կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-11 17:15
Իրավական

Հարսնաքարի գործով ամբաստանյալն ասում է, թե ինչու՞ հանկարծ որոշեց ցուցմունք տալ

Հարսնաքարի գործով ամբաստանյալն ասում է,  թե ինչու՞ հանկարծ որոշեց  ցուցմունք տալ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  շարունակվեց  «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով հերթական դատական նիստը:

 


Այսօրվա նիստում իր ցուցմունքը շարունակեց գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը: Վերջինս նախորդ նիստին  խոստովանել էր, թե ինքը ձեռքով հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին, ինչի համար զղջում է:

Այսօր նա պատճառաբանեց, որ Գարիկին հարվածել է, քանի որ վերջինս իրեն  հայհոյել է,  հարվածել է իր ձախ աչքին, դաստակին, իսկ իրենց վիճաբանությունը, որը տեղի է ունեցել ռեստորանայաին համալիրի ավտոկայանատեղիում,  տևել է  15-20 վայրկյան: Նա հայտնեց նաև, որ տեսել է , թե ինչպես է  Նորայր Հայրապետյանն իրենցից  հեռացել և մոտեցել   կեպիով տղային (նկատի ունի Վահե Ավետյանին), ինչից հետո նրանց չի տեսել:

 


Ամբաստանյալի խոսքով` ինքը, բացի Գարիկ Սողոմոնյանից, այլ անձի հետտ վիճաբանություն չի ունեցել:
Ամբաստանյալը,  պատասխանելով մեղադրող դատախազի մի քանի հարցերին, հրաժարվեց պատասխանել Տիգրան Եգորյանի հարցերին, սակայն վերջինս, այնուամենայնիվ, հնչեցրեց իր հարցերը:

Բաբլոյանը պատասխանեց միայն Եգորյանի այն հարցին, թե ինչով էր պայմանավորված իր` հանկարծակի ցուցմունք տալը :

Բաբլոյանը պատասխանեց, որ երբ իր  ընկերներն իրենց կատարած գործողությունների մասին ցուցմունք տվեցին, ինքն էլ  որոշեց պատմել իր կատարած արարքի  մասին:

 

Դատավորի հարցին, թե ընդունու՞մ է արդյոք  իրեն առաջադրված մեղադրանքը, ամբաստանյալը պատասխանեց, որ ընդունում է միայն Գարիկ Սողոմոնյանին հարվածելու մասով:

Նշենք, որ ամբաստանյալը դատաքննության ընթացքում հրաժարվել էր ցուցմունքներ տալ: 

Այսքանով Արթուր Բաբլոյանի լրացուցիչ ցուցմունքը համարվեց ավարտված, իսկ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 18-ին: