կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-14 15:49
Քաղաքական

Կարևոր է, որ արդյունքը դառնա անշրջելի. Թևան Պողոսյան

Կարևոր է, որ արդյունքը դառնա անշրջելի. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի կարծիքով` նոր կառավարության շուրջ պետք է լինի վստահություն: Այս մասին նա հայտարարեց այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Չէ՞ որ վստահել ենք այդ մարդուն, որ նա պետք է լինի վարչապետ, ուրեմն պետք է վստահենք առնվազն այն խնդրին, որ մինչ հիմա նա ինչ ասել, արել է: Առնվազն նա լավ հաշվարկել է, գտել ամենաճիշտ հնարավոր լուծումները: Արտակարգ կլիներ, որ Հայաստանում ապրեին 18 տարբեր ոլորտի Նոբելյան մրցանակակիրներ և նրանց հրավիրեինք կառավարություն, բայց չկան: Գտել ենք մեր եղած հնարավորություններից: Այդ թիմում այն մարդիկ են, ովքեր նախաձեռնել են այս ամենը, կամ տարբեր բանակցային խնդիրներից ելնելով` ընտրություն է կատարվել վարչապետի կողմից. առաջարկ է եղել, որ իրենք հենց ստանձնեն այդն պարտականությունները, ինչը հիմնված է նաև այդ վստահության պաշարի վրա»,- հայտարարեց նա:

Պողոսյանն ուրախ է, որ եկել են երիտասարդներ, որոնց մի մասը համակարգի հետ կապված չէ: «Երբ խոսում էինք համակարգային փոփոխություններից, երազում էինք դրա մասին: Եկել են մարդիկ, որ չունեն նախկին` տեղեկատվական որոշումներ կայացնելու «կապերը», սա հնարավորություն է տալիս իսկապես համակարգը փոխելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ ասում էի` եթե դուք երկու շաբաթվա մեջ չկտրեք այդ հին «կապերը», ապա համակարգը գամելու է ձեզ հին ասֆալտին»:

Պողոսյանը նշեց, որ ուրախ կլինի տեսնել, որ իսկապես այդ հին «կապերը» կտրվում են: «Գլխավոր խնդիրը, որ ես տեսնում եմ` ընկալումն է, որ այդ փոփոխությունը միայն այդ 18 հոգունը չէ, այդ փոքրիկ թիմինը չէ, այլ բոլորինս է.  արդյո՞ք ես փոխվել եմ ու ճիշտ եմ աշխատում, թե՞ մնալու եմ հին «կապերի» մեջ, օգտագործելու եմ հնարավորություններս ոչ ճիշտ ուղղությամբ»,- ասաց նա` շեշտելով, որ պետք է յուրաքանչյուրն իր պարտականությունն անի:

Ըստ Պողոսյանի` այդպես հնարավոր է վատ աշխատող նախարարին կամ նրա տեղակալին անվստահություն հայտնել, մանավանդ, որ օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս:

Նա կարևորեց, որ, ի վերջո, իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին` կազմակերպելով ազնիվ, արդար ընտրություններ: «Օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, կոռուպցիայի դեմ պայքարելու, ընտրական բոլոր ինստիտուտների փոփոխություններ, որոնք իսկապես կյանքի են կոչվելու, դատական համակարգի փոփոխություններ և այլն»,- ասաց Պողոսյանը, ապա նշեց, որ այդ բոլոր օրենքները պետք է շատ մանրակրկիտ ներկայացվեն հանրությանը: Իսկ դրա համար, նրա խոսքով, ժամանակ է պետք:

«Մեր բոլոր կառավարությունների մշտական խնդիրը եղել է այն, որ, շատ լավ գաղափարներ ձևավորելով, երբևէ չեն հաղորդակցվել հանրության հետ, դրա համար բոլոր բարեփոխումները չէին ընդունվում հանրության կողմից: Դրա համար էլ չունեինք արդյունք»,- ասաց նա:

Պողոսյանը կարևորեց կամքը, ոգեշնչումը, որ կա այսօր: «Կամքը, ցանկությունը, որ այսօրվանից ես այսպիսին եմ դառնալու, կարևոր է, բայց ինձ համար խնդիրը հետևյալը պետք է լինի` արդյո՞ք դա անշրջադարձելի է: Կարևոր են այն մեխանիզմները, որ այլևս դա չկրկնվի: Մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք` երբ գալիս է նոր մեկը, մաքսայինը 1 կամ 2 շաբաթ լավ է աշխատում, բայց հետո գալիս է համակարգի «կապերի» խնդիրը, և սկսում են քիչ-քիչ հետ գնալ: Ինձ համար գլխավորն է, որ արդյունքը դառնա անշրջելի»,- ընդգծեց նա:

Պողոսյանի կարծիքով` այս ոգեշնչման հիման վրա պետք է կարողանալ ամրագրել արդյունքները: «Դա մինչև չդառնա մեր ապրելաձևը, մենք ունենալու ենք այդ խնդիրը, իսկ այդպիսի բաները միանգամից տեղի չեն ունենում: Մենք շատ երկար նույն մշակույթը պետք է փորձարկենք, ստեղծենք մեխանիզմներ` թույլ չտալու համար, որ սա մնա այս քանի օրերի դրական պատմությունը, այլ դարձնենք մեր ամենօրյա կյանքը»,- եզրափակեց նա: