Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովում շարունակվում է «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը բողոքում էին, թե սուպերվարչապետական պետություն չստեղծվի, հիմա ինչ-որ բան է փոխվել, ու պարզվում է, որ սուպերվարչապետության ընթացքն ավելի սրընթաց է դառնում: Պատգամավորը մասնավորապես գոհ չէ այն կարգավորումից, որ օրենքով` վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում են ՀՀ վարչապետի որոշմամբ:
«Դա ի՞նչ հարց է, որ վարչապետն անձամբ հանձնաժողով ձևավորի, կանոնադրություն հաստատի։ Իմ կարծիքով` վարչապետի՝ ավելի կարևոր լիազորություններ կան»,- նշեց Պետրոսյանը:
Նա հետաքրքրվեց` այս երկրում, համատարած աղքատության պայմաններում, չկա՞ր այլ անելիք, քան բարեգործներին շրջանակի մեջ դնելը։
Հարցը հանձնաժողովում ներկայացնող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը որևէ խնդիր չի ստեղծում բարեգործների համար և ոչ մի կերպ չի սահմանափակում նրանց գործունեությունը։ «Հակառակը՝ վարչապետի լիազորություններն ավելի են նվազում։ 2003-ին, երբ նա իրավասոթյուն ունեցավ հանձնաժողովը ստեղծելու, նա վերջնական որոշում կայացնող մարմինն էր, իսկ հիմա կառավարությունը կորոշի, թե որը լինի այն մարմինը, որը վերջնական որոշում կկայացնի, իսկ վարչապետը կստեղծի խորհրդակցական մարմին»,- նշեց փոխնախարարը։
Նա ասաց, որ օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ապրիլի 9-ից հետո չկա այն մարմինը, որը տրամադրում էր արտոնություններ բարեգործներին: «Ժամ առաջ ուզում ենք ստեղծել այդ մարմինը, սա է հրատապության հիմնական շարժառիթը»,- հավելեց փոխնախարարը։
Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ են օրենքում փոփոխություններ մտցնելուն, և դեռ օրենքը ԱԺ չեկած `նախորդ լիագումար նիստի ժամանակ հայտարարությունների ժամն օգտագործեցին ու բողոք ներկայացրեցին կառավարության այս նախագծի վերաբերյալ: Այսօր էլ հանձնաժողովի նիստում դժգոհություններ ներկայացրեցին, ու թեև նրանց առաջարկներն ընդունվեցին, նրանք հանձնաժողովում ձեռնպահ քվեարկեցին նախագծին:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասաց. «Ձեր առաջարկներն ընդունում ենք, էլի ձեռնպահ եք քվեարկում, ես այս մոտեցումը չեմ հասկանում»: