Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մտնում ենք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլ: Եվ հնարավորինս շատ քվեներ ստանալու մոլուցքն այս անգամ էլ ստիպել է ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին` մի կողմ դնել և խնամքով թաքցնել իրենց իրական՝ լիբերալ գաղափարախոսությունը և հիմնական սկզբունքները: Փոխարենը՝ իրենց կարգախոսներն ու դրանց բացատրությունները շատ արագ և ջանասիրաբար կառուցում են սոցիալ-դեմոկրատական արժեքների ու գաղափարական հենքի վրա: Այս վարքագծից անընդհատ զարմացող և հետաքրքրվողների համար էլ ունեն դրսից ներկրված և արդեն մաշված «կարճ պատասխան»` «իզմ»-երը վերացել են՝ չկա սոցիալիզմ, լիբերալիզմ և այլն, դրանք բոլորը միացել են:
Ի՞նչ է ստացվում: Հենց քաղաքական ուժն այս կամ այն ձևով ստանում է իշխանություն, «սրբադասում է» նեոլիբերալ արժեքները և իր առաջարկած սոցիալ-տնտեսական քաղաքականության լուծումներում կարմիր գծով ամրագրում ազատական մոտեցումները, սոցիալական խնդիրների լուծման գործում պետության դերակատարության դերի նսեմացումն ու ստանձնած պարտավորությունների հետևողական նվազեցումը, շուկայի «անտեսանելի ձեռքին» անսահման ապավինումը: Այս մոտեցմամբ ստացվում է, որ պետությունը լավագույն դեպքում չի խանգարի շուկայական մրցակցային զարգացումներին, իր «ձեռքերը կլվանա» և հեռու կմնա սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներից՝ իր կարծիքով մեծ լավություն անելով հանրությանը: Դե, քաղաքացին էլ թող իր գլուխը պահի: Շատ ու լավ աշխատողը թող լավ ապրի: Իսկ չաշխատողն էլ թող իրեն մեղադրի:
Ինչ խոսք, սոցիալ-տնտեսական զարգացման ազատական այս մոտեցումը ևս ունի որոշակի հիմնավորում, իսկ որոշ երկրներում էլ՝ գործնական կիրառություն: Պարզ է նաև, որ մեր երկրում այս նեոլիբերալ մոտեցման և հիմնական սկզբունքների վրա են նախկին իշխանությունները կառուցել իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Պարզ են նաև արդյունքները՝ սոցիալական արդարության բացակայություն, 30 տոկոս աղքատության և 20 տոկոսից ավելի գործազրկության պահպանվող մակարդակ, պետական սեփականության շարունակաբար և առավելագույնս մասնավորեցում և պետության մասնակցության կրճատում, պետության սոցիալական պարտավորությունների շարունակաբար և առավելագույնս նվազեցում, տարածքային անհամաչափ զարգացման խորացում, ծնելիության ցուցանիշների անկում, շարունակվող արտագաղթ, հատկապես՝ երիտասարդության շրջանում և այլն:
Ցավոք, արդեն տեսանելի է նաև, որ նոր իշխանությունները ևս անզիջում գնում են նեոլիբերալ գաղափարախոսության՝ նախկինների որդեգրած նույն ճանապարհով: Այս դեպքում պետք է նշենք նաև, որ, 20-րդ դարի վերջին քառորդից սկսած, այս մոտեցումներով քաղաքականությունները հիմնականում ձախողել են հասարակության բարեկեցության ապահովման հիմնական նպատակադրումները և հետևողականորեն վերափոխվում են՝ վերարժևորելով պետության հիմնական դերակատարումը սոցիալական ներառական զարգացում ապահովելու համար:
Բնական է, որ այս իրավիճակում, երբ գնում ենք ընտրությունների, այն էլ՝ արտահերթ, երբ գաղափարական պայքարի համար ժամանակ չկա, մեծ և իրական է անսահման պոպուլիզմի դիմելու գայթակղությունը: Հատկապես, երբ քեզ հավատում է հանրության լայն հատվածը: Նեոլիբերալ քաղաքական ուժերը, մտքում պահելով իրենց հիմնական գաղափարական ուղղվածությունը և սոցիալ-դեմոկրատական արժեքային համակարգ ունեցող ուժերին հերթ չտալով, հանկարծ հիշում են, որ, Սահմանադրության համաձայն, մեր երկիրը սոցիալական պետություն է, հետևաբար՝ իրենք պետք է վերացնեն աղքատությունն ու գործազրկությունը, ապահովեն աշխատատեղեր, սոցիալական բոլոր խնդիրների լուծումները, բարձրացնեն կյանքի որակը և այլն: Այս դեպքում, բնականաբար, առաջ են գալիս մի շարք առարկայական հարցադրումներ: Ասենք` լա՛վ, բայց կոնկրետ ե՞րբ և ի՞նչ չափով, ինչպե՞ս՝ նեոլիբերալ մոտեցումներո՞վ: Դե, ինչ խոսք, պատասխանն էլ արդեն պարզ է. «Այս մանր հարցերին համակողմանի անդրադառնալու համար ժամանակ չկա՝ նախընտրական փուլը կարճ է: Հիմա կարևորը ընտրություններն են ու մեր ջախջախիչ հաղթանակը, սպասեք` ընտրություններն ավարտվեն և ունենանք լիարժեք իշխանություն, հետո կհավաքվենք ու կքննարկենք, ամեն ինչ լավ է լինելու»:
Փաստորեն, ստացվում է, որ դարձյալ հաստատուն քայլերով գնում ենք քաղաքական դաշտի լղոզման՝ մանիպուլյացիաներով և անսահման պոպուլիզմի դրսևորումներով: Շարքային ընտրողն էլ դարձյալ կընկնի անորոշության և մոլորության մեջ, բնականաբար, այս իրավիճակում չի կարողանա լիարժեք գիտակցված ընտրություն կատարել: Իսկ քաղաքական դաշտի կայացումը դարձյալ ստիպված պետք է սպասի: Արդյունքում՝ այսպիսի պայմաններում էլ կձևավորվեն քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը: Առնվազն հուսանք, որ այս անգամ իշխանության եկող քաղաքական ուժը կմոռանա իր մտքում խնամքով պահած նեոլիբերալ գաղափարները՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում գոնե ինքն իրեն լսելով և հավատալով: Իսկ հետագայում էլ կապահովի սոցիալական ներառական զարգացմանն ուղղված հետևողական լուծումներ՝ անհրաժեշտ գաղափարական հենքի վրա:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ