կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 15:43
Տնտեսական

Տնտեսական հարաբերություններում շանտաժն անընդունելի է. Վահագն Խաչատրյան

Տնտեսական հարաբերություններում շանտաժն անընդունելի է. Վահագն Խաչատրյան

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` կառավարությունը պետք է ավելի խստացնի տնտեսության ոլորտին վերաբերող բացահայտումները: «Պետք է լայնամասշտաբ գործողություններ իրականացվեն, քանի որ տնտեսության մեջ առկա ստվերը, կոռուպցիոն երևույթները մեր պատկերացրածից ավելի շատ են»,- այս մասին «Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ ասաց նա:

Ըստ տնտեսագետի` այսօր Հայաստանում ցանկացած բնագավառ ուսումնասիրելիս հնարավոր է կոռուպցիոն երևույթներ բացահայտել: Դրա վկայությունը, ըստ նրա, միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցներն են: «Ցավոք, կոռուպցիան գործարարների կողմից չէ միայն դրսևորվում, մենք օրենքներ գրելիս անգամ կոռուպցիոն ռիսկեր ենք թողնում, ինչից օգտվում են ոլորտի պատասխանատուները և իրենց ծանոթ շրջանակին հուշում` ինչպես շրջանցել օրենքը»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում բացահայտված հարկային մեքենայությունների և բացահայտմանը հաջորդած թանկացումների մասին` նա նշեց. «Սուպերմարկետների ղեկավարները չեն գիտակցում, որ սպառողն է գին որոշողը, ոչ թե իրենք, և եթե սպառողը չցանկանարգնել այդ ապրանքը, դրանից միայն սուպերմարկետն է տուժելու»:

Խաչատրյանի կարծիքով` տնտեսական հարաբերություններում շանտաժն անընդունելի է:

Տնտեսագետի գնահատմամբ՝ ՀՀ-ում մանրածախ ապրանքների գները սահմանվում են ոչ թե շուկայական ընդունված սկզբունքներով, այլ մի տեղից՝ զուտ անձնական պայմանավորվածությունների հիման վրա: «Այսօր դժվար է ասել, թե այս մարդիկ կարող են աշխատել մաքուր օրենքի դաշտում, քանի որ իրենք գործարար են դարձել ոչ թե իրենց խելամտության, բիզնես մտածողության, ընդունակությունների ու նորարարությունների հաշվին, այլ նրա հաշվին, թե ինչքանով են մոտ եղել իշխանություններին»,- ասաց նա` միևնույն ժամանակ նշելով, որ խախտումների դեպքում նշանակված տույժ- տուգանքներն էլ իրենց հերթին պետք է լինեն խելամտության սահմանում, և բոլոր նկատմամբ պետք է հավասար մեխանիզմներ լինեն: