կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-19 14:48
Քաղաքական

Եթե փոփոխություն չեք ուզում, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին. Արամ Սարգսյան

Եթե փոփոխություն չեք ուզում, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին. Արամ Սարգսյան

«Ելք»-ը` որպես ընդդիմություն, ցույց է տալիս, որ պատրաստ է մասնակցել քաղաքական գործընթացներին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբայցության պատգամավոր Արամ Սարգսյանը` անդրադառնալով նախագահի թեկնածու առաջադրելու` «Ելք» խմբակցության որոշմանը:

«Մենք` որպես ընդդիմություն, ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք մասնակցել քաղաքական գործընթացներին, ունենք համապատասխան ռեսուրսներ և ծրագրային նպատակներ, ունենք մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, կարող են բանակցել»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` կա իշխանությանը զուգահեռ գործող համակարգ, որը պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել: «Իսկ թե գործընթացներն ինչպե՞ս կստացվեն՝ հաջողվա՞ծ, թե՞ անհաջող, դա արդեն ժամանակի խնդիր է: Մենք գտնում ենք, որ այս առաջադրումը «Ելք»-ի կողմից միանշանակ դրական ազդեցություն է ունենալու մեր դաշինքի համար: Մենք նախագահի թեկնածու ենք առաջադրում՝ փորձելու ցույց տալ, որ կարող ենք հակակշիռ լինել իշխանությանը և պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել՝ ղեկավարելու երկիրը»,- շեշտեց նա:

Հարցին` երբ  «Ծառուկյան» խմբակցությանն առաջարկում են պաշտպանել իրենց թեկնածուին, նպատակ ունեն պարզելու՝ իրո՞ք ընդդիմադիր ուժ է «Ծառուկյան» դաշինքը, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ուզում են ցույց տալ, որ իրենք իշխանության փոխարինող արժանի ուժ են:

«Իսկ ով է ընդդիմադիր, ով` չէ, իրենց հարցրեք: Այսօր գործընթաց է գնում, մենք դիմել ենք «Ծառուկյան» դաշինքին, նրանք ԱԺ-ում, որպես ընդդիմադիր խմբակցություն, բոլոր հնարավորություններից օգտվել են, հետևաբար փաստացի մեր երկրի օրենքներով ընդդիմադիր են: Դա նրանց որոշելու խնդիրն է՝ կպաշտպանե՞ն մեր թեկնածուին, թե՞ այլ մեկին: Մենք մեր քայլն արել ենք, մենք գտնում ենք, որ Արտակ Զեյնալյանն արժանի մարդ է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ հնարավո՞ր է «Ելք»ը միանա «Ծառուկյան» դաշինքին, և որոշեն միասին դառնալ այլընտրանք, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ «Ելք»-ն ուզում է այլընտրանք լինել իշխանությանը՝ ներգրավելով ՀՀ ամբողջ հանրությանը, բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իշխանությունից:

«Մենք մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, ոչ թե` առանձին կուսակցության: Մենք առանձին կուսակցությանն ասում ենք՝ մեր թեկնածուին առաջադրել ենք, խնդրում ենք նայեք` ինչքանո՞վ է հնարավոր, որ մեր թեկնածուին սատարեք: Այստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ, ճիշտ և նպատակահարմար չէ: Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, «Ծառուկյան» դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել, եթե այս երկրում փոխոխություն եք ուզում: Իսկ եթե փոփոխություն չեք ուզում, ուզում եք շոու լինի, այո, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին, լավ թեմա կլինի»,- նշեց Արամ Սարգսյանը:

Ակնարկելով ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Սարգսյանն ասաց, որ այսօր իրենք «Ծառուկյան» դաշինքին չեն առաջարկում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնել: «Դուք խառնում եք էծն ու ոչխարը, դա քաղաքագիտական մանիպուլյացիա է, որն անում են համապատասխան տեղից: Մենք բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն չենք առաջարկում, չենք ասում՝ ձեր թեկնածուին մի' առաջադրեք: Մենք ասում ենք՝ նայեք ձեր հարմարությանը» - ընդգծեց նա: