Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում Մարտի 1-ին նվիրված հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկած ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ի գնով իշխանության եկած մարդիկ երկիրը տարան կործանման: Նա ընդգծեց, որ վերջին վեց տարիների` 2008-2013թթ., ընթացքում հանրապետությունից հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ ՀՀ վիճպետկոմի, կազմել է 246 066 մարդ, որը հավասար է այսօրվա Գեղարքունիքի կամ Լոռու մարզի ազգաբնակչությանը: Հայաստանը վեց տարվա ընթացքում իր պետական պարտքը հասցրել է 4,5 մլրդ դոլարի՝ 2008 թվականի համեմատ այն ավելացնելով ավելի քան 2,5 անգամ, սակայն այդպես էլ չկարողանալով վերականգնել տնտեսության մինչճգնաժամային մակարդակը:
«Հայաստանը, ըստ էության, անցած նշված տարիներին կորցրեց իր մրցունակությունը ոչ միայն համաշխարհային մակարդակով, այլ նաև տարածաշրջանում` վերածվելով մի անհեռանկար, տնտեսական առումով անհետաքրքիր, կոռումպացված երկրի, որտեղ քաղաքացին, աշխատավորները, տնտեսավարողները, բիզնեսմենները, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսը, շնչահեղձ են լինում, այլևս չեն դիմանում պետական - իշխանական կազմակերպված թալանին: Իշխանության երևակայությունն էլ, պարզվում է, չափ ու սահման չի ճանաչում` գիշերը քնում, առավոտ արթնանում են՝ մարդկանց, սեփական երկրի քաղաքացիների գրպանները դատարկելու, կեղեքելու, թալանելու նոր ձևեր, մեթոդներ գտած: «Սասունցի Դավիթ» էպոսի հարկահավաք Բադինն ու Կոզբադինը սրանց շատ կնախանձեին»,-հայտարարեց Վահագն Խաչատրյանը:
Անդրադառնալով մի շարք խնդիրների, այդ թվում՝ պարտադիր կենսաթոշակայինի համակարգին, Խաչատրյանն ընդգծեց, որ իշխանությանը շտապ փող է անհրաժեշտ, այն էլ` շատ ու միանգամից:
«Պարտադիր կենսթոշակայինը լավագույն միջոցն էր՝ այս գաղափարը իրականացնելու, առավել ևս, որ կային նաև միջազգային հովանավորողներ»,-նշեց նա:
«Ինչպե՞ս են հիմնավորում այս համակարգի անհրաժեշտությունը: Նախ պարզվեց, որ հանձինս մեր իշխանավորների` երկրում հայտնվել են փրկիչներ, որոնք ավելի շատ են մտածում մեր քաղաքացիների մասին, չեն քնում, օր ու գիշեր տանջվում են, երազում են, որպեսզի այսօրվա երիտասարդներն ավելի բարեկեցիկ ծերություն ունենան` միջինը մի 35 տարի հետո: Նաև կանխատեսումներ են անում: Այս գործի լավագույն մասնագետը Տիգրան Սարգսյանն է, հիշո՞ւմ եք` տնտեսական ճգնաժամի ժամանակ ինչ «ճիշտ» կանխատեսում արեց, արդյունքում 9,2 % աճի փոխարեն ստացանք 14,5% անկում: Հետո պարզվեց, որ այդ ընթացքում մեր քաղաքացիները նաև կրթվելու հնարավորություն են ստանալու ամեն անգամ թոշակային կուտակային հաշիվների հետ ծանոթանալիս: Ի՞նչ ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները: Ընդամենը մեկ օրինակ` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, թոշակի անցնելուց հետո այսօրվա երիտասարդը մինչև տասներկու տարի ամեն ամիս կստանա այսօրվա 41000 դրամի համարժեք թոշակ, սրա մասին, իմիջիայլոց, լռում են: Այսինքն՝ բարեկեցիկ թոշակային կյանքի ամսական գինը 41000 դրամ է»,-նշեց նա:
Վահագն Խաչատրյանը մեկ անգամ եւս նշեց, որ սա ամենասովորական գրպանահատություն է, որի հեղինակը և իրականացնողը իշխանությունն է, քանի որ չկա որևէ երաշխիք, որ մարդկանցից ստիպողաբար վերցված գումարները, ի վերջո, ծառայելու են այսօր այդքան գովաբանված հեռու, շատ հեռու ժամանակների բարեկեցիկ ծերության ապահովմանը: