Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցությունը բերելու ենք մայիսի 8-ի` վարչապետի ընտրություններին. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանը պատասխանեց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, կատարել բոլորովին այլ բան քաղաքական ուժի համար վտանգավոր է` իր հեռանկարն ունենալու առումով:
Նա նշեց, որ չի կարծում, թե այս պահին արտահերթ ընտրությունների գնալը բխում է ՀՀԿ-ի շահերից: «Եթե իրենց հայտարարությունից դուրս քայլ անեն, ի՞նչ ռեսուրսներով կմասնակցեն արտահերթ ընտրություններին: Ռեյտինգայինն էլ չի օգնի: Բոլորի շահերից է բխում, որ տեղի ունենա վարչապետի ընտրություն, և Նիկոլ Փաշինյանն ընտրվի: Սա կլինի միակ ճիշտ լուծումը»,- ասաց պատգամավորը:
Ռուստամյանն ընդգծեց, որ կա ժողովրդի հստակ պահանջ, և սա պետք է գիտակցեն քաղաքական ուժերը` անկախ նրանից` ով է ձևավորել այդ պահանջը: «Ոչ մի այլ լուծում ժողովուրդը չի ընդունելու: Չպետք է ավելորդ մարտավարական տրամաբանության մեջ տեղափոխել հարցերը: Այն, ինչ դե ֆակտո կա, դե յուրե պետք է արձանագրել»,- ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների ժամկետներին` Ռուստամյանը նշեց, որ ինքնանպատակ ժամկետ նշելը ճիշտ չէ: «Մի քանի քայլեր պետք է արվեն, որ այդ ընտրությունները կասկածի տակ չդրվեն: Ընտրական օրենսգիրքը նախևառաջ պետք է փոխվի, սարքավորումները պետք է դրվեն բոլոր ընտրատեղամասերում, որ կրկնաքվեարկությունները բացառվեն: Առաջին քայլերից մեկը պետք է լինի այն, որ վարչապետի լիազորությունները պետք է նվազեցվեն: Հավասար պայմաններ պետք է ստեղծվեն, որ բոլոր ուժերը հավասար պայմաններով գնան ընտրությունների»,- հայտարարեց նա:
Հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ն չունի կառավարության մաս կազմելու ակնկալիք, Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք նման ակնկալիք չունեն, բայց ուզում են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի և լուծի իր առջև դրած խնդիրները: «Մեր բոլոր կարողություններով աջակցելու ենք, որ դա հաջողվի»,- նշեց նա։
Ռուստամյանը նաև նշեց, որ ինքն ազգային համաձայնության կառավարություն ստեղծելը տրամաբանական է համարում։ Ինչ վերաբերում է հարցին` ինքն անձամբ իրեն տեսնո՞ւմ է կառավարությունում, նա ասաց. «Անձամբ ես չեմ հավակնում և չեմ պատրաստվում մտնել կառավարության կազմի մեջ, բայց մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»:
Պատգամավորը հավելեց, որ ՀՅԴ-ն իր բոլոր կարողություններով աջակցելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողվի: Ըստ Ռուստամյանի` եթե նոր կառավարությունն արդար Հայաստան է ուզում, դրա լուծումը ճիշտ կադրային քաղաքականությունն է: