեց Դավիթ Հարությունյանը. «Եթե դուք վերախմբագրեք ձեր առաջարկությունը, ես առարկություն չեմ ունենա»:  

Ռուստամյանն արձագանքեց, որ այս պահին իրենք քննարկում են մոտեցումներն ու գաղափարները, ոչ թե ԸՕ-ի ձևակերպումները:

Հարությունյանն ասաց, որ առաջարկում է կոնսենսուսի գալ: «Այսքան լայնը համարում եմ վտանգավոր, բայց եթե նեղացնեք, կողմ եմ քվեարկելու: «Ծառուկյան» դաշինքն էլ միանում է դրան»,- հավելեց նա:

«Որպեսզի ձեզ հոգս չպատճառենք, մենք ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» անունով ենք մասնակցելու, մի' չարչարվեք»,- Ռուստամյանին դիմելով` ասաց Սերգեյ Բագրատյանը:

Ռուստամյանն էլ հակադարձեց, որ ինքը հոգսերին սովոր է, և կրկին հորդորեց Դաշնակցության անունը չտալ:

Նաիրա Զոհրաբյանը միջամտեց` ասելով, որ ինչ-որ ենթատեքստեր չպետք է տալ, և հաստատեց, որ ընտրություններին մասնակցելու են ԲՀԿ անունով:

Բագրատյանի համոզմամբ` ՀՅԴ-ի այս առաջարկը «Ծառուկյան» դաշինքին է վերաբերում:  «Ձեր ասածը «Ծառուկյան» դաշինքին է վերաբերում, կարո՞ղ է ուրիշի անունն եք տալիս»,- ասաց նա:

Ռուստամյանն էլ հորդորեց տեսագրությունները նայել: «Մենք անուն չենք տվել, դուք եք ենթադրել, տեսագրություն կա, բացեք նայեք»,- ասաց նա Բագրատյանին:

Ռուստամյանը Հարությունյանին դիմեց` հարցնելով` իսկ, ի վերջո, ո՞րն է իրենց առաջարկած փոփոխությունը:

«Գործող ԸՕ-ն ասում է` այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների անուններին, ընտրությունների քարոզարշավի ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել, առաջարկում ենք` ոչ թե նախընտրական քարոզչության ժամանակ, այլ ընտրությունները հայտարարելուց հետո բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ»,- ասաց Հարությունյանը:

Ռուստամյանն էլ նշեց, որ իրենց առաջարկությունն այն է, որ ողջամիտ ժամկետներում բարեգործական ակցիաներ ընդհանրապեսչկատարվեն:

Ըստ Հարությունյանի` այդ առաջարկությունն անթույլատրելի է:

Ռուստամյանը նշեց. «Դեմ եք, բայց մենք գիտենք` ոնց է քողարկվում այդ ամեն ինչը: Բարեգործությունը չի տուժի, եթե մի քանի ամիս չկատարվի: Ես ձեր ասածը չեմ ընդունում, պարո'ն Հարությունյան, որովհետև բարեգործություն ասվածն այդ ժամանակահավտվածում այսպես կամ այնպես կապվում է ընտրական գործընթացների հետ»:

Նա հավելեց, որ հանկարծ բոլորը նախընտրական շրջանում սկսում են հումանիստ դառնալ: «Բոլորը բժիշկ են դառնում, գնում են մարզերում սկսում են բժշկել»,- ասաց պատգամավորը:

Ի վերջո, թե' ՀՀԿ-ն, թե' «Ծառուկյան» դաշինքը դեմ եղան առաջարկին: