կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 15:07
Տնտեսական

Գազի հարցն ավելի շատ Հայաստանի ներքին խնդիր է, քան արտաքին. Վահագն Խաչատրյան

Գազի հարցն ավելի շատ Հայաստանի ներքին խնդիր է, քան արտաքին. Վահագն Խաչատրյան

Մենք 3.5 տարի փոխում էինք մեր բոլոր ստանդարտները, բայց հիմա այդ ամենը մի կողմ ենք դնում եւ գնում բոլորովին այլ ուղղությամբ. լրագրողներին այսօր ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը` նշելով, որ Եվրամիության հետ Հայաստանը կատարել է անհամեմատ ավելի շատ առեւտուր, քան Մաքսային միության անդամ երկրների: Ըստ նրա` այստեղ մի խնդիր կա` երբ մենք ՄՄ-ի հետ ենք սկսում համագործակցել, 100 տոկոսով փոխում ենք մեր արտաքին առեւտրի քաղաքականությունը:

 

«Հիմա մտնում ենք ՄՄ, որի հիմնական նպատակն է ներքին շուկան պահելը: Այստեղ Ռուսաստանի հարցերն ենք լուծում, քանի որ ինքը որոշել է զարգացնել մեքենաշինությունը, այլ ոլորտներ...»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

 

Մաքսային միությանն անդամակցելու նպատակահարմարության նշվող պատճառներից մեկի` գազի հարցի կապակցությամբ էլ բանախոսը նշեց, որ միգուցե գազը Հայաստանի համար  շատ կարեւոր է, բայց այդ խնդիրն ավելի շատ մեր ներքին խնդիրն է, քան արտաքին:

Իր ասածը նա պարզաբանեց, որ պետության կամ գուցե էներգետիկայի նախարարության մեղքով շուրջ 150 միլիոն դոլարի պարտք է գոյացել գազի դիմաց:

 

Նրա ներկայացմամբ` այստեղ ուրիշ խնդիր կա:

«Իսկ ո՞վ ասաց, որ սպառողների համար գազի գինը պետք է լինի 156 հազար դրամ: Որովհետեւ չի կարող 180 դոլարով գազ գնել, ու վաճառել 400 դոլարով»,- նշեց բանախոսը' սրանով պարզաբանելով իր այն տեսակետը, որ գազի հարցն ավելի շատ ներքին խնդիր է Հայաստանի համար, քան Մաքսային միությանն անդամակցելու դրդապատճառ:

 

Նրա հավաստմամբ` ոչ ոք չգիտի, թե ինչ պայմաններ են առաջարկվելու հայկական կողմին, ինչ հիմքեր են հաշվի առնվել նման կարեւոր քաղաքական որոշում կայացնելու հարցում, ինչպես են հաշվարկվել մեզ համար կարեւոր ու շահավետ կողմերն ու վնասները եւ այլն

 

«Մեր իշխանությունը փորձում է մեր փոխարեն իր հարցերը լուծել, ասում է` լավ տեղ ենք գնում, մեզ վստահեք, բայց ես չեմ ուզում վստահել»,- ասաց Վահագն Խաչատրյանը: