կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-07 12:52
Առանց Կատեգորիա

Բողոքել կարող են բոլորը, աշխատել՝ ոչ բոլորը

Բողոքել կարող են բոլորը, աշխատել՝ ոչ բոլորը

Տեսա՞ք, թե ինչ եղավ երեկ: Նկատի չունեմ հանրաքվեն: Տեսա՞ք, թե ինչ էր անում երեկ ընդդիմությունը՝ սահմանադրական փոփոխությունների ընդդիմությունը:

Դե, նրանք հավաքվել էին Ազատության հրապարակում, ապա կեսը ժամը մեկ երթով գնում էին ԿԸՀ, նորից հետ դառնում Ազատության հրապարակ: Այսքանը, ուրիշ ոչինչ: Մինչդեռ` հենց երեկ երկրում բան փոխվեց, ու եթե հաշվի առնենք, որ փոխվածը Սահմանադրությունն է, ուրեմն շատ կարեւոր, գուցե ամենակարեւոր բանը փոխվեց:

Այսուհետ խաղի նոր կանոններ են, խաղն ինքը հետայսու նոր է: Թե ինչպե՞ս սրանից հետո իրեն կպահի իշխանությունը, ժամանակը ցույց կտա, բայց արդեն իսկ պարզ է, թե ինչպես են իրենց պահելու «Ոչ»-ականները: Նվազագույնը երեք հանրահավաք, այդ հանրահավաքներում` նվազագույնը 13 խրոխտ հայրենասիրական ելույթ, ապա` երթեր, հնարավոր են նստացույցներ` հաշվի առնելով «Ոչ»-ականներից ոմանց տոկունությունը, հացադուլները եւս բացառված չեն, հետո՞, հետո` ինչպես միշտ:

Այս առումով` ուշադրություն եմ հրավիրում մի թվի. ըստ ԿԸՀ-ի` մեր չափահաս բնակչության կեսը, այսինքն` 49,49 տոկոսը չի գնացել հանրաքվեի: Ի՞նչ է սա նշանակում, որ իշխանություններին չե՞ն հավատում, այո, բայց սա նշանակում է նաեւ, որ մեր չափահաս բնակչության կեսը ոչ մի բանի չի հավատում, «Ոչ»-երին էլ չի հավատում, եթե հավատային, կգնային եւ «ոչ» կասեին: Եթե հավատային… Ուրեմն` ինչպես միշտ անելու փոխարեն, «Ոչ»-ականները կարող են անել մի բան, ինչը երբեք չեն արել: Օրինակ` բացել կուսակցություններ, բայց, եթե կարելի է, ոչ թե կուսակցություններ, այլ կուսակցություն: Չէ՞ որ խորհրդարանական կառավարման համակարգը, ինչպես եւ ԵՏՄ-ին մեր անդամակցությունն այլեւս անշրջելի իրականություն է: Միասին պայքարել, փաստորեն, կարողանում են, մի հարթակում բոլորով միասին կանգնել կարողանում են, ուրեմն ինչո՞ւ չեն կարող մեկ կուսակցություն բացել եւ ճիշտ տեղից սկսել «ռեժիմից» ազատվելու գործընթացը:

Իսկ ճիշտ տեղը հաջորդ խորհրդարանական ընտրություններն են, դրա համար նրանք ունեն շուրջ 35 տոկոս էլեկտորատ, որը, սակայն, պահել է պետք` գումարած 49,49 տոկոս «անհավատներին», որոնց հավատ ներշնչել է պետք: Այսինքն` եթե անգամ 49,49 տոկոսից միայն 16 տոկոսը հավատա եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններում քվեարկի այսօր սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասողներից ստեղծված կուսակցության օգտին, ապա կստացվի, որ այդ կուսակցությունը կդառնա խորհրդարանական մեծամասնություն, այսինքն` կձեւավորի կառավարություն, այսինքն` կստանձնի իշխանությունը, այսինքն` վերջ կտա «ռեժիմին»:

Այդ հնարավորությունը նոր Սահմանադրությունը բոլորին տալիս է: Ուրեմն բողոքելու փոխարեն պետք է աշխատել, քանի որ մենք միշտ էլ բողոքել ենք եւ մեզ միշտ էլ չի հաջողվել բան փոխել:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ