Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում նկատվել է որոշակի դադար, ու դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, դա պետք է լրացվի, որովհետև ՀՀ-Իրան հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է ու բազմազան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հանդիպմանը, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը` ընդգծելով, որ իշխանությունները գալիս ու գնում են, բայց պետությունների բարեկամությունը հավերժ է:
«Ուզում եմ անդրադառնալ հայ-իրանական որոշ ծրագրերի, որոնք մեր երկիրը կարող են դարձնել բոլորովին այլ մակարդակի: Այդ ծրագրերից առաջինը Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքն է ու այդ միջանցքին Հայաստանի մաս կազմելու հանգամանքը: Իրանական կողմից նման ազդակ եղել է նաև Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում, երբ իրանական կողմը նախագահի շուրթերով ուղերձ հղեց Հայաստանին` մեր երկիրն այդ միջանցքի կարևորագույն բաղադրիչ տեսնելով: Պետք է դինամիկ իրավիճակներում կողմնորոշվելու ունակությյուններ ունենանք և կենտրոնանանք կենսական շահերի տեսանկյունից կարևոր ու իրականանալի ծրագրերի վրա: Իսկ դրանցից առաջինն իրականացնելու համար ընդամենը պետք է արագ ու որակյալ կառուցել Հյուիս-հարավ ավտոմայրուղին: Դա մեր պետությանը ոչ միայն տնտեսական զարգացում ունենալու, այլև նոր տարածաշրջանում նոր հարթության մեջ հայտնվելու հնարավորություն կտա»,- ասաց իրանագետը` ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականություն պայմաններում նմանատիպ ծրագրերի իրագործմամբ պետք է կարողանանք Հայաստանը դուրս բերել հնարավոր շրջափակումից:
Ոսկանյանը շեշտեց, թե առնվազն զարմանալի է` ինչու հայկական կողմը որոշակի քայլեր չի ձեռնարկում (կամ գուցե ձեռնարկում է, բայց դրա մասին հայտարարություններ չկան)` միանալու Եվրամիության երկրների կողմից Իրանի հանդեպ հայտարարված պատժամիջոցները շրջանցող փաստաթղթին:
«Հայաստանից Բոլթոնի արած հայտարարությունը մարտահրավեր էր հայ-իրանական հարաբերություններին, որովհետև մեր պետության տարածքից քննադատվում էր հարևան պետությունը, որի հետ մենք բավական բարձր մակարդակի հարաբերություն ունենք: Նրա հայտարարությունում մեկ այլ կարևոր հանգամանք կա` Հայաստան-Իրան սահմանի` իբր խնդրահարույց լինելու հանգամանքն է: Հայաստան-Իրան սահմանը աշխարհի հնագույն սահմաններից է: Այսօրվա Մերձավոր Արևելքում չենք գտնի 2500-ամյա կայուն ու անվտանգ սահման: Այս իմաստով կարծում եմ, որ այդպիսի հայտարարություններին մենք պետք է հստակ արձագանքենք, որվհետև այդ սահմանը չի կարող լինել խնդրահարույց երբևիցե ու որևէ պարագայում»,- ասաց իրանագետը:
Yerkir.am-ի հարցին` ստացվում է, որ Իրանի հետ հարաբերություններում` քաղաքական հայտարարությունների մակարդակում, իշխանությունները թերանում են, նա նախ պատասխանեց, որ Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման փուլում նույնիսկ Ադրբեջանը, որը թեև ծածուկ, բայց, ըստ էության, հակաիրանական գոյացություն է, բարոյական հարթության մեջ որոշակի ուղերձներ հղեց առ Իրան, թե իրենք չեն մասնակցելու այդ պատժամիջոցներին, ապա հավելեց. «Մեր կողմից նման ուղերձներ չեղան, բայց քաղաքականության մեջ մեր ծրագրումը պետք է լինի շատ ավելի մտածված, շատ ավելի խելամիտ, և պարզապես զուտ ուղերձը կարող է մեծ դերակատարում ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում»: