կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-12 13:34
Աշխարհ

ԻՇԻՊ-ը ահաբեկչություններով ցույց է տալիս, որ Եվրոպան այլևս հանգիստ կյանք չի ունենալու. Թևան Պողոսյան

ԻՇԻՊ-ը ահաբեկչություններով ցույց է տալիս,  որ Եվրոպան այլևս հանգիստ կյանք չի ունենալու. Թևան Պողոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, խոսելով Փարիզում Charlie Hebdo խմբագրատան դեմ կատարված ահաբեկչությանն ու դրան հաջորդող իրադարձությունների մասին, մեկնաբանելուց առաջ նախ հարց բարձրացրեց. «Ինչո՞ւ հենց հիմա, և ի՞նչ էին ուզում ասել այդ ահաբեկչությամբ»:


Պատգամավորի համոզմամբ` այդ ահաբեկչական գործողություններով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցանկացավ ասել` սրանից հետո մենք այլևս Մերձավոր Արևելքում չենք, այլ ամենուր ենք, երկրագնդի ցանկացած կետում, և սրանից հետո Եվրոպան չի ունենա հանգիստ կյանք:


Ըստ Թևան Պողոսյանի` Փարիզում երեկ տեղի ունեցած խաղաղության երթով բոլորը ցույց տվեցին, որ դեմ են այդ սպանություններին: Ըստ նրա` Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ եթե մարդը խնդիր ունի որևէ մեկի կամ ինստիտուտի հետ, ապա կարող է դիմել դատարան և պաշտպանել իր շահերը: Նույն Charlie Hebdo-ն տարիներ առաջ հրապարակել էր ծաղրանկարներ հուդայականության վերաբերյալ, հրեաները դատարան դիմեցին, շահեցին դատը, իսկ ծաղրանկարներ հրապարակած լրագրողներն ազատվեցին աշխատանքից:


Ըստ Թևան Պողոսյանի` այդ ահաբեկչության նպատակը ոչ թե պայքարն էր հանուն իրենց կրոնական արժեքների, այլ ուղերձ էր Եվրոպային` առ այն, որ ԻՇԻՊ-ը Եվրոպայում է, և որ օգտվելու են տեռորից` իրենց նպատակներին հասնելու համար:

 

«Պետք է հարգանքով վերաբերվել հավատքին, բայց նաև պետք է պաշտպանել սեփական իրավունքները և չարիքն ու հանցագործությունը անվանել չարիք և հանցագործություն»,- ասաց պատգամավորը:


Նա նաև հանդիմանում է Եվրոպայի երկակի ստանդարտները, որովհետև չի կարելի «Ալ Քաիդա» զարգացնել այլ երկրներում` նրանց ներքին կյանքի խառնվելու մղումով, որովհետև մի օր այդ «Ալ Քաիդան» խնդիրներ կառաջացնի հենց տվյալ երկրի ներսում: Ըստ բանախոսի` դեռ երկու տարի առաջ էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել, որ մուլտիկուլտուրալիզմ ծրագիրը մեռավ, առնվազն` Գերմանիայի համար: Մերկելից առաջ նման հայտարարություն էր արել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին:


«Հարցը Եվրոպայի վարած միգրացիոն քաղաքականության մեջ չէր, այլ` մարդկային ընկալումների: Այդ ահաբեկչությունը քաղաքական նկատառումներով հաշվարկված ծրագիր էր: Եվրոպան իր քաղաքականության մեջ պետք է շտկումներ անի»,- ասաց Թևան Պողոսյանը: