կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 14:47
Տնտեսական

Կառավարության նախորդ ծրագրում գոնե թվեր կային. Վահագն Խաչատրյան

Կառավարության նախորդ ծրագրում գոնե թվեր կային. Վահագն Խաչատրյան

Հնարավոր չէ կոնկրետ գնահատական տալ կառավարության ներկայացրած ծրագրին, քանի որ այնտեղ ներկայացված է ընդամենը 3-4 թիվ, իսկ ցանկացած տնտեսագետ, որպեսզի ճիշտ գնահատական տա, պետք է դա անի' ելնելով ներկայացված թվերից. լրագրողներին այսօր ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

 

«Ոչ ոք ինձ չի կարող ասել, թե 5,2 տոկոս տնտեսական աճն ինչ է տալու ՀՀ քաղաքացուն: Ասում են` 3 տարվա մեջ նվազագույն աշխատավարձը կդառնա 65 հազար դրամ, հիմա դա լա՞վ է, թե՞ վատ... Պատասխան չկա, կամ նույն ձեւով' եթե 2007, 2008, 2012, 2013 թվականների ծրագրերը վերցնենք ու փորձենք  համեմատել այս ծրագրի հետ, այնտեղ մի մեծ տարբերություն կա' նախկին ծրագրերում կային ե'ւ խոստումներ, ե'ւ թվեր, նաեւ` փիլիսոփայություն: Հիմա այս թվերը չկան»,- նշեց նա` հավելելով, թե, ամենայն հավանականությաբ, այն պատճառով, որ թվերի դեպքում միշտ պատասխանատվության հարց է  բարձրանում:

 

Նոր կառավարության ծրագրով դրված խնդիրները, նշեց  բանախոսը,  չեն համապատասխանում նաեւ 2014-2025 թվականների տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրին, նույնիսկ` կառավարության ու ԿԲ 2014-2015 թթ. ծրագրերին, եւ արդյունքում մի ծրագիր ունենք, որը կտրված է ամեն ինչից, եւ այդ ծրագրի մեջ մեզ հնարավորություն չի տրվում, լայն առումով, պատկերացում կազմել, թե ինչ է նախատեսվում: Նախկին ծրագրում, ըստ Խաչատրյանի, թվերն ավելի շատ էին, նոր ծրագրում' ավելի քիչ:

 

«Նախկինում մասնագիտական աշխատանք ավելի շատ կար' զուտ տնտեսագիտական առումով, որպես գործ` արված էր: Կարող ենք ասել' հետո՞ ինչ, որ այնտեղ խոստումներ էին տվել, բայց չեն կատարել, բայց գոնե այն առումով, որ դրանից քաղաքացիներն ու գործարարները կարող էին նաեւ պատկերացնել, թե ինչ է սպասվում ՀՀ-ին առաջիկա երեք տարիներին, գոնե թվային առումով կար:, Այստեղ այդ հնարավորությունն էլ չկա, պետք է մոտավորապես ենթադրություններ անել, կանխագուշակումներ անել, ու այդ գուշակություները հիմնված լինեն իշխանությունների առանձին ներկայացուցիչների խոսքերի, հայտարարարությունների կամ ԱԺ-ում հայտարարությունների վրա, որոնցից կարող էր պարզ լինել` օրինակ, պարզեցված հարկատեսակների ներդրում ՓՄՁ-ի համար, շեմի փոփոխություն եւ այլն»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

 

Մեկ այլ հանգամանքի վրա էլ ուշադրություն հրավիրեց բանախոսը' կառավարության նոր ծրագրով վերջնական խնդիր էլ, որպես այդպիսին, ձեւակերպված չէ, թե ինչ են ուզում անել, վերջ ի վերջո, աղքատությո՞ւն են վերացնում, գործազրկությո՞ւն են վերացնում, արտագա՞ղթն են վերացնում, թե՞ ուղղակի տնտեսական աճ են ապահովում կամ այլ խնդիր լուծում:

 

Մյուս հետաքրքիր հանգամանքը, որի վրա ուշադրություն հրավիրեց Վահագն Խաչատրյանն այն է, որ մեր տնտեսական անհաջողությունների հիմնավորումը  կառավարության ծրագրով պայմանավորվում է  գործող սահմանադրությամբ, քանի որ կառավարությունը խիստ կարեւորում է սահմանադրական փոփոխությունները:

 

Բոլոր դեպքերում' տնտեսագետը նույնն է համարում թե' նախկին, թե' ներկա կառավարության ծրագրերը եւ նշում, որ դրանք երկուսն էլ, ըստ էության, քաղաքական հարցեր չեն լուծում: