կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 18:45
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի շանտաժն արդյո՞ւնք է տալիս

Ադրբեջանի շանտաժն արդյո՞ւնք է տալիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային իրենց վերջին այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը: Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, հայտարարության մեջ նշված չէ:

 

Պաշտոնական Բաքուն, սակայն, համառորեն պնդում է, թե դրանք վերաբերում են խաղաղության մեծ պայմանագրի մշակմանն անցնելուն: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում օրեր առաջ հայտարարեց, թե Ադրբեջանը, իբր, ընդունել է խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը:

 

Մինչդեռ հայկական կողմը կտրականապես հերքում է, որ համանախագահները ընդհանրապես հենց այդպիսի առաջարկություն են ներկայացրել: ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Մամեդյարովի հայտարարությունները մեկնաբանելով, նշել է, թե առաջարկները վերաբերել են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, իսկ այն, ինչի մասին խոսում է Բաքուն, ընդամենը բանակցությունների իմիտացիա ստեղծելու անհաջող փորձ է:

 

Խնդիրն այն է, սակայն, որ խաղաղության համաձայնագրի մշակմանն անցնելու հարցը հստակ դրված է բանակցային օրակարգում՝ անկախ նրանից՝ Երևանն ուզո՞ւմ է խոստովանել այդ փաստը, թե՞ ոչ: ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ժամանակ առնվազն երկու անգամ հաստատել է այդ իրողությունը: Ստեփանակերտում «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ առաջարկներով են այս անգամ համանախագահները եկել տարածաշրջան, նա ասում է, թե չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է հանգեցնել խաղաղության մասին համաձայնագրի: Ուորլիքն օգտագործում է տերմիններ ու բառակապակցություններ, որոնք, հատկապես, այսպես կոչված, «մադրիդյան գործընթացի» շրջանակում նախկինում երբևէ չէին օգտագործվում հակամարտության կարգավորման պրոցեսում: Երևանում «Մեդիամաքս»-ի հետ ունեցած ծավալուն հարցազրույցում Ուորլիքը ոչ միայն բացատրում է այդ հանգամանքը, այլև գործնականում հաստատում, որ նկատի ունի այն, ինչի մասին խոսում էր Ադրբեջանի արտգործնախարարը Թբիլիսիում: «Մարդիկ գուցե հարցնեն, թե ի՞նչ է դա ենթադրում: Դա հենց այն է, ինչ նշանակում է: Կարող եք լսել` ինչպես Բաքվում համապարփակ բանակցությունների կոչեր են հնչում, եւ եռանախագահները նույնպես այդ անվանումն են օգտագործում»,- ասում է Ուորլիքը՝ հավելելով, որ նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսումը, անգամ` դրանց իդեալական անցկացման դեպքում, բավարար չէ հաջողության հասնելու համար:

 

Սա պարզորոշ ակնարկ է նախագահների ֆորմատից դուրս նաև այլ ձևաչափով բանակցություններ սկսելու մասին: Ուորլիքի այս հայտարարությունները չափազանց թափանցիկ են՝ չհասկանալու համար, որ ՄԽ համանախագահները կամ առնվազն ԱՄՆ-ը փորձում են կենսագործել բանակցությունները կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարթությունից դեպի խաղաղության պայմանագրի տեքստի մշակման աշխատանքների դաշտ տեղափոխելու` Բաքվի «պլանները»: Մամեդյարովը Թբիլիսիում չի թաքցրել, որ դա իրենց գաղափարն է:

 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Բաքուն համառորեն ձգտում դրան, իսկ Վաշինգտոնը փորձում այն սպասարկել և փաթաթել հայկական կողմի պարանոցին: Ադրբեջանը փաստացի վիժեցրել է մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործընթացը՝ մերժելով համանախագահող երկրների ներկայացրած բոլոր առաջարկությունները: Բանակցությունները մտցնելով փակուղի՝ Ադրբեջանը զուգահեռաբար սանձազերծել է հյուծիչ դիվերսիոն պատերազմ, որի նպատակներից մեկը ՄԽ համանախագահների վրա ճնշում գործադրելն է, որպեսզի նրանք ստիպեն Հայաստանին դուրս գալ սկզբունքների համաձայնեցման դաշտից և սկսել խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացը: Բաքուն, այսպիսով, պատերազմ սկսելու սպառնալիքով շանտաժի է ենթարկում ՄԽ-ին, որի նպատակը բանակցությունները վերջնականապես ձախողելն է:

 

Դժվար չէ հասկանալ, որ եթե նույնիսկ կողմերն անցնեն համաձայնագրի մշակմանը, առանց կարգավորման հիմնական կետերի շուրջ համաձայնեցման հասնելու, ինչ-որ փուլում բանակցությունները կրկին մտնելու են փակուղի և այդ անգամ արդեն վերջնականապես: Դրանով Բաքուն կտապալի երեք հիմնարար սկզբունքներով, այդ թվում` նաև ազգերի ինքնորոշման սկզբունքով խնդիրը կարգավորելու հեռանկարը, և ԼՂՀ-ն վերջնականապես հակամարտության սուբյեկտից կվերածի օբյեկտի: Ստեփանակերտը կկորցնի բանակցային ֆորմատ վերադառնալու բոլոր հնարավորությունները:

 

ԱՄՆ-ի համար էականն այն է, որ բանակցային գործընթացը մեռյալ կետից կշարժվի, ինչը համարվում է տարածաշրջանում հարաբերական կայունությունը պահպանելու և պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը: Ահա, թե ինչու ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խուսափելով բանակցություններին ԼՂՀ-ի ներգրավման հնարավորության մասին հարցին ուղղակի պատասխանելուց, ընդամենը կարևորում է հակամարտության բոլոր կողմերի շահերը նկատի առնելու հանգամանքը: Իսկ որևէ կողմի, տվյալ դեպքում` ԼՂՀ-ի շահերը կարող են հաշվի առնվել նաև առանց նրա ուղղակի մասնակցության: Ողջ հարցն այն է՝ արդյո՞ք սա բոլոր երեք համանախագահող երկրների տեսակետն է, թե՞ միայն ԱՄՆ-ի:

 

Համանախագահների վերջին հայտարարության մեջ ադրբեջանական շանտաժին գնալու որևէ, անգամ թեթև ակնարկի նշան չկար: Սակայն նախորդ տարվա հոկտեմբերին Սարգսյան-Ալիև փարիզյան բանակցություններից հետո նաև Ֆրանսիայի նախագահն էր կողմերին կոչ արել հասարակություններին նախապատրաստել խաղաղության համաձայնագրին: ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություններից կարելի է հասկանալ, որ պաշտոնական Երևանն ընդդիմանում է այս ճնշմանը: Նախարարության մամլո խոսնակը Մամեդյարովի հայտարարություններին անդրադառնալիս նշել էր, թե համանախագահող երկրների առաջարկներն ամփոփված են այդ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում, իսկ դրանք վերաբերում են բացառապես կարգավորման սկզբունքների համաձայնեցմանը: Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաև նշել էին, թե կողմերի հետ պայմանավորվել են առաջիկայում նախագահների հանդիպում կազմակերպելու մասին, որին Ալիևը, դատելով Ուորլիքի վերոնշյալ հարցազրույցներից, արդեն համաձայնություն տվել է: Այն փաստը, որ համանախագահները որևէ կոնկրետացում չեն արել այդ հանդիպման ֆորմատի, ժամկետների մասին, թույլ է տալիս ենթադրել, որ Երևանը վերջնական համաձայնություն չի տվել: Իսկ դա կարող է պայմանավորված լինել հանուն խաղաղության ադրբեջանական «շանտաժին» տրվելու` համանախագահների դիրքորոշումը չընդունելու հանգամանքով:

 

Գևորգ Դարբինյան