Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքը հարկային բեռի ավելացման եւ թանկացումների դեմ երթ է նախաձեռնում հունվարի 19-ին եւ այդ մասին կոչով դիմել է քաղաքացիներին: «Ելք»-ի նախաձեռնությունը քաղաքական օրակարգի իմաստով միանգամայն համարժեք է եւ այդ իմաստով ձեռնոց է ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ խորհրդարանում երկրորդ ուժ համարվող «Ծառուկյան» դաշինքին:
Դա գործնականում «Ելք»-ի նոր առաջարկն է դաշինքին, նախագահի թեկնածության շուրջ գործակցելու առաջարկից հետո, որը փաստացի մերժվեց: Ընդ որում՝ այդ հարցում «Ծառուկյան» դաշինքի մերժումը, խոշոր հաշվով, միանգամայն տրամաբանված ու ռացիոնալ էր: Ինչ կանի դաշինքը «Ելք»-ի երկրորդ նախաձեռնության կամ առաջարկի դեպքում: Այստեղ, իհարկե, ուղիղ, անմիջական իմաստով առաջարկ չկա, սակայն իրավիճակը բավական պարզ է՝ «Ելք»-ն անում է այն, ինչ առկա իրադրությունում պետք է անի ընդդիմադիր ուժը:
«Ծառուկյան» դաշինքը եւս հայտարարում է ընդդիմություն լինելու մասին, ինչպես նաեւ հանդես գալիս սոցիալ-տնտեսական քաղաքականության քննադատությամբ եւ թանկացումների վերաբերյալ կոշտ ընդդիմախոսությամբ: Հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչ փաստարկով դաշինքը չպետք է միանա «Ելք»-ին կամ ի՞նչ տրամաբանությամբ եւ փաստարկով պետք է մնա «Ելք»-ի նախաձեռնությանն անտարբեր:
Մյուս կողմից՝ «Ելք»-ի նախաձեռնությունն ինքը դեռեւս ամբողջական չէ, այն իմաստով, որ դեռ պարզ չէ երկու բան. նախ՝ թե խորհրդարանի ընտրությանը 120 հազար ձայն ստացած «Ելք»-ը, որի կեսից ավելին Երեւանում, իր ձայների կամ ընտրողների քանի տոկոսին կկարողանա մոբիլիզացնել թանկացումների դեմ երթի համար, իսկ մյուսը՝ թե «Ելք»-ն ինչ կարգախոսներով եւ ինչ պահանջներով է հանդես գալու, այսինքն՝ լինելո՞ւ են արդյոք տնտեսական քաղաքականության շատ կոնկրետ եւ ռացիոնալ պահանջներ, որոնք կկրեն ոչ միայն հռչակագրային-հռետորական ընդդիմախոսության բնույթ:
Վերջին հաշվով, այդ երկու հանգամանքից է կախված լինելու քաղաքական նախաձեռնության ամբողջական կշիռը եւ հեռանկարը, լրջությունը:
Մյուս կողմից՝ խնդիրն ունի մեկ այլ ուշագրավ նրբերանգ՝ «Ելք»-ի նախաձեռնությունը իշխանության հատկապես որ կենտրոնին է թիրախավորելու՝ նախագահի՞ն, որին կասկածում են նաեւ ապրիլից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու համար, եւ ինչին բացահայտորեն դեմ է հանդես գալիս «Ելք»-ը, թե՞ վարչապետին: Մեկ այլ հարց է այն, թե արդյոք այդ հարցում «Ելք»-ն ունի՞ կուռ եւ խորը միատարրություն:
Խնդիրն այն է, որ այստեղ «Ծառուկյան» դաշինքի դերակատարումը ինքնին ուշագրավ է՝ անկախ «Ելք»-ի նախաձեռնությունից: Ապրիլին ընդառաջ ի՞նչ է անելու դաշինքը: Եթե փոքր-ինչ պարզունակ եւ կոպիտ ձեւակերպենք հարցը՝ դաշինքն աջակցելու է Սերժ Սարգսյանի՞ հետնախագահական պլաններին, թե՞ ոչ: Կամ՝ Սերժ Սարգսյանի բոլոր պլաններին աջակցելու է ապրիորի՞, թե՞ կախված է լինելու քննարկումներից, որ կունենա Գագիկ Ծառուկյանը Սարգսյանի հետ, ինչպես նաեւ այն հանգամանքից, թե արդյոք Կարեն եւ Սամվել Կարապետյանները վարչապետի պաշտոնի հարցում, այսպես ասած, կպայքարեն եւ այդ պայքարում կփորձեն ստանալ Ծառուկյանի աջակցությունը:
Համենայնդեպս, առայժմ կարծես թե ապրիլին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքի հռետորաբանությունը կառավարության հանդեպ ավելի ու ավելի կոշտանում է: Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյոք ապրիլի հարցում չեն բաժանվում «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի շահերը, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ «Ելք»-ի բավական սուր թիրախում է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: